Լրահոս
Օրվա լրահոսը

GONGO-ՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑԱՆ PONGO-ՆԵՐԸ

Հունվար 10,2009 00:00

Իրավապաշտպանները, որոնք պիտի որ չեզոք լինեին, հայտնվել են քաղաքական տարբեր բեւեռներում

2008թվականի նախագահական ընտրությունները դարձան յուրօրինակ «լակմուսի թուղթ» ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ իրավապաշտպանների համար: Թվում էր՝ մանավանդ մարտի 1-ի դեպքերից հետո վերջիններս ուղղակի «շնչելու» ժամանակ չպիտի ունենային՝ իրավունքների զանգվածային խախտումների պատճառով: Սակայն իրավապաշտպանների մի մասը նախընտրեց լռել՝ մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հակակրանքի պատճառով: Իսկ մյուս մասին էլ՝ հակառակը, նրա նկատմամբ քաղաքական համակրանքը բերեց առաջին նախագահի համախոհների ճամբար: Եվ ակնհայտ դարձավ, որ մեզանում գոյություն չունեն չեզոք իրավապաշտպաններ, որոնք խախտումներին կարձագանքեին անկախ իրենց քաղաքական նախասիրություններից: Մեր այս դիտարկումների կապակցությամբ մեկնաբանություններ խնդրեցինք երկու իրավապաշտպաններից:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան. «Հիմնականում համաձայն եմ այդ հարցադրումներին: Բայց պետք է ավելացնեմ, որ այդ ջրբաժանն ու բեւեռացումը կատարվեց ոչ միայն իրավապաշտպան կազմակերպությունների, այլեւ ընդհանրապես՝ շատ այլ հասարակական կազմակերպությունների ու նաեւ ԶԼՄ-ների միջեւ: Եվ շատ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ նաեւ իրավապաշտպան, որոնք մինչեւ 2007-ը չեզոքի համբավ ունեին, սատարելով ընդդիմության թեկնածուին, ըստ էության՝ մտան կուսակցական քաղաքականության մեջ: Եթե մինչ այս կարող էինք այդ կազմակերպություններին պայմանականորեն բաժանել երկու հիմնական մասի՝ gongo-ներ (government ngo), այսինքն՝ պրոիշխանական հասարակական կազմակերպություններ եւ ոչ այդպիսիները, ապա հիմա ավելացան նաեւ pongo-ները (party organized ngo), այսինքն՝ կուսակցական հասարակական կազմակերպությունները: Եվ ճիշտն ասած, շատ քիչ մնացին այնպիսի հասարակական կազմակերպություններ, որոնք ո՛չ այս կողմ անցան, ո՛չ էլ այն կողմ:
Կարեւորը կազմակերպության չեզոքությունն է: Բնական է, որ կազմակերպության մեջ շատ հաճախ կարող են լինել մարդիկ, որոնք ունեն քաղաքական տարբեր նախասիրություններ: Ինձ համար ընդհանրապես մի փոքր անհասկանալի է, թե ինչպես կարող են հասարակական կազմակերպության բոլոր անդամներն ունենալ քաղաքական նույն կողմնորոշումը: Բայց շատ դժվար է չեզոքություն պահպանելը մանավանդ այս պայմաններում, երբ ամեն ինչ քաղաքականացված է, եւ բոլորը (համենայնդեպս՝ ընդդիմության կողմնակիցները) սպասում են պիտակավորումներով լեցուն հրապարակային հայտարարությունների: Եվ եթե դիրքորոշումդ հագեցած չէ պիտակավորումներով (հանցավոր իշխանություններ, սպանդ եւ այլն), ապա տպավորություն է ստեղծվում, թե այսինչ կազմակերպությունը ակտիվ չէ իրավապաշտպանության ոլորտում»:
Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյան. «Լինել իրավապաշտպան՝ չի նշանակում անպայման լինել ապաքաղաքականացված: Ցանկացած մարդ, այդ թվում եւ իրավապաշտպանը, կարող է ունենալ իր քաղաքական կողմնորոշումները: Այլ բան է, որ իրավապաշտպանը պետք է կարողանա, հարկ եղած դեպքում, պաշտպանել իր քաղաքական կողմնորոշումները չկիսող եւ տվյալ պահին պաշտպանության կարիք ունեցող մեկին: Բացի այդ՝ իրավապաշտպանությունը լինում է միմիայն հրապարակային, եւ որեւէ մեկը չի կարող աչքակապությամբ զբաղվելով ասել, թե ինքն այս կամ այն է արել կամ անում՝ չծավալելով այդ ասպարեզում հրապարակային գործունեություն: Ցավալի է, բայց փորձը ցույց տվեց, որ մեր իրավապաշտպանները չեն կարողանում վեր կանգնել իրենց քաղաքական կողմնորոշումներից: 2008թ. նախագահական ընտրությունները փայլուն կերպով ի ցույց դրեցին այս բնագավառում մեր վիճակն իր ողջ մերկությամբ: Բացի 2-3 իրավապաշտպաններից՝ մնացած բոլորն իրենց գործունեությունը սկսեցին եւ շարունակում են պայմանավորել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած համաժողովրդական շարժման եւ անձամբ Տեր-Պետրոսյանի նկատմամբ ունեցած իրենց դիրքորոշմամբ: Ասածս հիմնավորելու համար կուզենայի այսօրվա վիճակը համեմատել 2003-2004թթ. հետ: Այդ ժամանակ էլ՝ այսօրվա նման, ընդդիմադիր թեկնածուն ունենալով ժողովրդի աջակցությունն իր թիկունքում՝ կասկածի տակ առավ ընտրության հայտարարված պաշտոնական արդյունքները, բայց իշխանությունը բիրտ ուժի կիրառմամբ կարողացավ իրեն հաղթած հռչակել՝ ցրելով խաղաղ հանրահավաքները եւ կալանավորելով բազմաթիվ ակտիվիստների: Այդ շրջանում հայաստանյան երեւի բոլոր իրավապաշտպանները միասին, իրար օգնելով, չմտածելով քաղաքականացված երեւալու մասին՝ պաշտպանում էին հալածյալներին: Նույն բանը շատ ավելի վայրագ ու անմարդկային ձեւերով կրկնվեց ու արդեն 9 ամիս շարունակվում է 2008-ի նախագահական ընտրությունների հետ կապված: Գնդակահարվեցին 8 խաղաղ ցուցարարներ եւ 2 ոստիկաններ, անհիմն կերպով բանտ նետվեցին հարյուրավոր ակտիվիստներ ու ընդդիմադիր թեկնածուի վստահված անձինք: Նույնիսկ մեր իրականությունից հեռու եվրոպացի Համմարբերգն այս ամենը կարողացավ հասկանալ եւ անվանեց քաղաքական վենդետա: Թվում է, թե իրավապաշտպանների համար բացվել է գործունեության լայն դաշտ: Բայց նրանք, որպես կանոն, լռում են: Ոմանք էլ մի բան արած լինելու կամ ինքնաարդարացման համար բավարարվում են դեպքից դեպք ընդհանուր բնույթի եւ ոչինչ չասող կցկտուր մտքեր շարադրելով: Եթե նրանք այդ աստիճան քաղաքականացված չլինեին, ապա այսօր էլ 2003-2004թթ. նման ի վիճակի կլինեին, մի կողմ դրած իրենց քաղաքական նախասիրությունները, պաշտպանել այսօրվա հալածյալներին եւ քաղբանտարկյալներին: Ի վիճակի կլինեին կանգնել պաշտպանության կարիքն ունեցողի կողքին: 2003-2004թթ. իրավապաշտպաններն այսօր էլ ապրում ու բարեհաջող գործում են տարաբնույթ գրանտային ծրագրերի շրջանակներում: Կարծում եմ, կարելի է հրապարակավ նրանց հարցնել, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց այսօրվա լռությունը եւ այն ժամանակվա գերակտիվությունը: Թող բացատրեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել