Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է վճարելու «ՎիվաՍելի» պարտքերը

Հունվար 10,2009 00:00

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը նախկին մարզպետին մեղադրում է պարտքեր կուտակելու ու չվճարելու մեջ:

Օրեր առաջ մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը պաշտոնաթող լինելուց առաջ 75 միլիոն դրամի պարտք է թողել մարզպետարանի «վզին»՝ այս կառույցի անունով «ՎիվաՍելից» բջջային հեռախոսահամարների փաթեթ գնելով ու պարտքերը չվճարելով: Փաթեթի մեջ ընդգրկված 7 հազար բաժանորդներից 3 հազարը՝ Շիրակի մարզի գյուղապետերը, դպրոցի տնօրենները եւ այլք, ընկեր Ռոմիկի հեռանալուց հետո երկար-բարակ խոսել ու հրաժարվել են հեռախոսավճարները մուծելուց: «ՎիվաՍելն» էլ պայմանագիրը ճիշտ ժամանակին լուծարելու փոխարեն, սկսել է «խեղդել» մարզպետարանին. ամսեամիս կլորիկ գումարով ավելացնում է պարտքի չափը: Այս հարցն այնքան է զայրացրել ու անհանգստացրել մարզպետ Լիդա Նանյանին, որ վերջինս իր տարեվերջյան ասուլիսում անգամ հարկ համարեց պարզաբանել, որ «մարզպետարանը որեւէ պարտք չունի», եւ հասկացրեց, որ «ՎիվաՍելը» թող իր գլխի ճարը ոնց ուզում է՝ տեսնի: «Մարզպետարանը «մարզպետարանի աշխատակազմի կառավարչական հիմնարկ» անվանումով «ՎիվաՍելի» հետ պայմանագիր է կնքել՝ ինչ-որ 6-7 հազար բաժանորդ են հավաքագրել եւ դա համարել են մարզպետարանի փաթեթ: Իհարկե, մարզպետարանից էլ աշխատողներ կան այդ փաթեթի մեջ՝ երեւի մի 20-30 աշխատակից, մնացած բոլորը դրսից են, տեղեկացված չեմ, թե ինչ պայմաններում են էդ փաթեթը, քարտերը տրամադրվել, նույնն էլ ներկայացրել են մեծ գումարի հասնող պարտքեր: Իհարկե, մեր կողմից գրություն է հղվել «ՎիվաՍելի» տնօրինությանը, որ էդ փաթեթը ընդհանրապես կապ չունի մարզպետարանի հետ: Իհարկե, եթե հարցը գա էդտեղ՝ մենք պատրաստ ենք դատական կարգով հարցը վիճարկել, մենք չգիտենք, թե ովքեր են էդ փաթեթի մեջ: Եվ մի բան ասեմ. ընդհանրապես չի թույլատրվում պետական կառույցը ինչ-որ փաթեթի մեջ ինչ-որ մարդկանց ներգրավի, դա ինչքան պրոբլեմներ, ինչքան հոգսեր է պարունակում, ի վերջո յուրաքանչյուր ամիս էդ փաթեթի կազմակերպությունը պատասխանատու է յուրաքանչյուր անձի հեռախոսավարձի համար, եւ ընդհանրապես ես գտնում եմ, որ շատ սխալ քաղաքականություն են վարել, շատ սխալ են արել, որ նման փաթեթ են ներդրել: Երբ «ՎիվաՍելը» մարզպետարանին գրեց, եւ քանդեցինք-նայեցինք դրա հիմքերը, ուզում էինք ի վերջո մենք էլ հասկանայինք՝ ի՞նչ է նշանակում 68, 88, 100 միլիոն պարտք, յուրաքանչյուր քաղաքացի կարող է խոսել մի հարյուր կամ միլիոն դրամի, եւ էդ մարդկանց անուն-ազգանունները մեզ անհայտ էին: Փաստորեն, լիազորագիր է տրվել մեր մի դպրոցի նախկին տնօրեններից մեկին, նրա ձեռքով է դա իրականացվել, եւ էսպիսի պատկեր է ստեղծվել: Ես գտնում եմ, որ մարզպետարանը, որպես այդպիսին, պարտավորություն չունի փաթեթի հանդեպ, մանավանդ՝ չկա գրված Շիրակի մարզպետարան, պայմանագրում գրված է՝ «Շիրակի մարզպետարանի պետական կառավարչական հիմնարկ», իսկ այդպիսի հիմնարկ գոյություն չունի, այսինքն՝ մենք ունենք հետագայում դատարաններում ապահովագրվելու հնարավորություն: Երեւի նախկին ղեկավարության կողմից լուրջ չի ընդունվել, չեն մտածել, որ պետության միջոցների հաշվին չի կարելի ինչ-որ մարդկանց ներգրավել, փաթեթ կազմել»,- ասաց Լ. Նանյանը: Եվ քանի որ նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը ժամանակին «ՎիվաՍելի» հետ պայմանագիր կնքելու համար լիազորել էր իր սանիկին՝ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, Գյումրիի թիվ 41 դպրոցի նախկին տնօրեն Արտակ Ավետիսյանին, «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե վերջապես ո՞վ է վճարելու փաթեթի բաժանորդների պարտքերը: «Ի՞նչ է նշանակում մարզպետարանը իրավունք չունի փաթեթ ձեռք բերել ու պայմանագիր կնքել «ՎիվաՍելի» հետ, առավել եւս, երբ «ՎիվաՍելը» այս քայլով էժան խոսելու շանս է ստեղծել, գնացեք Լոռու, Արմավիրի եւ այլ մարզպետարաններ ու հարցրեք՝ նրանք «ՎիվաՍելի» հետ այդպիսի պայմանագիր կնքե՞լ են, թե՞ ոչ: Բոլոր մարզպետարաններն էլ ունեն այդպիսի պայմանագրեր, իսկ եթե փաթեթի բաժանորդներից որեւէ մեկը խոսել ու չի վճարել, ապա յուրաքանչյուրը պետք է իր տեղը պատասխան տա, դա անհատի պրոբլեմն է, քանի որ փաթեթի մեջ ընդգրկված յուրաքանչյուր մարդ անհատական պայմանագիր ունի «ՎիվաՍելի» հետ, չլինի՞ նորից դաշնակցականներին վարկաբեկելու ձեւ են մշակել»,- զայրացած ասաց Արտակ Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել