Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատրոն եկողը՝ գալիս է»

Հունվար 09,2009 00:00

Հարցազրույց դերասան Գրիգոր Խաչատրյանի հետ

\"\"Դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն արդեն տասը տարի է՝ ինչ աշխատում է թատրոնում: Նա ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը՝ Ա. Խանդիկյանի արվեստանոցը եւ անմիջապես աշխատանքի անցել Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Գրիգորը գլխավոր դերեր է խաղացել «Ռոմեո եւ Ջուլիետ», «Անվերջ վերադարձ», «Չաո», «Չեզոք գոտի», «Դոն Ժուան» եւ այլ ներկայացումներում: Նա Դրամատիկական թատրոնում բեմադրել է Սլաբովսկու «Վերջին դասը», Բոյչեւի «Գնդապետի թռչունը», «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում էլ՝ Ֆրեշետի «Ժաննա եւ Բեատրիսա» ներկայացումները: – Ավելի շատ սիրում եք խաղալ ժամանակակիցների՞, թե՞ դասական կերպարներին եք նախապատվությունը տալիս: – Ինձ համար դա էական չէ: Կարեւորը կերպարը լինի անսպասելի եւ յուրօրինակ: – Արվեստում էական տեղ տալի՞ս եք երգիծանքին: – Եթե գրական նյութը թելադրում է այն, դա ճաշակով է եւ գեղեցիկ, ապա ինչո՞ւ ոչ: Բայց դա ոչ մի դեպքում չպիտի իր հետ բերի էժանագին յալանչիություն, որը տեսնում ենք եթերում եւ զանազան բեմահարթակներում: Ինչ վերաբերում է թատրոնին՝ «գեղեցիկը կփրկի աշխարհը» ասես հենց նրա համար է ասված, որովհետեւ գեղեցիկ ասելով՝ չպետք է հասկանանք զուտ ծաղիկ կամ մի գեղեցիկ առարկա, այլ պիտի նկատի ունենանք հոգեւոր արժեքներ ու բարձր արվեստ: – Այսօրվա երիտասարդությունը՝ Ձեր աչքերով… – Ցավոք, այսօրվա երիտասարդությունն ասես անսեռ լինի: Դա զգում եմ իրենց հետ առօրյա շփումներից, նույնիսկ եթերից է երեւում… Լավ է, գոնե շատերը թատրոն են գալիս… – Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անել հանդիսատեսին թատրոն բերելու համար: – Ոչինչ չենք անում դահլիճ լցնելու համար, կարիք չկա: Թատրոնի պահանջ զգացողը, այսպես թե այնպես, կգա: Շատերը DVD գնելու փոխարեն թատրոնի տոմս են գնում, որ կենդանի խաղ դիտեն: – Ինչպե՞ս կմեկնաբանեք Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացնելը: – Դա պարզապես ողբերգություն է, պայմանավորված՝ որոշ գործիչների տգիտությամբ: Առանց գեղղեկավարի, թատրոնը դադարում է գոյություն ունենալ: Սա նույնն է` ինչ դպրոցն առանց տնօրենի կամ դասարանն առանց ուսուցչի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել