Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ»

Հունվար 09,2009 00:00

\"\"Դեկտեմբերի վերջին հանրապետության մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված ամփոփիչ նիստում գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի բերած վիճակագրական տեղեկատվությունը բավականին խոսուն էր: Ըստ դրա, ներկայումս Երեւանում եւ հանրապետության 10 մարզերում գործող ըմբշամարտի 25 մարզօջախներում, 304 մարզիչ-մանկավարժների ղեկավարությամբ, ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտով ընդհանուր առմամբ զբաղվում է 7454 մարզիկ: Բարձր արդյունքների հասած եւ հեռանկարային մարզիկներ, մարզիչներ եւ հավաքականների սպասարկող անձնակազմերի աշխատակիցներ (շուրջ 76 հոգի) նախորդ քառամյա ցիկլի ընթացքում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից ստացել են ամսական լրացուցիչ թոշակ, իսկ աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները՝ նաեւ գումարային խոշոր նվիրաբերումներ եւ ավտոմեքենաներ: Պարոն Ստեփանյանը տեղեկացրեց, որ վերջին տարում ՀԱՕԿ-ի նախագահը վերանայել է թոշակների գումարները՝ դրանք բարձրացնելով մինչեւ ամսական $1000: Մեր առաջատար ըմբիշների համար Պեկինի օլիմպիական խաղերին լավագույն ձեւով նախապատրաստվելու նպատակով ստեղծված են եղել բոլոր պայմանները, սկսած սոցիալական խնդիրների բավարարումից մինչեւ մասնագիտականի հետ կապված հարցերի լուծումը՝ ընդհուպ մինչեւ «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններում անվճար բուժսպասարկում ստանալը: Սակայն Պեկինում ակնկալվող արդյունքները չեն եղել: Ճիշտ է, հունահռոմեական ոճում երկու բրոնզե մեդալների համար հավաքականի աշխատանքը գնահատվել է բավարար, սակայն ազատ ոճայինները չեն արդարացրել իրենց: Ավելին, չնայած ուշադրության, ֆինանսավորման ավելացմանը, 2008-ին ֆեդերացիայի ծրագրած բոլոր միջոցառումների լիակատար իրականացմանը՝ ուսումնամարզական հավաքներ, մասնակցություն պաշտոնական առաջնությունների, միջազգային մրցաշարերի, յուրաքանչյուր ձեւից բոլոր երեք տարիքային խմբերի Հայաստանի առաջնությունների անցկացում (ընդհանուր առմամբ՝ 93 միջոցառում), դրան գումարած մարզիչների ներկայացրած լրացուցիչ հավաքների կազմակերպումն ու վարկանիշային մրցումներին մասնակցությունն ապահովելը, 2008-ին մարզական հերթափոխի արդյունքները նախորդ տարիների համեմատ նվազել են: Անցած տարում մենք ունեցել ենք ընդամենը Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկ բրոնզե (ազատ ոճից) եւ պատանեկան առաջնության մեկ ոսկե (հունահռոմեական ոճից) մեդալ: Սա մտահոգող երեւույթ է, եթե նկատի ունենանք, որ 2010 թվականին Սինգապուրում առաջին անգամ անցկացվելու են պատանեկան օլիմպիական խաղեր, իսկ 2012 թվականի օլիմպիական խաղերում մեր ազգային հավաքականները, անշուշտ, երիտասարդ մարզիկներով համալրելու անհրաժեշտություն կլինի: Ողջունելով ներկաներին՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ մրցաշրջան 2008-ը հայկական սպորտի համար, այնուամենայնիվ, արդյունավետ եղավ: «Մենք ժողովրդին խոստացել էինք, որ Պեկինում գոնե մեկ մեդալ անպայման կնվաճենք,- ասաց նա:- Բայց բերեցինք վեցը: Դրան ավելացնենք շախմատի մեր տղամարդկանց հավաքականի՝ երկրորդ անգամ նվաճած համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: Սա ցույց է տալիս, որ անհնարին ոչինչ չկա: Աշխատել է հարկավոր: Բայց 2008 թվականը ի հայտ բերեց նաեւ թերությունները, որոնք պետք է վերացնել: Հիմա մտածում ենք Լոնդոնում արդեն օլիմպիական «ոսկու» մասին: Ու դրա համար անելու ենք ամեն ինչ: Երկրորդական խնդիրներ չեն լինելու: Ժամանակին ամբողջ մարզաշխարհին ասել ենք, որ մեր գլխավոր խնդիրը մարզիչներն են, նրանց աշխատանքի որակը: Սա վերաբերում է բոլորին եւ առաջին հերթին՝ մարզադպրոցների մարզիչներին ու տնօրեններին: Նախարարի հետ արդեն պայմանավորվել ենք տնօրեններին եւ մարզիչներին մեկ տարի եւս աշխատելու հնարավորություն ընձեռել: Բայց տարվա վերջին պահանջելու ենք: Եթե արդյունքների առաջխաղացում չեղավ, տվյալ մարզադպրոցի տնօրենն իր տեղը զիջելու է: Նույնը վերաբերում է նաեւ մարզիչներին: Չի կարելի անգործ նստել եւ տարեվերջին թղթեր լրացնելով՝ հաշվետվություն ներկայացնել: Մարզիչը պետք է փնտրի, երեխաներ հավաքագրի: Ով արդյունք ունեցավ՝ նստելու է ամենապատվավոր տեղում, պարգեւատրվելու եւ մեծարվելու է: Ով՝ ոչ, ասելու ենք բարի ճանապարհ: Միմյանցից նեղանալ չկա: Ծանոթ, ընկեր, բարեկամ չի անցնելու»: Ավարտելով ելույթը՝ ՀԱՕԿ-ի նախագահը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրեց հայտնի գործարար եւ նախկին ըմբիշ Սամվել Կարապետյանի թեկնածությունը, որն էլ ընտրվեց միաձայն: Նորընտիր նախագահի խոսքը կարճ էր: «Շնորհակալություն վստահության համար: Հավաստիացնում եմ, որ ձեր վստահությունը լիովին արդարացնելու եմ: Այսօրվանից ֆիքսում ենք այն բոլոր հաջողությունները, որ եղել են անցած տարիներին եւ դրանք համարում մեր մարզաձեւի համար ստորին սահման: 2009-ին նույն արդյունքը գնահատելու ենք որպես անհաջողություն: Իմ նպատակն ըմբշամարտը Հայաստանում թիվ 1 մարզաձեւ դարձնելն է, որի համար պատրաստ եմ անել ամեն ինչ: Բայց ձեզնից նույն չափով էլ պահանջելու եմ: Եթե պատրաստ եք՝ ես պատրաստ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել