«Այբենգիր» հրատարակչության տպագրած գունեղ եւ հետաքրքրաշարժ մանկական գրքերը երեխաների մեջ կարդալու ցանկություն առաջացնելու նպատակ ունեն:
Սովետական դասական կրթություն ստացած միջին սերունդը, որն իր առավոտը չէր պատկերացնում առանց մի կապոց թերթերի, իսկ երեկոն՝ առանց մի քանի էջ գրքի, սիրում է նոր սերնդին մեղադրել ընթերցասիրության բացակայության մեջ: Գրքերի հանդեպ մերժողական վերաբերմունքն ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, որոնց թվում ոչ պակաս կարեւոր է մանուկների համար նախատեսված գրականության սղությունը: Երեխաների մեջ գիր-գրականության հանդեպ սեր առաջացնելու համար ուսուցիչների եւ ծնողների քարոզներն ու նախատինքները քիչ ազդեցիկ են: Շատ ավելի կարեւոր է նրանց գրավել որակյալ, հետաքրքիր ու ամենակարեւորը՝ նկարազարդ գրքերով: Ընդ որում՝ այսօրվա սերնդին կատուների եւ աքաղաղների մասին վատ գունազարդված եւ վատ տպագրական որակի ոտանավորների գրքով չես զարմացնի: Նրանք դա շատ արագ մի կողմ կշպրտեն եւ կմիացնեն սիրելի հեռուստացույցը: Սակայն նույնիսկ այդ վատորակ՝ եւ ձեւի, եւ բովանդակության առումով, գրքերն էլ Հայաստանում սուղ են: Եվ այս առումով շատ գնահատելի է այն նախաձեռնությունը, որով հանդես է եկել 2008-ին ստեղծված «Այբենգիր» հրատարակչատունը (հիմնադիր տնօրեն՝ Նաիրա Մելքումյան, խմբագիր՝ Կարինե Խոդիկյան): «Այբենգիրը» կարծես նպատակ ունի «ձեռքը պուլսի վրա պահելու». համընդհանուր գլոբալիզացիայի այս ժամանակաշրջանում նա տանում է համապատասխան քաղաքականություն: Նրա տպագրած գրքերը գունեղ են, հրաշալի՝ տպագրական որակով, ինչը զարմանալի չէ, քանի որ նույն գլոբալիզացիայի արդյունքում տպագրվել են ոչ թե Հայաստանում, այլ՝ Դուբայում, գրքերն էլ հայ հեղինակներինը չեն, այլ՝ թարգմանություններ են: Առայժմ տպագրվել է երեք գիրք, երեքն էլ բրիտանական Usborne հրատարակչատան գրքերից են, երեքն էլ տարբեր մատենաշարերի անդրանիկ գրքերն են: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Կ. Խոդիկյանը՝ մինչ գրքերի ընտրությունը իրենք ուսումնասիրել են դաշտը, տեսել, թե ինչ բացեր կան, ինչի կարիք ունեն մեր մանուկները:
Առաջինը «21-րդ դարի մանուկների գրադարակ» մատենաշարից է՝ Սյու Մոնգրեդիենի «Փոքրիկ հրաշագործ Օլիվեր Մունը»: Գիրքը նկարազարդել է Յ. Մակքաֆերտին, ընդ որում պետք է նկատել, որ ինչպես այս, այնպես էլ՝ մանուկների համար նախատեսված ցանկացած գրքում, նկարները գրեթե նույնքան կարեւոր են, որքան բովանդակությունը: Այս գիրքը փոքրիկ կախարդի եւ կախարդների դպրոցի մասին է. Հարրի Փոթերի հաջողված գաղափարը Անգլիայում շարունակվում է օգտագործվել եւ հաջողություններ ունենալ: Օլիվեր Մունի մասին պատմությունները շարունակական են, եւ Անգլիայում արդեն լույս է տեսել տասը գիրք: «Այբենգրի» խմբագիր Կարինե Խոդիկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ արդեն այս տարի հայերեն լույս կտեսնեն այս մատենաշարի՝ փոքրիկ հրաշագործի մասին պատմող այլ գրքեր եւս: Կտպագրվեն նաեւ «Չհորինված պատմություններ» մատենաշարի հաջորդ գրքերը: Ներկայումս այս մատենաշարից երեխաների դատին է հանձնված «Չհորինված պատմություններ հագուստի մասին» գիրքը: Տպագրության իրենց հերթին են սպասում չհորինված պատմությունները շոկոլադի, հեռախոսի եւ այլ օգտակար իրերի եւ զբաղմունքների մասին: Այս հրաշալի նկարազարդված գրքի հեղինակը Քեյթի Դեյնսն է, նկարները՝ Ն. Միսթրիի: Եվ վերջապես երրորդ գիրքը «Գիտադարանն» է, որը հրաշալի հանրագիտարան է մանուկների համար: Ընդ որում, ինչպես տեղեկացրեց տիկին Խոդիկյանը, Անգլիայում այս «Գիտադարանը» հրատարակվել է «մինչեւ 9 տարեկանների համար» նշումով, սակայն Հայաստանում՝ «միջին տարիքի դպրոցականների համար»: «Գիտադարանը» ոչ միայն շատ գունեղ է, աչք շոյող եւ անմիջապես կարդալու տրամադրող, այլեւ ունի ինտերնետային կայքերի հղումներ, որտեղից երեխաները կարող են ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ, դիտել թեմային առնչվող անիմացիոն եւ խաղարկային ֆիլմեր: «Գիտադարանը» Երկրի, տիեզերքի, ատոմից մինչեւ ամենավիթխարի երկնային մարմինների, բուսական ու կենդանական աշխարհի, մարդու մասին հանրամատչելի գիտական տեղեկատվություն է: Գրքում կան «Փաստեր եւ անուններ», «Աստղագիտություն եւ տիեզերք», «Երկիր մոլորակ», «Բույսեր եւ կենդանիներ», «Մարդու մարմինը», «Գիտություն եւ տեխնոլոգիաներ», «Քարտեզներ», «Պետություններ եւ դրոշներ», «Համաշխարհային պատմության տարեթվեր» բաժինները, որոնցից յուրաքանչյուրում ներառված են տարբեր հետաքրքրաշարժ գլուխներ:
Կասկած չկա, որ կարճ ժամանակում այս գրքերը կդառնան մեր երեխաների համար սիրված եւ սպասված նվերներ: Մնում է հուսալ, որ մի օր հայ հեղինակներն էլ կգրեն հետաքրքիր գրքեր 21-րդ դարի մանուկների մասին՝ 21-րդ դարի մանուկների համար, կգտնվեն նույնքան լավ նկարիչներ, եւ «Այբենգիրը» կտպագրի նրանց գրքերը: Հուսանք, այս անգամ՝ ոչ փոքրիկ կախարդների մասին: