Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ ՈՒ ՃԻՇՏ ԹՎԵՐԸ – 2

Հունվար 10,2009 00:00

Իրական եւ գործող գիտնականներին Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել

Անցած դարի 50-ական թվականներից շատ «տարօրինակ գործընթաց» էր սկսվել Չինաստանում՝ երեւույթ, որը նոր է ինչ-որ չափով հասկանալի դառնում: Չինաստանը լքում էին տասնյակ հազարավոր ուսման ծարավ երիտասարդներ եւ հնարավոր բոլոր եղանակներով փորձում էին տեղավորվել եւ մնալ աշխարհի լավագույն գիտական կենտրոններում: Նույնիսկ հայ աղջկա հետ ամուսնանալու պատճառով (թե՞ միջոցով) Հայաստան էլ մարդ եկավ եւ տեղավորվեց Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում: Եկավ մի պահ, երբ մեզ համար անհասկանալի հրահանգով, ամբողջ աշխարհից սկսեցին Չինաստան վերադառնալ արդեն պատրաստի հասուն մասնագետներ, որոնք ֆանտաստիկ տեմպերով սկսեցին զարգացնել չինական գիտության բոլոր բնագավառները:

Շատ կցանկանայի, որ վերջին տասնամյակին գիտնականների Հայաստանից հեռանալն էլ կապված լիներ նման մի նպատակային պրոցեսի հետ: Բայց կան մի քանի ակնառու պատճառներ, որոնք թույլ չեն տալիս նույնիսկ երազել նման բանի մասին: Առաջինն այն է, որ նման բարդ պրոցեսները կազմակերպող «մտավոր» կենտրոնները չկան: Երկրորդ, գիտության այն բնագավառները, որոնցում աշխատում են Հայաստանից հեռացած գիտնականները (տես «Հայկական գիտության սուտ ու ճիշտ թվերը», «Առավոտ», 12.12.2008), բոլորովին էլ մեր ապագան չեն, որովհետեւ «ամենաթանկարժեք» գիտություններով կարող են զբաղվել ամենահարուստ երկրները:

ՀՀ-ից գնացած գիտնականները, որոնք դեռ մշտական աշխատանք չեն ստացել արտասահմանում, հոդվածների տակ գրում են իրենց նախկին հայկական հիմնարկների անունը: Այս փաստը երկու ակնհայտ վնաս է բերում Հայաստանին: Առաջինը, խառնելով գիտության բնագավառի վիճակագրությունը, դժվարեցնում է ռեալ իրավիճակի գնահատականը: Երկրորդը, տեղական չինովնիկները, հաճույքով հաշվետվություններ տալով ՀՀ-ում չաշխատող գիտնականների գործերով, ավելացնում են հասարակությունը բարոյալքող ստի քանակը: Եվ այս ամենի համար դեռ պետք է վճարել: Եթե մի 10 տարի առաջ դեռ հնարավոր էր «նատուրայով» վճարել այս համագործակցության համար՝ անցյալից մնացած սովետական նյութական բարիքներ կային, ապա այս տարբերակն այլեւս չի աշխատում: Նախ՝ նյութական բարիքներն են վերջացել, երկրորդ՝ համագործակցության դիմացի կողմն էլ արդեն մեզ հետ աշխատելու համար փող է պահանջում: Իսկ հայկական գիտության առանց այն էլ սուղ միջոցները տրամադրել միայն այն բանի համար, որ դրսում արվող գործերի մեջ (թեկուզ եւ շատ որակով) մի երկու հայի համահեղինակ գրեն, կարծում եմ, անիմաստ ծախսեր են:

Միայն վերջին տասը տարում, եթե կուրորեն հավատանք չոր թվերին, հայ գիտնականները համահեղինակ են եղել 109 երկրների գիտնականների հետ: Շատ հուզիչ է հատկապես Գվադելուպայի եւ Մոնղոլիայի հետ համագործակցությունը: Աբսուրդի է հասնում համահեղինակների թիվը: Որպեսզի ավելի հասկանալի լինի՝ բացատրեմ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) օրինակով: Ինստիտուտ, որը եղել եւ մնում է Հայաստանում թիվ մեկը: Ընդունենք, որ ԵրՖԻ-ի 480 աշխատակիցներից 100-ը գիտության մարդիկ են: Եվ այս հարյուր գիտնականի միայն 2008-ին տպագրված 132 աշխատանքում կա 2567 համահեղինակ՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներից: Տեղի է ունենում պարզ խեղաթյուրում: Աշխարհի մի քանի խոշոր գիտական կենտրոններում, որոնք հիմնականում գտնվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, ինչ-որ նկատառումներով տարբեր երկրներից հավաքում են մեկ կամ մի քանի աշխատակից, որոնց դերակատարությունը, կարծում եմ, ավելի քան համեստ է ընդհանուր գործում: Ու ստացվում է, որ 2008-ին հրատարակված գործերով ամենաբարձր տեղը հայաստանցի գիտնականների մեջ զբաղեցնում է… Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնտեսվարը, որը զբաղված է հավաքարարներին՝ ավել եւ վարորդներին՝ վառելիք բաժանելով:

Ստորեւ բերված է աղյուսակ, ըստ իս, բավականին հետաքրքիր թվերով: Նորից օգտվել եմ «Thomson Reuters» կորպորացիայի «ISI Web of Knowledge» կայքի տվյալներից: Փորձել եմ հայկական գիտությունը բնութագրող թվերից հանել մի քանի արտասահմանյան համագործակցության տվյալներ: Աղյուսակում բերված է 1998թ. հունվարի 1-ից մինչեւ 2008թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակաշրջանում տպագրված այն գիտական հոդվածների վերլուծությունը, որոնց հեղինակների մեջ գոնե մեկը ներկայացրել է Հայաստանը: Նշեմ, որ այս ժամանակաշրջանում ՀՀ անունից տպագրվել է 4444 աշխատանք, որոնց վրա կա 25190 հղում եւ հ-ինդեքսն էլ 63 է:

Առաջին սյունակում բերված են այն հիմնական ոլորտների անունները, որտեղ աշխատում եւ տպագրվում են հայաստանցի գիտնականները: Վերջին երկու սյունակը նույն ժամանակահատվածի հայկական գիտության պատկերն է, բայց արդեն առանց միջազգային համագործակցության խեղաթյուրումների: Պարզապես, ընդհանուրից հանել եմ մի քանի համագործակցության տվյալներ՝ մի պարզ սկզբունքով: Երբ հոդվածն ունի մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրի հասնող համահեղինակ աշխարհի գրեթե բոլոր երկրներից, եւ նրանց մեջ մի քանիսն են Հայաստանից՝ հանել եմ ընդհանուր թվից: Մեզ հետ «սերտ» համագործակցող 109 երկրներից մնացել են 20-ը՝ բոլորն էլ արժանի երկրներ թե Եվրոպայից, թե մեզ հարեւան: Չնշեմ առանձին-առանձին, բայց բոլորն էլ մեզանից հարուստ երկրներ են: Ընդհանուր հոդվածների թիվ 4444-ից իջնում է 2500, հղումների թիվը 25190-ից՝ 2876, հ-ինդեքսն էլ 63-ից՝ 16:

Կարծում եմ, այս թվերն ավելի մոտ են հայաստանյան գիտության իրական պատկերին: Եվ երբ կարդում ես այս ավելի քան համեստ թվական տվյալներով աշխատանքների հեղինակների ցուցակը, արդեն պատկերն ավելի հասկանալի է: Չկան անհասկանալի ազգանուններ, չկան 10 տարում 100-ից ավելի հոդվածներ տպագրած հեղինակներ, իսկ ամսագրերը, որտեղ տպագրվել են այս գործերը, շատ ավելի համեստ տեղ են զբաղեցնում համաշխարհային գիտական գրականության մեջ: Փոխվում է նաեւ գիտության ոլորտների ներքին բաշխումը դեպի կենսա-բժշկական ուղղություններ, ինչն ավելի բնական է թե Հայաստանի ֆինանսների, թե պրոբլեմների տեսանկյունից: Միայն մի բան է մնում անփոփոխ՝ հումանիտար գիտությունների վիճակը՝ տխուր ու անհույս: Կարծում եմ, նախորդ հոդվածում դրված հարցերից մեկին, թե գիտության ո՞ր ուղղություններով աշխատող մարդիկ կան Հայաստանում, կարելի է պատասխանել: Միայն էթիկական նկատառումներով չեմ բերում ՀՀ-ում աշխատող եւ ամենաշատ տպագրվող հեղինակների ցուցակը: Նշեմ միայն, որ նրանց թիվը շատ մեծ չէ եւ ցանկացած կառույց, որը հավակնում է գիտության ոլորտը ՀՀ-ում կանոնակարգելու եւ կազմակերպելու գործին, կարող է մի քանի ամսում «անձամբ» ճանաչել բոլորին:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031