Որքան մոտենում է փետրվարի 7-ին առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի միջեւ կայանալիք մենամարտի օրը, միմյանց հասցեին կողմերի ամպագոռգոռ հայտարարություններն ավելի թունդ են դառնում: Եվ հետաքրքրական է, որ այդ հեռակա լեզվակռվի մեջ կրակի վրա յուղ սկսել է լցնել նաեւ մեքսիկացու մենեջեր Ֆեռնանդո Բելտրանը: Մասնավորապես, նա օրերս Վախթանգին ծաղրածու է անվանել: «Ես շատ ուրախ եմ, որ այս մենամարտը վերջապես կայանալու է,- հայտարարել է նա:- Դարչինյանն իսկական ծաղրածու է: Եվ ես սա ասում եմ այն պատճառով, որ նա չափազանց շատախոս է: Դա հետաքրքիր է, քանի որ նա, եթե խոսքը տոմսերի վաճառքի մասին է, բացարձակապես չի գրավում բռնցքամարտի սիրահարներին: Եթե Վախթանգը չհանդիպի Արսեի պես ուժեղ բռնցքամարտիկի հետ, հնարավոր է, նրա մարտը դիտելու է տասը հոգի, որի մեծ մասը նրա թիմի անդամները կլինեն: Արսեն միշտ էլ լրջությամբ է վերաբերվում իր մրցակիցներին եւ իր գործն անում է ռինգում, այլ ոչ թե հեռակա լեզվակռիվներում: Վախթանգի թիմը արդեն հայտարարել է, թե Արսեն «փուչիկ» է: Բայց փետրվարի 7-ին կերեւա, թե ո՞վ է «փուչիկը»: Բնական է, WBA/IBF/WBC-ի վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ վանաձորցու պատասխանը չի ուշացել: «Ես զայրացած եմ Բելտրանի խոսքերի վրա,- «Fightnews.com»-ի միջոցով հակադարձել է Վիկը:- Ավելի ճիշտ կլիներ, որպեսզի նա լեզուն ատամների ետեւում պահեր՝ խոսելու իրավունքը վերապահելով ինձ ու Արսեին: Երբ ես Արսեին նոկաուտ կանեմ, կմոտենամ նրա անկյուն եւ շնորհակալություն կհայտնեմ մարտի համար: Բայց դրանից հետո կարող եմ նաեւ Ֆեռնանդո Բելտրանին նոկաուտի ենթարկել: Ես պատրաստվում եմ պատժել Արսեին եւ նրա թիմին: Հաղթանակից հետո կցանկանայի WBO-ի տիտղոսի համար հանդիպել Ֆեռնանդո Մոնտել-Նոնիտո Դոներ մրցամարտի հաղթողի հետ: Կարծում եմ, Մոնտելը նոկաուտով կհաղթի Դոներին: Բայց նաեւ լիովին համոզված եմ, որ ի վիճակի եմ երկուսին էլ պարտության մատնել: Ցանկանում եմ մարտ անցկացնել նաեւ Իսրայել Վասկեսի հետ: Մենք երկու անգամ հանդիպել ենք ռինգում, որտեղ նա հիանալի է կատարել իմ մարզումային մրցակցի պարտականությունները: Այդուհանդերձ, հավատացած եմ, որ նրան հաղթել կարող եմ»: