Այս օրերին Էջմիածնում սոված մարդ չես տեսնի: Փառք Աստծո, բոլորը
կուշտ են: Բայց կուշտ լինելը դեռ ուրախ լինելու գրավականը չէ, մանավանդ
որ՝ կուշտն ամենեւին էլ կշտացածը չէ: Այսօրվա եղածը կսպառվի, իսկ վաղվա համար ոչ մի երաշխիք չկա, որ մարդն անաշխատանք չի մնա:
Տոներն անցան: Առջեւում՝ քաղաքապետարանի աշխատողների համար սպասումներով ու տագնապներով լի օրերն են: Եթե քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում, մասնավորաբար՝ Ռուսաստանի պատվերով ինքնաթիռաշինության մեջ օգտագործվող դետալներ արտադրող կույրերի միավորումում տնտեսական ճգնաժամը ամիսներ առաջ արդեն զգացնել տվեց, ապա վարչական մարմիններում դրա ազդեցությունը նոր-նոր են զգում: Արդեն խոսվում է քաղաքապետարանի աշխատակազմի հնարավոր կրճատումների մասին: Թեեւ խոսակցությունները եղել են դեռեւս նոյեմբեր ամսից, բայց քանի որ համայնքի նորընտիր ղեկավարը շնորհավորանքներից աչք չէր բացում, կրճատվողներով զբաղվելու ժամանակ չեղավ: Հետո էլ տոները մոտեցան, եւ դեկտեմբերից քաղաքապետարանն իր ողջ կազմով սկսեց տոնածառի պատրաստություն տեսնել. քաղաքն էին զուգում:
Տնտեսական ճգնաժամի ազդեցությունը որեւէ կերպ չարտացոլվեց Էջմիածնի տոնական տեսքի վրա: Ինչպես նախորդ, այս տարի նույնպես տեղական իշխանությունները ոչինչ չխնայեցին քաղաքի կենտրոնական փողոցները հավուր պատշաճի գեղեցկացնելու եւ հազարավոր լույսերով ողողելու համար: Միայն ափսոս, որ փողոցների ձյունը չմաքրեցին՝ դժգոհ թողնելով թե՛ հետիոտներին, թե՛ վարորդներին, հատկապես՝ տաքսիների:
Այստեղ ասում են, թե փողոցները դիտավորյալ չեն մաքրում, որպեսզի աղ ու ավազից ասֆալտը չքայքայվի: Դա, ասում են, գեներալ Մանվելի պահանջով է, ով մի առիթով դժգոհել է, թե չի պատրաստվում փչացնել ասֆալտը, որ հետո նոր ծախսեր անի՝ վերանորոգի: Պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը քաղաքապետարանում որեւէ պաշտոն չունի, նրա տղան՝ Կարենն է Էջմիածնի քաղաքապետը: Իսկ անցած երեք տարիներին Կարենը փոխքաղաքապետն էր:
Իսկ թե ինչ է կատարվում ձնհալի ժամանակ՝ նկարագրում են էջմիածինցիները: Ըստ նրանց, կենտրոնական փողոցը գետ է դառնում ու հոսում: «Ջուրը թափվելու տեղ չունի, որովհետեւ փողոցների ջրահեռացման բոլոր հորերը փակել են, թողել ասֆալտի տակ»,- ասում են էջմիածինցիները: Քաղաքի բնակիչների կարծիքով, դա էլ է մտածված արվել՝ ապահովելու համար գեներալի անվտանգությունը: Իսկ որ գեներալն իրեն այլեւս անվտանգ ու ապահով է զգում՝ նկատում են նույնիսկ շարքային քաղաքացիները: Նրանց փոխանցմամբ՝ նախկինում նրան քայլելիս չեն տեսել, իսկ հիմա ոչ միայն ազատ քայլում է, այլեւ երկար կանգնում որեւէ օբյեկտի առաջ ու ցուցումներ տալիս դրա տիրոջը: Ասում են՝ իբր մտահոգվում է Էջմիածնի ու էջմիածինցիների կյանքով: Վերջինների թվում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներն են, որոնք Ամանորից Ամանոր գեներալից ու նրա քաղաքապետ որդուց օգնություն են սպասում: Եթե ֆինանսատնտեսական ճգնաժամն ի զորու չեղավ զսպելու քաղաքի տեսքի եւ երգիչ-երգչուհիների համար արվող տեղական բյուջեի շռայլ ծախսերը, ապա սոցիալապես խոցելի շերտին օգնելու հարցումքաղաքապետարանը բավականին զուսպ գտնվեց: Ֆինանսական օգնություն սպասողներն այդպես էլ մնացին սպասելով: Նոր տարվա շեմին քաղաքապետարանը գազի վառարաններ նվիրեց միայն մի քանի տասնյակ անապահով ընտանիքների եւ 50 000-ական դրամ էլ դեկտեմբերի 31-ին ծնված երեք փոքրիկներին:
Հ. Գ. Հայաստանում մինչ օրս մեկ դեպք էր եղել, երբ զոդվել էին հորերի կափարիչները. այդ օրերին Հայաստանում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ամեն ինչ արվել էր պատկան մարմինների գիտությամբ: ՀՀ-ում «վերեւների» օրինակը վարակիչ է: Այնպես որ, կա հավանականություն, որ Կապանն ու Գորիսը կարժանանան Էջմիածնի բախտին՝ վասն Սուրիկ Խաչատրյանի, Գյումրին՝ վասն Վարդան Ղուկասյանի եւ այսպես շարունակ:
Ի դեպ, երեկ Էջմիածնում արտակարգ պատահար է գրանցվել: Քաղաքի մի շարք փողոցներում խառնվել են կոյուղու եւ խմելու ջրերը: Բազմաթիվ մարդիկ հոսպիտալացվել են: Դեպքի պատճառներն ուսումնասիրվում են: