Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԸ ՊԱՐՏԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 10,2009 00:00
dat

Երեւանի քրեական դատարանում շուրջ 1 տարի քննվող Մեսրոպ Մաքոյանի սպանության գործի դատաքննությունը վաղուց վերածվել է «Մատաղիսի գործի», ինչին բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձել են:

Այս գործով ամբաստանյալները չորսն են. Սերոբ Տեր-Մելիքսեթյանը, Հրաչ Սահակյանը, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները: Նրանք մեղադրվում են 2005թ. օգոստոսի 11-ին Մեսրոպ Մաքոյանին սպանելու համար:

Հունվարի 10-ին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կկայացվի այս գործով դատավճիռը:

Այս դեպքում եւս քրեական գործերով վարույթի սահմանված կարգը պարտադիր չի եղել հետաքննության, նախաքննության, դատախազության եւ դատարանների համար, նախաքննության եւ հետաքննության նկատմամբ չի իրականացվել դատավարական ղեկավարում, ինչը դատախազի բացառիկ լիազորությունն է: Այս գործով նախաքննություն է իրականացվել հանցավոր մեթոդներով: Բռնություններ են կիրառվել վկաների, մեղադրյալների նկատմամբ, նրանց ազատությունից ապօրինաբար զրկել են, ծաղրի ենթարկել, դատավարության լեզվին չտիրապետող անձանց իրավունքների խախտմամբ ձեռք են բերվել «ապացույցներ», որոնք դրվել են քրեական գործի հիմքում:

«Առավոտը» նկարագրել էր դատական նիստերից մեկը, երբ Շենգավիթի ոստիկանների կողմից փորձ արվեց առեւանգել վկային, հրապարակվեց մի փաստաթուղթ, թե ինչպես էր քննիչը «կաշառք» խոստացել ամբաստանյալներից մեկին՝ ազատություն տալ նրան՝ իր ուզած ցուցմունքն ասելու դիմաց:

Մինչ Երեանի քրեական դատարան գալը, այս գործով անցել է 5 մեղադրյալ:

Նրանցից մեկը փախուստի մեջ է:

Հիշեցնենք, որ գործը 1 տարուց ավելի քննվել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, որտեղ ցուցմունք էին տվել 8 տասնակից ավելի վկաներ: Ապա քրեական վերաքննիչ դատարանը՝ «ոչ շիշը, ոչ քյաբաբը» տարբերակով գործն ուղարկում է առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով քննելու, սակայն գործը վարույթ չի ընդունվում: Փոխարենը նոր կազմավորված Երեւանի քրեական դատարանն է սկսում դատաքննությունների շարքը:

Այսպես, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանի կողմից կազմված մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Մեսրոպ Մաքոյանի հետ 2005 թ. օգոստոսի 11-ի գիշերը, Չեխովի փողոցում, գիշերվա ժ.1-ն անց 57-ին զրուցել է հորեղբոր տղան՝ բջջային հեռախոսով: Մեսրոպը տեղեկացրել է, որ գտնվում է մեքենայում, խնդրել է տուն զանգել, հայտնել, որ կուշանա: Հորեղբոր տղան անմիջապես կատարել է նրա խնդրանքը՝ մեկ րոպե անց հեռախոսով այդ մասին տեղեկացնելով Մեսրոպի հարազատներին: Սակայն նախաքննական մարմինը սպանության ժամ էր նշել այն նույն ժամը, երբ Մաքոյանը «զրուցում» էր հորեղբոր որդու հետ:

Մեսրոպի հայրը, հորեղբոր տղան ցուցմունք են տվել այդ ժամին տեղի ունեցած հեռախոսային խոսակցության մասին, այս փաստը հաստատվել է «ԱրմենՏել», «ՎիվաՍել» ընկերությունների պաշտոնական վերծանումներով:

Հետեւաբար, մահացած մարդը չէր կարող խոսել եւ հայտնել, թե գտնվում է մեքենայի մեջ: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե նա գտնվել է տաքսի ավտոմեքենայում, մինչդեռ մինչ օրս այդ ավտոմեքենան չի հայտնաբերվել, չի զննվել: Դեռեւս 2005թ. հոկտեմբերի 10-ին, քրեական դատավարությանը անհայտ ճանապարհով, ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանի առանձնասենյակում է հայտնվում «ապագա վկա» Մարինե Հակոբյանը, որը ցուցմունք է տալիս, որ Մեսրոպին ընդհանրապես չի ճանաչել, սպանության օրը եղել է հիվանդանոցում, խնամել է իրենց ընտանիքի մտերմուհի Տատյանա Մացեգորային, չի եղել դեպքի վայրում: Ոստիկանների սպառնալիքների արդյունքում Մ.Հակոբյանը տարբեր ցուցմունքներ է տալիս, մեկումեջ փոփոխելով սպանություն կատարող անձանց շրջանակը:

Վերջինս թվարկել է սպանվողի ձեռքերը բռնածների անունները. «Տուռո», «Միկա», «Արտյոմ», «Կուկու», ընդ որում՝ առաջին երկու անձնավորությունները, ըստ գործում եղած տվյալների, իրոք այդ օրը եղել են հարբած եւ «երակները լցրած» (թմրանյութ ներարկած-Ռ.Մ.) վիճակում, առնչվել են Մեսրոպի դիակի հետ, դրանից հետո դիմել են փախուստի: Իսկ «Օպել Վեկտրա» ավտոմեքենան, որով նրանք եղել են սպանության օրը, դեպքից 10 օր հետո վաճառել են, հետեւաբար՝ այդ մեքենան նույնպես զննության չի ենթարկվել: «Տուռոն» սպանությունից հետո 10 օր տանը չի գիշերել:

Ըստ ամբաստանյալների պաշտպանների, բջջայինի վրայի մատնահետքերը նույնպես չեն ստուգվել, չկան Մեսրոպի՝ օգոստոսի 10-ի բջջային խոսակցությունների վերծանումները: «Միկա» անունով Միքայել Բուռնաչյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումներում թեեւ կար «ապե, զգույշ կլինեք, մարդ են բռնել» հաղորդագրությունը, սակայն դա էլ իրավական գնահատական չի ստացել:

26 էջանոց մեղադրականում շեշտվել են Արտյոմ Աղարումյանի, Միքայել Բուռնաչյանի անունները, որոնք սպանության օրը, գիշերը եղել են Չեխովի փողոցում, սակայն նրանց նկատմամբ, հանցակազմի բացակայության հիմքով, գործ չի հարուցվել:

Թե նախաքննությամբ, թե դատաքննությամբ ապացուցվել է, որ սպանության ժամին եւ դրանից հետո ամբաստանյալներ Մկրտչյանները դեպքի վայրում չեն եղել, այսինքն, ապացուցվել է նրանց այլուրեքությունը (ալիբին):

Շենգավիթ համայնքի դատարանը ռիսկի չգնաց նաեւ այդ պատճառով, գործն ուղարկեց լրացուցիչ քննության: Ըստ դատարանի որոշման, «մեղադրական եզրակացությունը կազմելիս նախաքննության մարմինը հաճախ խեղաթյուրել է փաստերը, դրանք չեն համապատասխանում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին»:

Ամանորի նախօրեին ընթացած դատական նիստի ժամանակ մեղադրող Գայանե Լյուդվիգյանն ու Ա.Դավթյանը հանդես եկան՝ Սերոբ Տեր-Մելիքսեթյանին, Հրաչ Սահակյանին, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյաններին, համապատասխանաբար, 15, 15, 13 եւ 12 տարվա ազատազրկման դատապարտելու միջնորդությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031