Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ինքնության ասպետը

Հունվար 09,2009 00:00

Ինչպես որ երեխաների համար սիրելի խաղալիքը կամ կանանց համար երեւելի զարդը ինքնին արժեք են եւ մի տեսակ կենդանի ներկայություն, իսկ տղամարդու համար՝ երեխաներին ու կանանց ուրախացնելու միջոց, այդպես էլ տղամարդու համար ուրախությունը չկայացած օրվա շարունակական կրկնությունն է՝ օր, որ գուցե չի էլ եղել նրա կյանքում: Այսինքն թե՝ չի եղել կամ գուցե եղել է ստեղծագործություն պարզապես: Եվ քանի որ ստեղծագործության ճակատագիրը աշխարհի համար շատ ավելի կարեւոր է, քան ստեղծագործողինը, տղամարդը մնում է մենակ եւ գնում է արեւը փնտրելու, որ վերադարձնի իր այն միակ օրը, որը չի էլ եղել: Առանց մտածելու, սակայն, որ արեւը ճանաչելու համար պետք է սկզբից իր կրակը իր մոմը վառի: Ոչ այն պատճառով, որ դառնա բոլորին տեսանելի, այլ՝ որ գտնի արեւը ճանաչելու իր ճանապարհը… Այնինչ, սկիզբ է առնում Ցուլի տարին, եւ վերահաս անքնության ձյունի մեջ դու տեսնում ես ջրհորի նման դատարկ երկու աչք, որ չունի հայացք, չունի արտահայտություն, չունի խոսք, ասելիք, բացի դատարկության խորությունից: Եվ դու քեզ ու քո մտքերը ծածկող անքնության ձյունով մաքրված տեսնում ես ուրիշ մի բան, ուրիշ մի եզերք, որին հասնելու համար քո վառած մոմը արդեն քո ձեռքին է, եւ դու գնում ես առաջ՝ ոչ միայն երեխաներին ու կանանց ուրախացնելու, այլեւ գտնելու ու վերջնականապես ճանաչելու քո երկիրն ու Հայրենիքը քո, քո սերը եւ քո այն օրը, որը դեռ չի եղել, եւ որը քո դիմաց է, եւ որը դու պիտի ստեղծագործես: Եվ ոչինչ, որ քո դերը համեստ է, ընդամենը մի մոմ՝ արեւը ճանաչելու ճանապարհին, կարեւորը, սակայն, այն է, որ դու չմոռանաս, որ ստեղծագործության ճակատագիրն ավելի կարեւոր է, քան ստեղծագործողինը…

Եվ հիմա, այս նոր բացվող տարվա շեմին, իմ ձեռքին իմ համեստ մոմը՝ ես կուզեի փառաբանված տեսնել քո ճակատագրի բոլոր սերմնացաններին, օրհնել եւ օրհնված տեսնել արդեն սրբազան, կենդանի սաղմը արգանդում քո, ում ծնունդը երազում ենք, որի մասին կարծես թե գիտենք, սակայն չենք տեսել, բայց նա գալիս է, նա ծնվում է ամեն մեկիս համեստ մոմի միասնության արեւի մեջ, նա՝ մեր հայ ինքնության ասպետը, եւ ծնվում է արթնության անձրեւի մաքրագործող, լուսավոր կաթիլների տակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել