«Ժառանգության» 2008 թվականի հուլիսի 11-ին կայացած 5-րդ համագումարում ընդունված բանաձեւով՝ համագումարը լիազորում էր կուսակցության խորհրդին. «2009թ. հունվարին իր ընդլայնված նիստում քննարկել Ազգային ժողովի աշխատանքներին «Ժառանգություն» խմբակցության հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը եւ այդ կապակցությամբ կայացնել որոշում»: Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե երբ է կայանալու խորհրդի այդ նիստը: Ի պատասխան՝ նա նախ պարզաբանեց, թե ինչու էր բանաձեւում ներառվել նման դրույթ. «Այն երկխոսությունը, որը պահանջվում էր 1609 բանաձեւով ոչ միայն արտախորհրդարանական, այլ նաեւ խորհրդարանական ընդդիմության հետ՝ չկայացավ: Եվ այն, ինչ այսօր կա իբրեւ հարաբերություն, չի կարող գնահատվել որպես երկխոսություն: Իրականություն չդարձան այն երաշխավորված իրավունքները, որոնք պահանջվում էին բարեփոխումների եւ օրենսդրական փոփոխությունների միջոցով նախատեսել խորհրդարանական ընդդիմության համար: Իշխանությունները պարզ հայտարարեցին, թե իրենք կերկխոսեն հաջորդ գումարման խորհրդարանական ընդդիմության հետ, քանի որ օրենքի այն դրույթները, որոնք այս կամ այն կերպ որոշակի իրավունքներ են վերապահում խորհրդարանական ընդդիմությանը՝ ուժի մեջ են մտնելու հաջորդ գումարման ԱԺ-ում: Այսպիսի իրավիճակում մեզ ոչինչ չի մնում, քան իսկապես քննարկել մեր հետագա խորհրդարանական գործունեության նպատակահարմարությունը: Եվ կարծում եմ՝ այդ հարցին մենք կանդրադառնանք, ամենայն հավանականությամբ՝ հունվարի վերջին, երբ հնարավոր կլինի գումարել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստ եւ լսել մեր տարածքային ստորաբաժանումների մոտեցումներն ու դիրքորոշումներն այս խնդիրների կապակցությամբ: Այս պահին դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունվի: Շիտակ լինելու համար ասեմ, որ կուսակցության ներսում առկա են երկու տրամադրություններն էլ: Ոմանք գտնում են, թե իսկապես պետք է դուրս գալ ԱԺ-ից, քանի որ «Ժառանգությունն» այս խորհրդարանում եւ այս իրավիճակում չի կարող իրականացնել իր ծրագրերը՝ թեկուզ մասամբ: Ոմանք էլ այնուամենայնիվ գտնում են, որ այլընտրանքները շատ ավելի լավը չեն, քան դուրս գալը»: