Երեկ առավոտյան Իսրայելի հյուսիսը ենթարկվել է հրթիռային հարձակման: Ըստ բժիշկների՝ 2 հոգի ստացել են բեկորային վնասվածքներ, մի քանիսն էլ՝ նյարդային շոկ: Հրթիռային գնդակոծման աղբյուրի վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Ըստ Լիբանանի ռազմական փորձագետների՝ հարձակումն իրականացրել է Սիրիային հարող Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը: Իր հերթին Լիբանանի ոստիկանությունը հայտնում է, որ հարձակումն իրականացրել են պաղեստինյան արմատական խմբավորումները, որոնք հանգրվանում են փախստականների ճամբարներում: Իսրայելը պատասխան կրակ է բացել այն ուղղությամբ, որտեղից գնդակոծվել է իր տարածքը: «Հըզբալլահ» կազմակերպությունը կտրականապես մերժել է իր մասնակցությունը վերջին իրադարձություններին: Բոլոր դեպքերում արդեն 2 շաբաթից ավելի տեւող պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվել է: Հունվարի 7-ի դրությամբ Գազայի հատվածում սկսված Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 700 պաղեստինցի, որոնց համարյա կեսը խաղաղ բնակիչներ են: Տվյալները ճշգրիտ չեն, քանի որ այժմ Իսրայելը իրականացնում է ցամաքային օպերացիա, եւ բժիշկների մուտքը Գազայի շրջան խիստ սահմանափակ է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շարունակվում է ստեղծված իրավիճակի քննարկումը: Երեկվա դրությամբ չի ընդունվել որեւէ փաստաթուղթ, որը կպարտադրի կողմերին դադարեցնել կրակը: Ըստ ամենայնի՝ կողմերը հակված են ընդունել բռնությունը դատապարտող ընդհանուր բնույթի հայտարարություն:
ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
Չորեքշաբթի օրը երեկոյան ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրեց գազի մատակարարումը Ուկրաինա եւ այդ երկրով տարանցիկ գազի փոխադրումը եվրոպական երկրներ: Այդ որոշումը «Գազպրոմն» ընդունեց այն բանից հետո, երբ ստուգումների արդյունքներում պարզվեց, որ Եվրոպա մատակարարվող գազը անհետանում է Ուկրաինայի տարածքում: Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեյեւը հերքեց այդ մեղադրանքները, ասելով, որ «գազի գողության մասին մեղադրանքները շանտաժ են եւ սպառնալիքներ»: Այդ դիրքորոշումը կարծես թե կիսում է նաեւ Միացյալ Նահանգները: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սթիվեն Հեդլին գտնում է, որ Ռուսաստանը շարունակում է սպառնալ հարեւաններին՝ օգտագործելով էներգակիրների հարցը եւ դրանով վարկաբեկում է ինքն իրեն: Հունվարի 16-17-ին նախատեսվում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի այցը Գերմանիա, որի ընթացքում, ի թիվս երկկողմ հարաբերությունների, քննարկվելու են գազի մատակարարման շուրջ ստեղծված խնդիրները:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ» Է ՍԿՍՎԵԼ
Թուրքիայի ընդդիմությունը մեղադրում է իշխող կուսակցությանը զանգվածային ձերբակալություններ կազմակերպելու մեջ: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը հայտարարել է, որ բռնաճնշումներն իրականացնում է իշխող «Արդարություն» կուսակցությունը, որը հարձակում է սկսել հանրապետության աշխարհիկ հիմքերի վրա եւ վերացնում է ընդդիմախոսներին: «Իշխանությունը մեզ մարտահրավեր է նետում եւ սկսում է վհուկների որս»,- հայտարարել է Բայքալը: Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մոտ 40 հոգու՝ մեղադրելով նրանց ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում են մի շարք խոշոր ռազմական պաշտոնյաներ, այդ թվում նաեւ՝ անվտանգության խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Թունջեր Քինինջը, որը բազմիցս քննադատել է իշխանություններին՝ իսլամական պետություն ստեղծելու ձգտման համար: Ընդհանուր առմամբ, ռազմական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալվել է մոտ 100 հոգի, այդ թվում՝ մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ իրավաբաններ:
«ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ԿԵՐԱՆ»
Երեկ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ճաշկերույթ է կազմակերպել ընտրված նախագահ Բարաք Օբամայի պատվին: Միջոցառմանը ներկա էին 3 նախկին նախագահներ՝ Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը եւ Ջիմի Քարտերը: Ինչպես գրում է BBC-ն՝ նման ճաշկերույթ չէր անցկացվել 1981 թվականից: Սովորաբար ամերիկյան նախագահները, որոնք տարբեր ժամանակաշրջաններում ղեկավարում էին Սպիտակ տունը, իրար հանդիպում էին հայտնի քաղաքական գործիչների թաղումների ժամանակ: «Մեզանից յուրաքանչյուրը, ղեկավարելով այս երկիրը, գիտի, որ դա մի ծառայություն է, որն ավելի բարձր է, քան անձնական պահանջներն ու շահերը»,- ասալ է գործող նախագահ Ջորջ Բուշը լրագրողներին: «Մեր հնարավորությունների չափով մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը: Դուք կարող եք վստահել մեզ»,- խոստացել է նա: Իր հերթին Բարաք Օբաման նշել է. «Նրանց ընկերակցությունը, խորհուրդներն ու դիտողություններն ինձ համար անգին նվեր են»:
ՉԴԻՄԱՑԱՎ ՃԳՆԱԺԱՄԻՆ
Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ գերմանացի միլիարդատեր Ադոլֆ Մերկլը (լուսանկարում), որը ֆինանսական ճգնաժամի պատճառով կորցրել է մի քանի հարյուր միլիոն եվրո, ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է «Գազետա» թերթը՝ 74-ամյա գործարարն իրեն գցել է գնացքի տակ՝ Գերմանիայի հարավարեւելքում գտնվող կայարաններից մեկում: Բիզնեսմենի ընտանիքը՝ կինը եւ չորս երեխաները, հաստատել են, որ ինքնասպանության պատճառը Մերկլին պատկանող ընկերությունների հուսահատ վիճակն էր: Իր հիմնական վնասները ֆինանսիստը կրել է արժեթղթերի հետ կապված անհաջող օպերացիաներից: Մասնավորապես, «Ֆոլքսվագեն» կոնցեռնի արժեթղթերի հետ գործարքներում նա կորցրել է 400 միլիոն եվրո: Ինչպես նշում է AP գործակալությունը՝ սա վերջին 4 ամիսների ընթացքում առնվազն 3-րդ դեպքն է: Սեպտեմբերի վերջին Լոնդոնում ինքնասպանություն է գործել 47-ամյա մուլտիմիլիոնատեր Քըրք Ստիվենսոնը, որն, ի դեպ, նույնպես գնացքի տակ է գցվել: Իսկ ահա Նյու Յորքում, Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ, իր աշխատասենյակում ինքնասպան է եղել 65-ամյա մեծահարուստ Դելա Վիլոշոն: Բիզնեսմենը, ճգնաժամի հետեւանքով կորցնելով 1,4 միլիարդ դոլար, քնաբերի մահացու չափաբաժին է ընդունել եւ կտրել երակները:
ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻՆ ԿՐԿԵՍՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Ռուսաստանյան գազի մատակարարման դադարեցման հետեւանքով ստեղծված իրավիճակը, հավանաբար, այնքան չի հուզում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, որքան գեղարվեստական կոլեկտիվների եւ մասնավորապես կրկեսների ֆինանսավորման խնդիրը: Ուկրաինայի ղեկավարը դիմել է իր ներկայիս քաղաքական ընդդիմախոս՝ վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, իր մտահոգությունը հայտնելով այն մասին, որ ազգային թատրոնների, գեղարվեստական կոլեկտիվների, համերգային եւ կրկեսային կազմակերպությունների ֆինանսավորումը պետական բյուջեից պատշաճ կերպով չի կազմակերպվում: Այդ մասին է հայտնում «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: Յուշչենկոն մասնավորապես նշում է, որ ոչ բավարար ֆինանսավորման պատճառով վերոհիշյալ կազմակերպություններում առաջացել է աշխատավարձի պարտք: Ուկրաինայի նախագահը խնդրում է Յուլյա Տիմոշենկոյին՝ համապատասխան միջոցներ ձեռք առնել իրավիճակը շտկելու համար եւ զեկուցել արդյունքների մասին: