Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը գործում է

Հունվար 10,2009 00:00

\"\"Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը պաշտպանում է պաշտպանին:

Ազատազրկված Գրիգոր Ոսկերչյանի, Գեւորգ Մանուկյանի եւ Արմեն Խուրշուդյանի նկատմամբ կալանավայրերում դեկտեմբերի վերջին բռնություններ են կիրառվել, ինչի մասին անցած տարի բազմաթիվ ահազանգեր են եղել: «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանին հարցրինք, թե հանձնաժողովը ի՞նչ միջոցառումներ է իրականացրել՝ այս մարդկանց շահերը պաշտպանելու ուղղությամբ: Մեր զրուցակիցն ասաց, որ իրեն հայտնի է միայն Գրիգոր Ոսկերչյանի հետ կատարվածը. «Այդ կապակցությամբ ես խոսել եմ արդարադատության նախարարի հետ, խոսել եմ քրեակատարողական հիմնարկի վարչության ղեկավարի հետ, ինձ տեղեկացրել են, որ կատարվում է ծառայողական քննություն, հնարավոր է նաեւ քրեական գործի հարուցում, եւ կոնկրետ ինֆորմացիան անմիջապես կտրամադրվի հանձնաժողովին»:
Ազատազրկման վայրերում գտնվողները, շուրջ 42 ստորագրությամբ, նամակ են տարածել, որում իրենց դժգոհությունն են հայտնում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունից՝ վերջինիս մեղադրելով օմբուդսմենին ոչ հարիր գործողություններ կատարելու մեջ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահը ստեղծված իրավիճակի մասին: Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ հանձնաժողովը պատրաստ է զբաղվել կալանավորվածների կողմից բարձրացված խնդիրներով, եթե հակառակ կողմից լինի ցանկություն. «Բայց բազմիցս այդ անձինք (նկատի ունի հայտարարությունը ստորագրածներին- Մ. Ե.) հայտարարել են, որ չեն ուզում հանձնաժողովի հետ համագործակցել: Հանձնաժողովն էլ չի ուզում իրեն պարտադրել որեւէ մեկին: Իսկ ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ նման հայտարարությանը, ապա ես հասկանում եմ՝ նրանք ուզում են օմբուդսմենին տեսնել որպես ընդդիմություն, ինչպես, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, չգիտեմ, գնահատականներ չեմ ուզում տալ, ինչ-որ պահի նա իրեն դրսեւորում էր: Բայց, կարծում եմ, Մարդու իրավունքների պաշտպանը հիմա շատ ճիշտ ուղու վրա է, ինքը ոչ թե ընդդիմադիր է իշխանություններին, այլ ընդդիմախոս է»:
Պարոն Նիկոյանը տեղեկացրեց նաեւ, որ «Մարտի 1»-ի հանձնաժողովը «7-ի գործով» դատավարության նիստերին ունենում է ներկայացուցիչներ. «Հասկանում եմ, որ սկզբնական այս փուլը դեռեւս հեռու է դատավարություն կոչվելուց, կարծում եմ՝ այսօր պրոցեսները ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության մեջ են»: Բնականաբար, հետաքրքիր էր, թե ո՞ւմ մեղքով է, որ անգամ դատարանի դահլիճում գործընթացները ոչ իրավական հարթությունում են գտնվում: «Ես չեմ ուզում գնահատականներ տալ, եթե կա լարվածություն, ապա դա չի կարող լինել միակողմանի»,- պատասխանեց պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել