Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷՍ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԷՐ

Հունվար 10,2009 00:00

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պիտի տեղի ունենար ապաքաղաքական դատավարություն: Դատապարտյալի աթոռին ՀՀ շարքային եւ «մեջք» չունեցող, սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացի Սամվել Սիմոնյանն էր: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածով՝ սուտ մատնություն: Նրա նկատմամբ հայրենի իրավապահները հետախուզում են հայտարարել, ոչ մի անգամ չեն էլ փորձել ոստիկանություն հրավիրել ու միանգամից բերման են ենթարկել ու կալանավորել են հե՛նց իր տնից: Ամբաստանվողը երեկ, մինչ դատավարությունը սկսելը, դատարանին տեղեկացրել է, որ ինքը փաստաբան վարձելու նյութական հնարավորություն չունի, ուզում է հանրային պաշտպան ունենալ՝ ի դեմս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի: Երեկվա դատավարությանն, ի դեպ, ներկա են եղել միայն դատավորը, ամբաստանյալը, մեղադրողը, Զ. Փոստանջյանը, նույն խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանն ու ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Ըստ Զ. Փոստանջյանի՝ դատաքննությունը երեկ էլ կավարտվեր եւ «անտեր» քաղաքացին կդատապարտվեր, եթե իրենք դատարանում չլինեին: «Դատարանում ամբաստանվողն ասաց, որ հանրային պաշտպան է ուզում: Դատավորը՝ Սուրեն Ղազարյանը, հայտարարեց, որ ինքը որոշել է՝ ամբաստանյալն ի վիճակի է փաստաբան վարձել, եւ մերժեց ամբաստանյալի՝ հանրային պաշտպան ունենալու միջնորդությունը: Սա այն դեպքում, երբ դատավորի հարցին, թե արդյոք ամբաստանվողը սեփականություն ունի՞, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ ապրում է հոր սեփականությունը հանդիսացող եւ գրավի տակ գտնվող տանը եւ համատեղ տնտեսություն է վարում»,- «Առավոտին» պատմեց Վ. Խաչատրյանը:
Դատավորը հիստերիայի մեջ է ընկել ոչ միայն պատգամավորների ներկայությունից, այլեւ այն բանից, որ Գ. Շամշյանը փորձել է իրեն լուսանկարել: Նա դատարանի կարգադրիչներին հրահանգել է ֆոտոթղթակցին դուրս բերել դահլիճից, ինչը վերջիններս արել են՝ քաշքշելով եւ պատռելով Շամշյանի վերնազգեստը: Հետո մեղադրողն է հրահանգել կարգադրիչներին՝ դուրս տանել «դրանց» (պատգամավորներին) եւ ներս հրավիրել «մերոնց» (կարգադրիչներին): Վերջիններս պատգամավորներին դուրս են հրավիրել դատարանի դահլիճից: Սույն դատական նիստը տեւել է մի քանի րոպե: Վ. Խաչատրյանի մատուցմամբ՝ դա վառ ապացույց է, թե որքան անպաշտպան են մեր երկրի քաղաքացիները, որոնց գործերը դատարան են մտնում ապօրինություններով, դատավճիռներ են կայացվում նույնքան անօրինաբար, եւ այդ ամենը, ի տարբերություն քաղաքական դատավարությունների, մնում են ստվերում՝ մեր ու միջազգային հանրության աչքից հեռու: Զ. Փոստանջյանն «Առավոտին» ասաց, թե պատրաստվում է այս գործի եւ երեկ տեղի ունեցածի վերաբերյալ համապատասխան գրությամբ դիմել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել