Նախկինում ԼՂՀ նախագահի օգնական Մանվել Սարգսյանն այնքան էլ չի հավատում ԼՂՀ խորհրդարանականների անկեղծությանը:
Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորաբար ասվում է, որ «ԼՂՀ-ն պատասխանատվություն չի կրում որեւէ պայմանավորվածության համար, որ ձեռք կբերվի առանց իր ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ դրսեւորված համաձայնության»: Նույնիսկ ԼՂՀ խորհրդարանականները «սպառնում» են հարկ եղած դեպքում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ «անվտանգությանն ու անկախությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ»: Նախորդ օրերին սույն հայտարարության վերաբերյալ իրենց տված մեկնաբանություններում ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներն այդպես էլ որեւէ հստակ պատասխան չեն տվել, թե ո՞րն էր տարեվերջյան այդ հայտարարությունն ընդունելու դրդապատճառը: Հիմնական փաստարկը, որ բերվում է՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են հարցի շուրջ: Իսկ թե ինչո՞ւ նման անհրաժեշտություն առաջացավ հենց այն օրերին, երբ ՀՀ-ում բավական լարված եւ սպասումային իրավիճակ էր ԼՂՀ հարցի կարգավորման հերթական փուլի ակտիվացման հետ կապված, ԼՂՀ խորհրդարանականները չեն մեկնաբանում: «Առավոտի» խնդրանքով գնահատելով այդ հայտարարությունը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, նախկինում ԼՂՀ նախագահի օգնական Մանվել Սարգսյանն ասաց. «Այո, կտրուկ եւ կոնկրետ ասված է. բայց նախ եւ առաջ պետք է տեսնել, թե դա ինչքանո՞վ է պրոպագանդիստական քայլ եւ ինչքանո՞վ է արտացոլում այդ մարդկանց իրական տրամադրվածությունը, ինչքանո՞վ են նրանք սկզբունքային այդ հարցերում»: Դուք հակված եք կարծելու, որ դա ավելի շատ պրոպագանդիստակա՞ն քայլ է եւ հարկ եղած դեպքում ԼՂՀ իշխանությունները տեղի՞ կտան՝ «Առավոտի» հարցի պատասխանը եղավ. «Երկամսյա լռությունը, որ պաշտպանում էին ԼՂ իշխանությունները նոյեմբերի 2-ից հետո, ԼՂՀ հարցի շուրջ ծավալված թոհուբոհում Հայաստանում առաջացած անհանգստությունների ընթացքում եւ այն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ Ղարաբաղից, թույլ են տալիս մտածել, որ գոնե տարեվերջին այնքան էլ սկզբունքային դիրքորոշում չի եղել: Բարդ է Ղարաբաղի վիճակը: ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններն այս տասը տարիների ընթացքում այդպես էլ չհստակեցվեցին, չճշտվեցին պատասխանատվության աստիճանները: Եթե ՀՀ իշխանությունները բարդ վիճակում են, դա անպայման ազդում է կարգավորման գործընթացի վրա եւ՝ հակառակը: Նման բաներ չպիտի լինեն: ԼՂ ֆինանսատնտեսական կախվածությունը Հայաստանից շատ մեծ է, եւ դա անպայման իր անդրադարձն ունի: Այն քաղաքական ազդեցությունը, որը կարող է Ղարաբաղը բանեցնել ՀՀ իշխանությունների վրա, երբեւէ նորմալ չի օգտագործվել: Եթե կամքը դրսեւորվի ու հիմա էլ այդ հարաբերությունները ստեղծվեն, շատ ավելի կայուն եւ թափանցիկ իրավիճակ կստեղծվի, եւ ավելորդ ինտրիգներ՝ ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի հասարակություններում չեն լինի»:
Իսկ ի՞նչ ունենք այս պահին ԼՂՀ հարցի կարգավորման առումով. «Հետաձգվեցին կամ սառեցվեցին ինչ-որ կոնկրետ մոտեցումներ, եւ դա ավելի լավ է, քանի որ ԼՂ հարցում պիտի ընդունվի որոշում, որը համաձայնեցված է բոլոր կողմերի հետ: Դա կլինի շատ ավելի կայուն, քան միակողմանի քայլը, որը հայտնի չէր, թե ինչի կհանգեցներ»,- ասում է պարոն Սարգսյանը: Նա դժվարացավ հստակեցնել՝ մինչեւ գարուն կլինե՞ն ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ համաձայնեցված հիմնական սկզբունքները, քանի որ հետագա զարգացումները նա պայմանավորում է համանախագահների՝ մոտ օրերս տարածաշրջան կատարելիք այցով: Իսկ ԼՂՀ ԱԺ ընդունած նման հայտարարության համար Մանվել Սարգսյանն ասում է. «Բավականին անհասկանալի էր ԼՂՀ-ի երկամսյա լռությունը եւ միանգամայն արդարացնում էր այն մոտեցումը, որ մարդիկ ուրեմն մի բան գիտեն, դրա համար էլ չեն խոսում: Գուցե իրենք էլ նկատել են, որ պատասխանատվության հարց կա եւ փորձել են նոր տարի մտնել ինչ-որ մի կոնկրետությամբ»: Նա չի բացառում նաեւ, որ հայտարարությունն ընդունվել է ՀՀ իշխանությունների «խնդրանքով»՝ ԼՂՀ իշխանությունների կոշտ դիրքորոշմամբ դիմակայելու միջազգային ճնշումներին. «Ամեն դեպքում, Մոսկվայում ստորագրված համաձայնագիրն այնքան էլ դատարկ բան չէ, որքան էլ դա փորձեն այդպիսին ներկայացնել: Թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերում էին եւ փորձում էին իրենց առաջարկներով կոնկրետացնել Ղարաբաղի հարցի կարգավորումը: Այդ ամենը եղել է եւ, ըստ երեւույթին, այնքան էլ նպաստավոր չէր ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի համար: Թերեւս նաեւ դրա հետ էր կապված ԼՂՀ-ի կողմից երկու ամիս պաշտպանվող լռությունը»: