Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱՐԱՐՆ ՈՒ ՎԱՐՈՐԴՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ

Հունվար 09,2009 00:00

Մարզերում մշակույթի վրա «թքած» ունեն

ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածի 9-րդ կետը պետությանը պարտավորեցնում է իր հիմնական խնդիրների թվում նպաստել նաեւ գիտության եւ մշակույթի զարգացմանը: Մարզերում մշակութային օջախները հանձնելով համայնքներին՝ պետությունը «ձեռքերը լվացել» ու մի կողմ է քաշվել: Քանի որ մշակույթի նախարարությունը ոչ մի բանով օգտակար չի լինում համայնքային մշակութային օջախներին, համայնքապետերը, օգտվելով իրենց շահեկան դիրքից, երկրորդ պլան են մղում ոլորտի աշխատակիցներին եւ նրանց «գրոշներով» վարձատրում: Օրինակ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում, որի բնակչությունը մի քանի հազարի է հասնում, գյուղապետը նպատակահարմար է գտել ընդամենը 20 հազար դրամ աշխատավարձով պահել կես դրույքաչափով աշխատող գրադարանավար: Առատաձեռն չեն եղել նաեւ մշակույթի տան տնօրենի աշխատավարձի հարցում՝ ամսական 50 հազար դրամ, իսկ գեղարվեստական մասի ղեկավարն ու գրադարանի վարիչը 40-հազարական դրամ են ստանում: Այն, որ մշակույթի ոլորտի ցանկացած աշխատակցի դիտում են որպես «երկրորդ սորտի» մարդ, վկայում է նաեւ գյուղապետարանի եւ մշակույթի տան հավաքարարների ու պահակների աշխատավարձերի չափը: Գյուղապետարանում աշխատող պահակն ու հավաքարարը ստանում են 35 հազար դրամ, իսկ մշակույթի տանն աշխատողները՝ 25 հազար: Ոսկեվազում գյուղապետի վարորդի աշխատանքն ավելի թանկ է գնահատվում՝ նա ստանում է 65 հազար դրամ: Գեղարքունիքի մարզի Նորաշենի համայնքապետ Գառնիկ Գասպարյանը մշակույթի ոլորտում պահել է ընդամենը մեկ հաստիք՝ գրադարանավարուհուն, որին տալիս է ընդամենը 30 հազար դրամ աշխատավարձ: Կարելի է ենթադրել, որ այս գյուղում մշակույթն անշնչացած վիճակում է եւ նույնիսկ «վերակենդանացման» փորձեր չեն արվում: Նորաշենում չկան ոչ պարուսույցներ, ոչ էլ, ասենք, գեղարվեստական մասի ղեկավար կամ խմբավար: Մշակույթը զարգացում չի ապրում նաեւ քաղաքներում եւ այդ ամենն արտացոլված է աշխատավարձերում: Ասենք, Աշտարակի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող պարարվեստի դպրոց-ստուդիայի տնօրենն ի՞նչ տրամադրությամբ ամեն օր գնա աշխատանքի, երբ իր ստացած 35 հազար դրամով հազիվ պիտի կոմունալ վճարումների մասին մտածի: Այս դպրոց-ստուդիայի պարուսույցը, երաժիշտ-նվագակցողը, ինչպես նաեւ փոխտնօրենը ստանում են 30-հազարական դրամ: Նշենք, որ ճիշտ այդքան ստանում է նաեւ այդ դպրոցի գործավարը: Այսինքն՝ քաղաքապետարանը գործավարի աշխատանքին ավելի կարեւորություն է տալիս, քան պարուսույցի: Գեղարվեստի դպրոցում էլ քաղաքապետարանն իր «սեւ» գործն արել է: 25 հազար դրամ է գնահատել ինչպես հավաքարարի, այնպես էլ պահակի, բնորդի, լաբորանտի, գործավարի աշխատանքը: Իսկ Աշտարակի մշակույթի տան աշխատակիցների աշխատավարձերից կարելի է արդեն կարծիք կազմել, թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում այս ոլորտի աշխատակիցները: 25 հազար դրամ նվազագույն աշխատավարձով են աշխատում մեթոդիստը, լուսային եւ ձայնային օպերատորները, դերասանները: Նրանցից ընդամենը 5 հազար դրամով են ավելի վաստակում գեղմասվարը, հաշվապահը, տնտեսվարը, ռեժիսորը, իսկ բեմի բանվորի աշխատավարձը նույնիսկ նվազագույն աշխատավարձից էլ քիչ է՝ 20 հազար դրամ: Ավելի ցավալի է Արայի մշակույթի տան աշխատակիցների վիճակը. տնօրենի աշխատավարձը 35 հազար դրամ է, իսկ գեղմասվարինը, երկու գրադարանավարներինը, հաշվապահինը՝ 25-հազարական դրամ: Էլ չենք խոսում այլ համայնքների մասին, որտեղ կամ հաստիքներ չկան, կամ էլ ամիսներով աշխատավարձ չեն ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել