Շտապօգնությունը զգուշացնում է. մի՛ կերեք անցյալ տարվա պատրաստած աղցաններ, խմորեղեն, խոզի բուդ ու այլ տեսակի սնունդ:
Նախորդ տարիների համեմատությամբ, այս տարի Ամանորի տոնական օրերին շտապօգնության կանչերը Երեւանում 16-17%-ով ավելացել են: Ընդ որում, բնակիչներն այս տարի հիմնականում գանգատվել են սրտանոթային հիվանդություններից: Բժիշկների ներկայացմամբ, պատճառն այն չէ, որ անցած՝ Առնետի տարին իր «կռիսությունն» արել է ու մարդկանց առողջությունը վնասել, այլ պարզապես նրանք, հատկապես տոն օրերին, մեծ քանակությամբ ճարպոտ սննդամթերք են օգտագործել, խմիչքներն են չարաշահել, ուշ ժամերին սնվել են եւ, որ ամենակարեւորն է, նստակյաց կյանք են վարել:
«Առավոտի» հետ զրույցում «Շտապօգնություն» ծառայության տնօրեն Արտյոմ Պետրոսյանն ասաց, որ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ն իրենք ստացել են 4393 կանչ, որը մոտ 500-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ա. Պետրոսյանն ասաց, որ այս տարի սննդային լուրջ թունավորումներ չեն եղել. «Հիմնականում եղել են ալկոհոլային թունավորումներ՝ օրական 4-7 դեպք, որը նորմայի մեջ է: Ստամոքսի խանգարումների կանչեր ունեցել ենք, որոնք այնքան էլ չի կարելի թունավորում համարել»: Նա խորհուրդ տվեց մեր քաղաքացիներին ճիշտ սնվել, որպեսզի նման դեպքերից խուսափեն: Ըստ Արտյոմ Պետրոսյանի, օրինակ՝ չի կարելի օղին խառնել կոնյակի հետ, շամպայնի հետ խաղող ուտել, խոզի մսից հետո հնդկահավի կամ այլ տեսակի միս օգտագործել. «Եթե մի տեսակի միս եք կերել, պետք չէ դրանից հետո՝ գառան, հետո հավի միս կամ էլ ձուկ ուտել: Կաթնամթերքն էլ չի կարելի թթվի հետ օգտագործել, չնայած՝ աղցանների մեջ շատ են նման խառնուրդներ լինում: Դրանք ստամոքսում խմորումներ են առաջացնում: Ճարպոտ սնունդը պետք է քիչ քանակությամբ օգտագործել: Բացի այդ, պետք է հեղուկը ուտելուց հետո խմել, ոչ թե՝ առաջ կամ ընթացքում: Ուտելիս էլ սնունդը պետք է լավ ծամել, որպեսզի հեշտ մարսվի: Այս կանոններին պետք է հետեւեն հատկապես մարսողական խնդիրներ ունեցողները, քանի որ ոչ ճիշտ սնվելն ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի նրանց»:
Առողջական խնդիրներ ավելի շատ առաջանում են հին սննդամթերք օգտագործելիս: Պարոն Պետրոսյանին անհանգստացնում է այն, որ տնային տնտեսուհիները մի քանի օրվա, ասենք, խոզի բուդն օգտագործում են այլ ճաշատեսակներ պատրաստելու համար. «Հայերը միանգամից մեծ քանակությամբ մթերք են գնում, որի մեծ մասը տոներին չի սպառվում, հետո էլ ափսոսում են թափել, ուստի օգտագործում են այլ տեսքով, սակայն դա հանգեցնում է թունավորումների»: «Շտապօգնություն» ծառայության պետը նշեց, որ այս տարի իրենց ստացած կանչերը մեծ մասամբ սրտանոթային գանգատներով են եղել, ինչը նաեւ պայմանավորված է եղել եղանակի կտրուկ փոփոխությամբ. «Բացի այդ, այս տոնական օրերին չէին աշխատում պոլիկլինիկաները եւ որոշ այլ բուժհաստատություններ, որոնք մշտական հսկողության տակ են պահում այս հիվանդներին: Չնայած դրան, այս տարի ավելի քիչ են եղել արտակարգ պատահարները, օրինակ՝ վթարներից տուժածներ գրեթե չունեինք, հրավառությունների պատճառով այրվածներ չկային, քանի որ Երեւանի քաղաքապետն արգելել էր մշտական դարձած հրավառությունները»: Ա. Պետրոսյանը կարեւորեց սրտանոթային հիվանդություններ ունեցողների օրվա ռեժիմի դինամիկությունը. «Չնայած դրսում ձյուն է, սակայն նրանք պետք է շատ շարժվեն»:
Նշենք, որ «Շտապօգնությունը» տոնական օրերին ծանրաբեռնված եւ ուժեղացված ռեժիմով է աշխատել: Ըստ պարոն Պետրոսյանի, դա անգամ հաճելի է եղել, քանի որ «ՎիվաՍելից» հեռախոսներ են նվեր ստացել, իսկ կանչերի հեռախոսահամարով՝ 1-03-ով, բազմաթիվ շնորհավորանքներ ու լավ մաղթանքներ են լսել. «Այն բնակարաններում, որտեղ մեր աշխատակիցները կարողացել են շուտ դրական արդյունքների հասնել, նրանց հրավիրել են տոնական սեղանի շուրջ՝ Ամանորը միասին նշելու, ինչին ես բոլորովին էլ դեմ չեմ»:
Քանի որ տոնական օրերն ու խնջույքները դեռ չեն ավարտվել, մենք առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սնուցման, սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ինչպես պետք է թունավորվելուց խուսափենք: Նրա կարծիքով՝ թունավորման վտանգ են պարունակում հիմնականում տան պայմաններում պատրաստված պահածոները. «Իսկ եթե մենք խոսում ենք Նոր տարվա սեղանի մթերքների մասին, ու քանի որ այդ նպատակով պատրաստված սնունդը օրեր շարունակ դրվում է սեղանին, ապա նշեմ, որ վաղօրոք պատրաստած սնունդը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ենթարկել կրկնակի ջերմային մշակման: Եթե անգամ ճաշատեսակները պատրաստել եք մի քանի ժամ առաջ, ապա մատուցելուց առաջ դրանք անհրաժեշտ է մեկ անգամ եւս ենթարկել ջերմային մշակման: Ճաշատեսակները պետք է ուտել պատրաստելուց անմիջապես հետո: Եթե պատրաստված սնունդը պահպանվում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում, դրանում սկսում են բազմանալ մանրէներ: Աղցանների մեջ օգտագործվող մայոնեզն ու թթվասերը խառնեք այն չափաքանակի հետ, որը դնելու եք սեղանին, քանի որ 2 ժամ հետո այն արդեն հին է համարվում»: