Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրամովիչը դիրքերը զիջել է

Հունվար 09,2009 00:00

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչն այլեւս Անգլիայում ֆուտբոլային ակումբի ամենահարուստ սեփականատերը չէ: «Չելսիի» սեփականատերը համապատասխան ցուցակում նահանջել է երրորդ հորիզոնական: Համաձայն «FourFourTwo» ֆուտբոլային ամսագրի, առաջին տեղն այժմ զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր՝ 38-ամյա շեյխ Մանսուր բին Զայադ ալ-Նահյանը, որի կարողությունը գնահատվում է 15 մլրդ ֆունտ (մոտ $22,4 մլրդ): Նա ակումբը գնել է անցած տարվա սեպտեմբերին՝ խոստանալով նոր խաղացողներ գնելուն տրամադրել միլիոնավոր դոլարներ:

Ռուսաստանի ֆոնդային շուկաների անկման արդյունքում, նույն հանդեսի վկայությամբ, Աբրամովիչի կարողությունը կազմում է ընդամենը 7 մլրդ ֆունտ, որը չի բավականացրել նույն ցուցակում թեկուզ երկրորդը լինելու համար, որն զբաղեցնում է հնդիկ մագնատ Լակշմի Միտալը (12,5 մլրդ ֆունտ): Նրան է պատկանում փառավոր անցյալով, բայց այժմ համեստ դիրքեր զբաղեցնող «Կվինս պարկ Ռեյնջերսը»:

Հետաքրքրական է, որ Անգլիայի ամենահարուստ ֆուտբոլային ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր՝ ամերիկացի գործարարներ Գլեյզերների ընտանիքը հայտնվել է հարուստների ցուցակի 10-րդ հորիզոնականում:

Ինչ վերաբերում է Անգլիայի ամենահարուստ ֆուտբոլիստներին, անվիճելի առաջատարը «Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմն է, որն արդեն կուտակել է 125 միլիոն ֆունտ: Նա երեք անգամ հարուստ է իրեն հաջորդող «Նյուքասլի» հարձակվող Մայքլ Օուենից (40 միլիոն):

Իսկ այս երկրի ֆուտբոլային աշխարհի հարուստների մեջ նորեկը Անգլիայի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելլոն է՝ 25 մլն ֆունտով, որի մեծ մասը կազմում է արվեստի գործերի հավաքածուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել