Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի՝ իշխանության մեջ ոմանք քայլեր են կատարում իրենց իշխանությունն ամրապնդելու համար:
– Տարեվերջին, ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ չափով ընդդիմադիր կեցվածք դրսեւորեց եւ դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած հարկային փաթեթին: Դա զուտ տնտեսակա՞ն անհամաձայնություն էր, թե՞ նաեւ քաղաքական:
– Առաջինը եւ ամենակարեւորը հետեւյալն է, որ մեր երկրից անկախ՝ ամբողջ աշխարհում ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամ է, իսկ սա բերում է բազմաթիվ բացասական հետեւանքների՝ աշխատատեղերի կրճատում, շրջանառության փոքրացում, ձեռնարկությունների գործունեության սահմանափակում եւ այլն: Եվ, ըստ մասնագետների, այս տարվա գարնան ընթացքում այն ավելի ցցուն պետք է դառնա: Այս խնդիրներից զերծ չի կարող մնալ մեր երկիրը: Բոլոր երկրներում մտածում են տարբեր միջոցառումներ, համալիր ծրագրեր, որպեսզի հնարավորինս մեղմեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: ՀՀ-ն այս առումով, իմ կարծիքով, գտնվեց բավականաչափ ուշացած վիճակում: Թերեւս առաջին բարձրաձայնումը եղավ, երբ ՀՀ վարչապետը բյուջեի քննարկման ժամանակ նշեց հակաճգնաժամային այն միջոցառումները, որոնք պետք է կիրառվեն, որպեսզի 2009-ին մեզ մոտ այս ճգնաժամի ազդեցությունը լինի պակաս ցավագին: Այդուհանդերձ, արդեն քննարկված բյուջեում մենք չհայտնաբերեցինք այնպիսի ֆինանսական միջոցներ, որոնք իրապես կարող էին դառնալ վարչապետի կողմից հիշատակված միջոցառումների ֆինանսավորմանն ուղղված գումարներ: Սա ստեղծեց ավելի ապակողմնորոշված վիճակ: Մենք այս ամենի մասին խոսեցինք, ասացինք, որ առանց ֆինանսական անհրաժեշտ զանգվածի առկայության, մենք այդ միջոցառումները չենք կարող իրականացնել: Փաստորեն, մենք մտնում ենք պրոցեսի մեջ՝ չունենալով անհրաժեշտ միջոցներ: Բայց կառավարության մեջ եւս կան մտածող մարդիկ, որոնք նույն հարցի վերաբերյալ ունեն անհանգստություններ: Ձեր նշած արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացված հարկային փաթեթը, կարծում եմ, պետք է ներկայացվեր ավելի շուտ, քան մենք կընդունեինք բյուջեն: Անկախ նրանից, որ սա ուշացումով ենք անում, բայց սրա մեջ կան կարեւոր բաներ, մասնավորապես՝ դրվեցին թափանցիկության աստիճանի բարձրացման խնդիրները: Դա պետք է արվեր, բայց կտրուկության էլեմենտը «նստած» էր: Մինչեւ անգամ հարուստ երկրներում հասկանում են, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում իջեցվում են տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ճնշումները, որպեսզի վերջիններս կարողանան այդ դժվարությունները հաղթահարել: Մեզանում ստացվեց հակառակը, եւ այսօր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ պարզապես կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, մինչդեռ հենց իրենք են մեր բյուջեի մուտքերն ապահովողները:
– Դուք շատ համոզիչ բացատրում եք այս ամենը՝ որպես տնտեսագետ, բայց հարցս նաեւ քաղաքական ենթատեքստ ուներ. փաստորեն, քաղաքական կոալիցիայի կողմերից մեկը դեմ է կառավարության ներկայացրած փաթեթին, որքանո՞վ է այս տարակարծությունը խորը:
– Ուզում եք, թե չեք ուզում, ես քաղաքական գործիչ եմ եւ ուզում եմ մտածել, որ մեր հանրապետությունը բավական ցցուն տեղեր ունի, ինչ-որ տեղ՝ նաեւ անբացատրելի, եւ, շատ դեպքերում, կուզեի այսպես մտածել՝ որոշներն իրենց իշխանությունը ամրապնդելու համար, նույն կոալիցիայի ներսում, միգուցե նաեւ կարող են քայլեր անել, որոնք ավելի վատթարացնում են մեր հանրապետության վիճակը: Ես նմանատիպ քաղաքական ուժերին ուզում եմ համարել տենդենցիոզ գործող ուժեր, իսկ դա ցանկացած երկրի շահերի տեսանկյունից անընդունելի է: Ինչ վերաբերում է տվյալ փաթեթին «Բարգավաճ Հայաստանի» դեմ քվեարկելուն, ապա այս մասին մենք ասել էինք մինչեւ քվեարկությունը, ի դեմս մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի: Մենք շատ պարզ բացատրել ենք, որ ֆինանսական ճգնաժամը մի երեւույթ է, որի պարագայում մինչեւ անգամ ոչ լավ աշխատող սուբյեկտներին պետությունը պետք է աջակցի եւ ոչ թե ճնշումը մեծացնի: ԲՀԿ-ն որակական առումով բավական բարձր մակարդակ ունեցող կուսակցություն է եւ ասաց այն, ինչ չէր կարող չասել: Հիմա դա կարող է որոշների կողմից ընկալվել, որ կոալիցիայի ներսում, կոպիտ ասած՝ խաղեր են տրվում: Այդպիսի բան ես չեմ ուզում պատկերացնել:
– Երբ ասում եք՝ որոշներն իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով են նման քայլեր կատարում, նկատի ունեք ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին միասի՞ն, թե՞ դրանցից մեկին միայն:
– Ես չեմ ուզում որեւէ մեկին առանձնացնել, բայց, օրինակ, ես կուզեի շատ ծուռ նայել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք նման իրավիճակին միահամուռ կողմ քվեարկեցին, թեկուզ՝ «Ժառանգությունը»: Գոնե առանձին մարդիկ պետք է կարողանային ըմբռնել նման երեւույթը: Եթե տեղի ունեցավ հակառակը, դա ուղղակի նշանակում է, որ մինչ այդ նախապատրաստված էին, իսկ, ընդհանրապես, հասկանալի է, չէ՞, ինչպես է տեղի ունենում «նախապատրաստվելը»;
– Չէ, հասկանալի չէ, ինչպե՞ս է տեղի ունենում:
– Դուք գիտեք, պարզապես՝ հրահանգը ընդունվում է ի գիտություն:
– Նկատի ունեք, որ նաեւ «Ժառանգությա՞նն» էր հրահանգ տրված:
– Դուք ասացիք: