Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի կեսերից դպրոցներ ուղարկեց միասնական ավարտական քննությունների ուղեցույցները: Ինչպես հայտնի է, այս տարի տասնմեկերորդցիները միասնական ընթացակարգով ավարտական քննություններ են հանձնելու բոլոր առարկաներից՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, ֆիզիկա, աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն, հայոց պատմություն, ընդհանուր պատմություն: Առաջին երեք առարկաների՝ հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, ուղեցույցները գրեթե նույնությամբ կրկնում են նախորդ տարվա ուղեցույցները: Սա հարուցել էր շատ աշակերտների, ուսուցիչների եւ կրկնուսույցների դժգոհությունները: «Այսքան ժամանակ սպասում էինք, որ շուտով նոր ուղեցույցները կտպվեն, մեջը նոր թեստեր կլինեն, որ երեխաները թարմ թեստեր ունենան, վրան աշխատեն, մեկ էլ ստանում ենք՝ նույնությամբ արտատպված ուղեցույցները: Միայն մաթեմատիկան է մի թեթեւ փոփոխված, որովհետեւ այս տարի մի փոքր տարբերվելու են թեստերը: Իսկ օտար լեզվինն ու հայոց լեզվինը նույնությամբ արտատպված են: Չենք հասկանում՝ ինչո՞վ է զբաղված այդ ԳԹԿ-ն, որ մի տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ նոր թեստեր գրել»,- այս բովանդակությամբ մի քանի դժգոհություններ «Առավոտը» ստացավ նախորդ տարեվերջին: Դրանք փոխանցեցինք հասցեատիրոջը՝ ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանին: Պարոն Մկրտչյանը դա մասամբ բացատրեց ֆինանսական խնդիրներով՝ «Նոր թեստեր գրել, ուղեցույցում տեղադրելը՝ նշանակում էր նոր պայմանագիր, նոր աշխատանք… Ես ուզում եմ հիշեցնել, որ ուղեցույցների բուն նպատակը թեստերը չեն, այլ քննակարգի ծանուցումը: Այո, ես հասկանում եմ, որ երեխաներն ուզում էին նոր թեստեր տեսնել, եւ այդ պատճառով մենք շեշտը դրել ենք ժողովածուների վրա, շուտով կհրապարակվեն թեստերի ժողովածուներ, որոնք կդնենք նաեւ մեր կայքում»:
Ինչ վերաբերում է դժգոհություններում հնչող թափանցիկ ակնարկներին՝ այն մասին, թե ինչով են զբաղված ԳԹԿ բարձր վարձատրվող աշխատակիցները, որ տարեկան երկու-երեք թեստ չեն ուզում գրել, պարոն Մկրտչյանը բացատրեց. «Մենք ունենք ամեն առարկայից միայն մեկ մասնագետ: Այդ մասնագետը վերլուծում է եղած թեստերը, գիտելիքների ընթացիկ ստուգումների համար թեստեր է կազմում: Ա՛յ, դեկտեմբերի վերջին 8-րդցիներն ու 10-րդցիները ընթացիկ ստուգարքներ հանձնեցին, այդ թեստերը մեր մասնագետներն էին կազմել, առաջիկա մարտին էլ 9-րդցիներն ու 11-րդցիներն են հանձնելու, հիմա նրանց համար են թեստեր կազմում: Թող տպավորություն չլինի, թե մեր մասնագետները պարապ նստած են, նրանք չափից շատ են զբաղված: Բացի այդ ամենից, եւս մի ծանր գործ կա նրանց վրա: Նրանք ուրիշների գրած թեստերի ժողովածուները պիտի ուսումնասիրեն, վերլուծեն, կարծիքներ հայտնեն: Եվ միայն այն դեպքում, եթե մեր մասնագետը դրական կարծիք տա, այդ ժողովածուն կհամարվի ԳԹԿ-ի կողմից երաշխավորված»: