Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դասերը «բոյկոտե՞լ» են

Հունվար 09,2009 00:00

Երեկ՝ երկրորդ ուսումնական կիսամյակի առաջին օրը, հանրակրթական դպրոցներում աշակերտների հաճախելիությունը գոհացուցիչ չի եղել:

Երեկ ավարտվեց 3-11-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը, իսկ 1-2-րդ դասարանցիները դպրոց կհաճախեն հունվարի 22-ից: Քանի որ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ երկրորդ ուսումնական կիսամյակն այսքան վաղ է մեկնարկում, մանկավարժների եւ հատկապես ծնողների շրջանում այն դժգոհության պատճառ է դարձել: Ծնողները հիմնականում մտահոգված են երկար ժամանակ չջեռուցված ցուրտ դպրոց երեխաներին ուղարկելուց, իսկ մանկավարժների մեծամասնությունը՝ շաբաթվա վերջին օրերից կիսամյակը մեկնարկելուց: Ծնող Շուշանիկ Հովսեփյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Եթե անգամ դպրոցը ջեռուցվում է, միեւնույն է, մի քանի ժամում հնարավոր չի լինի այնքան ջերմաստիճան ապահովել, որ երեխաները դասի ժամանակ նստած չմրսեն եւ չհիվանդանան: Այնպես որ, ես իմ երեխաներին դպրոց եմ ուղարկելու երկուշաբթի օրվանից»: Ծնող Մարգարիտա Սարգսյանն էլ այսպես է մտածում. «Երեխաներին դպրոց չեմ ուղարկելու: Միեւնույն է, մեծ բան բաց չենք թողնելու, քանի որ առաջին օրերին դասերը հիմնականում ձեւական բնույթ են կրում»: Հանրակրթական դպրոցների շրջանում «Առավոտի» կատարած հարցախույզը ցույց տվեց, որ ուսումնական կիսամյակը դպրոցները մեկնարկել են աշակերտների հաճախելիության ցածր աստիճանով: Վիճակը անմխիթար է հատկապես այն դպրոցներում, որտեղ չկա կենտրոնացված ջեռուցում: Օրինակ՝ Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր դպրոցը տաքացվում է էլեկտրականությամբ: Իսկ այսօր աշակերտների հաճախելիության մակարդակը ցածր էր: Երեւի առաջին տարին է, որ այսքան վաղ են սկսվում դասերը, դրա համար էլ երեխաների փոքր տոկոսն էր եկել դպրոց: Ինչ արած, քանի որ ուսումնական պլանով նախատեսված է 34 շաբաթ դասապրոցես, դրա համար էլ շաբաթվա կեսից են դասերը սկսվել: Անցյալ կիսամյակ 15.5 շաբաթ ենք դաս արել, հետեւաբար այս կիսամյակ էլ պիտի 18.5 շաբաթ դաս անենք»: Չջեռուցվող դպրոցներից է նաեւ թիվ 152-ը: Տնօրեն Միքայել Ասատրյանը նշեց, որ իրենց դպրոցում երեկվա դրությամբ ջերմաստիճանը տատանվում էր +16-17-ի սահմաններում. «Երեխաների հաճախելիությունը առավոտյան ժամերին 60% էր, իսկ ժամը 11-ից հետո նրանց հոսքը դպրոց՝ մեծացավ: Էլեկտրական սալիկները նախօրոք էինք միացրել, որպեսզի ջերմաստիճանը դպրոցում բավարար լիներ»: Չնայած ծնողները դժգոհում են, որ դպրոցներում ցուրտ է, դրա համար երեխաներին չեն ուղարկելու կրթօջախներ, սակայն հակառակ երեւույթն էլ է գրանցվել: Դա պարզվեց թիվ 91 դպրոցի տնօրեն Էլեոնորա Խալումյանի հետ «Առավոտի» զրույցում. «Մեր դպրոցը ջեռուցվում է, դրա համար էլ երեխաների հաճախելիությունը վատ չէր: Մյուս կողմից էլ մեր կրթօջախ են հաճախում հիմնականում ֆինանսական անբավարար պայմաններում գտնվող ընտանիքների երեխաները, դրա համար դպրոց գալիս են ոչ միայն գիտելիք ստանալու, այլեւ ջերմանալու համար: Իսկ ինչ վերաբերում է շաբաթվա սկզբից դասերը սկսելու նպատակահարմարությանը, ապա, իմ կարծիքով, ճիշտ կլիներ այդպես վարվել»: Թիվ 100 դպրոցի տնօրեն Արեգակ Օհանյանն էլ մեզ հետ զրույցում անդրադարձավ ծնողների այն դժգոհությանը, թե ինչու են դասերն այդքան վաղ սկսվում. «Այն, որ դասերը հունվարի 8-ից ենք սկսում՝ ցավոտ հարց չեմ համարում: Պարզապես, մեր ազգային խառնվածքին բնորոշ է, որ ամեն ինչ սկսենք երկուշաբթի օրվանից, ամսի 1-ից եւ այլն: Ի՞նչ է պատահել, ասել են 8-ից սկսեք, 8-ից ենք սկսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել