Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 10,2009 00:00

\"\"«Յոթի» գործով դատավորը ի վիճակի չէ կամ պարզապես չի ուզում դատաքննություն սկսել

Երեկ արդեն չորրորդ անգամ հետաձգվեց «Յոթի» վերսկսված դատավարությունը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատը հետաձգեց նույն՝ 7 քաղբանտարկյալների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու՝ դատավորի մուտքը ոտքի կանգնած չդիմավորելու պատճառաբանությամբ, նաեւ հրապարակեց բոլոր 7 ամբաստանվողներին դատարանի դահլիճից հեռացնելու մասին իր հերթական որոշումը: Երեկվա նիստի առաջին մասում թեեւ մեղադրվողները նախկինի նման նստած էին դիմավորել դատավորի գալուստը, բայց վերջինս նրանց թույլ տվեց հանդես գալ հայտարարություններով: Նախ ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը բացատրեց իրենց ոտքի չկանգնելու պատճառները՝ դատարանը բազմիցս, առանց հիմնավոր պատճառների, մերժել է պաշտպանների միջնորդությունները, չի արձագանքել Գրիգոր Ոսկերչյանին մեկուսարանում ծեծելու փաստին, խախտել է ամբաստանվողների եւ նրանց պաշտպանների իրավունքները, կողմերի հավասարության սկզբունքը, թույլ չի տվել իրենց հայտարարությամբ հանդես գալ: Ոտքի չկանգնելով՝ իրենք վերաբերմունք են արտահայտում իրենց հանդեպ սկսված քաղաքական հետապնդումների, դատական համակարգի, նաեւ՝ դատավոր Մարտիրոսյանի նկատմամբ, որը հանիրավի 5 տարվա ազատազրկման է դատապարտել «Մարտի 1»-ի գործով անցնող Մուշեղ Սաղաթելյանին:
Ալեքսանդր Արզումանյանը դատավորին հիշեցրեց տարակուսելիորեն չհիմնավորված ու չպատճառաբանված մի քանի որոշումների մասին: Ալ. Արզումանյանը նկատի ուներ նախեւառաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դատարանի դահլիճից դուրս վռնդելու փաստը: Նա հիշեցրեց, որ դատական առաջին նիստում դատարանը որոշում էր ընդունել, ըստ որի, լրագրողները պետք է ներկա լինեն նիստերի դահլիճում, եւ լուսաբանումը պետք է լիներ ամբողջ ծավալով: Նա նաեւ հավելեց, որ այդ որոշմանը հակառակ, առանց նախկին որոշումը չեղյալ համարելու եւ նոր որոշում ընդունելու, կողմերի կարծիքը հաշվի առնելու, դատավորն արդեն կամայական որոշում կայացրած եկել եւ դատավարության մասնակիցներին ընդամենը տեղյակ է պահել, որ լրագրողները դատը լուսաբանելու են այլ սենյակից. «Դուք պետք է գայիք եւ ասեիք, որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել՝ լրագրողները խուլիգանություն են անում կամ դահլիճ բոմբ են բերել, ուստի՝ դատարանը փոխում է իր՝ նախկինում ընդունած որոշումը եւ լուսաբանման նոր կարգ է սահմանում, ու նոր միայն լրագրողներին դահլիճից դուրս հրավիրեիք: Բացի այդ, մենք ունենք ընտանիքի անդամներ, հարազատներ, որոնց թույլ չի տրվում դատարան մտնել, գալիս են ինչ-որ դեմքեր, սափրագլուխներ, ոստիկանության ներկայացուցիչներ, որը ոչ այլ ինչ է, քան՝ պրովոկացիա»: Ի վերջո, Ալ. Արզումանյանը դատավորից պահանջեց դատավարության հետ կապ չունեցող մարդկանց անմիջապես դուրս հրավիրել դահլիճից, ներս բերել իրենց ընտանիքների անդամներին եւ հետո քննարկել, թե ինչո՞ւ լրագրողները դահլիճում չեն. «Դա շատ կարեւոր հարց է, մենք ուզում ենք ճշտել՝ ո՞վ է դատական երկու նիստերի արանքում դատարանի որոշումը փոխել: Եթե դուք ձեր որոշումը չեք հարգում, մենք ձեզ ո՞նց հարգենք»,- նստած տեղից նետեց նա:
Երբ դատավորը 4 նիստ ուշացումով սկսեց ամբաստանվողներին առանձին-առանձին բացատրել նրանց պարտականությունները ու հերթը հասավ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին, վերջինս մի երկու բառ ասելու ցանկություն հայտնեց. «Որպես ԱԺ պատգամավոր, էն մի քանի՝ 50-60… պատգամավորներին եմ դիմում՝ ինչի՞ չեն գալիս դատարան: Թող գան, վեր ընկնեն ստեղ, տեսնեն, թե մեզ, որ առանց հիմքի կալանավորել տվեցին, ինչի՞ համար են դատում, ո՞վ էր ուզում հեղափոխություն աներ»: Դատավորը սաստեց պատգամավորին՝ վիրավորական բառեր չօգտագործել: «Ես չեմ վիրավորում, իրենք են վիրավորել պատգամավորի մանդատը»,- հակադարձեց Հ. Հակոբյանը: Ու քանի որ ամբաստանվողների ու դատավորի միջեւ լեզվակռիվ սկսվեց, ու դատավորն էլի անկարող էր կառավարել դահլիճը, կես ժամ ընդմիջում հայտարարվեց: Կես ժամը ձգվեց մինչեւ մեկ ժամ: Ընդմիջումից հետո քաղկալանավորներին բերեցին նիստերի դահլիճ: Հ. Հակոբյանը քթի տակ երգելով եկավ: Հետո երգը վերածվեց ընդհանուր «հոգեխանգարմունքի սեանսի»: «Հա՜յ ֆիդայիներ, ջա՜ն ֆիդայիներ, ձեր մայրերը ձեզ մատաղ…». Հակոբ Հակոբյանի երգին միացան նաեւ մյուս երկրապահ քաղկալանավորները՝ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, եւ երգը տարածվեց դատարանի դահլիճով մեկ: Մեղադրողները լուռ նստած էին մնացել դահլիճում, ու, թերեւս, միայն կամքի մեծ ուժի շնորհիվ չընկան հոգեխանգարմունքի մեջ: Երգը շարունակվեց նույնիսկ, երբ դահլիճ մտավ դատավորը ու պահանջեց դատարանում լռություն պահպանել: Երգի վերջին տողերը երգելուց հետո միայն Հ. Հակոբյանը ազդարարեց՝ «վերջ»: Երբ դատավորը սկսեց մեկ առ մեկ թվարկել բոլոր ամբաստանվողների անունները, պարզ դարձավ, որ խոսքը կրկին անգամ նրանց դահլիճից հեռացնելու մասին է: Ալ. Արզումանյանն առաջարկեց չչարչարվելու համար միացնել նախորդ նիստի այդ որոշման ձայնագրությունը: Մինչ դատավորը շարունակում էր կարդալ որոշումը, զուգահեռաբար եւ դատավորին նմանակելով նստած տեղից հայտարարություն էր անում Մ. Մալխասյանը. «Դատարանն իրականացնում է քաղաքական պատվեր: Նա չի կարողանում դատ անել, որովհետեւ դատ սկսելու համար նյութ չկա: Մենք պահանջում ենք դատավարության սկիզբ»: Դատավորը կարդաց որոշումը, քաղբանտարկյալներն ասացին իրենցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել