Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործընկերությո՞ւն, թե՞ «քցոցի»

Հունվար 10,2009 00:00

\"\"Վերահսկիչ պալատը նախորդ տարվա նոյեմբերին տեղեկացրեց, որ իրենց ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բյուջետային միջոցների վատնման դեպքեր, որոնցից երկուսի մասով նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել դատախազություն:
Դրանցից մեկը վերաբերում է «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ին (որի 51%-ի բաժնետերը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է՝ «Ճոյտ» մականվամբ), որը Հրազդան գետի հունի մաքրման, ափերի ամրացման համար պետությունից ստացել էր 190 մլն դրամի պատվեր, որից 157 մլն-ն ծախսել էր անորակ հենապատեր սարքելու եւ գետի հունից որոշ չափով աղբ հանելու վրա, իսկ 33 մլն-ը ծախսելու փաստաթղթային հիմնավորումներն այդպես էլ չէր կարողացել ներկայացնել: Եվ մինչ դատախազությունը կգտնի պետական «բուրդը» յուրացնողներին, «Էջմիածին ջրշինը» քաղհայցով դիմել է Երեւանի քաղաքացիական դատարան՝ մեղավորին սեփական սցենարով գտնելու նախաձեռնությամբ, պատճառաբանելով, որ պետությունից ստացած պատվերը չի կարողացել պատշաճ կատարել՝ «Բետարտշին» ՍՊԸ-ի մեղքով, քանի որ վերջինս իրեն մատակարարել է երկաթբետոնե անորակ բաքեր ու սալիկներ: Դրանք ճաքճքել են, ապամոնտաժվել, փոխվել հայցվորի հաշվին, բայց պետության պատվերի կատարման ժամկետները խախտելու համար «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից «Էջմիածին ջրշինը» տուգանվել է 10,59 մլն դրամով: Իսկ «Բետարտշինի» մեղքով «Էջմիածին ջրշինին» հասցված վնասի ընդհանուր չափը, վերջինիս պնդմամբ, կազմում է մոտ 36,5 մլն դրամ, որը «Բետարտշինը» փոխադարձ ակտով իբր ընդունել է:
Դատարանը՝ նախագահությամբ Տիգրան Պետրոսյանի (որը Արմավիրի մարզում աշխատելու տարիներից լավատեղյակ է տեղական իշխանիկների գործունեությանը), վճռեց բավարարել հայցը եւ «Բետարտշին» ընկերությունից՝ հօգուտ «Էջմիածին շրջինի», բռնագանձել 36,650 մլն դրամ՝ որպես պատճառված վնասի եւ անհիմն հարստացման գումար: Առաջին հայացքից արդարացի թվացող վճռի ենթատեքստում մի քանի կարեւոր «բայցեր» կան: Օրինակ, Հակոբ Հակոբյանը «Էջմիածին ջրշինի» 51%-ի փայատեր լինելուց զատ, նաեւ «Բետարտշինի» 70%-ի բաժնետերն է: Ստացվում է, որ Հ. Հակոբյանն ինքն իր դեմ է հայց տվել, որպեսզի կարողանա գումարը մի գրպանից մյո՞ւսը դնել: Ո՛չ, քանի որ «Բետարտշինի» ներկայացուցիչը դատարանում պնդել է, որ իրենց ընկերությունը չի կարողացել պարտավորությունները կատարել ոչ թե 70%-ի բաժնետիրոջ, այլ 20%-ի բաժնետեր Վարդան Մարգարյանի մեղքով. վերջինս, իբր, խախտել է արտադրական պայմանները, տեխնոլոգիան եւ անորակ արտադրանք տվել: Դատարանն այդ հանգամանքը հաշվի չի առել: Վ. Մարգարյանի համոզմամբ՝ իրեն դատաքննությունից հեռու պահելը մի նպատակ ուներ՝ Հակոբ Հակոբյանին ցանկալի վճիռ կայացնել՝ «Բետարտշինի» նկատմամբ առաջացնել արհեստական պարտք, ապա արհեստականորեն սնանկ ճանաչել եւ «Բետարտշինի» գույքը փոխանցել «Էջմիածին ջրշինին»: Այդ դեպքում «Բետարտշինը» իրավաբանորեն կխուսափի պետական հարկերի մուծումներից (մոտ 40 մլն դրամ), բայց իրականում սնանկ չի լինի, իսկ Հ. Հակոբյանի փայաբաժինը կմեծանա՝ Վ. Մարգարյանին դուրս մղելու հաշվին: Վերջինս գործի արհեստականությունը հիմնավորում է հետեւյալ կերպ. «Բետարտշինի» տնօրեն Արմեն Ղազարյանի՝ հանրապետությունից բացակայելու պատճառով ընկերության հետ կապված բոլոր փաստաթղթերը կնքել է նման լիազորություններ չունեցող անձը՝ տնօրենի պաշտոնակատար Սուսաննա Հարությունյանը: Նրան պաշտոնանկ անելու օրը Հ. Հակոբյանի կողմից նշանակված երկու ՍՊԸ-ների տնօրենները կազմել են 2 փաստաթուղթ՝ փոխադարձ ակտ եւ հաշիվ- ֆակտուրա, որոնց օրինականությունը կասկածելի է: Բայց դատարանը դրանք հիմք է ընդունել՝ առանց հիմնավորվածությունը ստուգելու:
Այդուհանդերձ, Վարդան Մարգարյանը գտնում է, որ խախտվել են իր նյութական եւ դատավարական իրավունքները ու վերաքննիչ բողոքով դիմել է վերադաս ատյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել