Ցուլի տարին հաջողությամբ մեկնարկեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի համար: Այս համայնքում դեռ 10 տարի առաջ գազատար էին կառուցել, որի 3 կմ-անոց հատվածը, սակայն, մի օր անհետացել էր:
Այդ պահից սկսած, արազափցիները հույսները կտրել էին, որ երբեւիցե գազ կունենան: Բայց «ՀայՌուսգազարդի» եւ Արմավիրի մարզի ղեկավարությունը Ամանորից առաջ անակնկալ մատուցեց. 2008-ի վերջին օրերին գյուղում հայտնված գազամատակարարները շատ կարճ ժամանակում վերականգնեցին գլխավոր գազատարն ու կապույտ վառելիքը հասցրին գյուղացիների տները: Արազափցիների ասելով՝ վերջին տարիներին սա ամենալավ նվերն էր, որ ստացան Ձմեռ պապից: Մարզի մի քանի սահմանամերձ գյուղական համայնքներ էլ դեռ կան, որ սպասում են գազիֆիկացման իրենց հերթին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոստացել է, որ մինչեւ 2010 թվականը մարզում չգազիֆիկացված գյուղ չի լինելու: 2009 թվականը խոստումնալից սկիզբ դրեց նաեւ մարզի յոթ գյուղական դպրոցների կյանքում: Աշակերտներին նվեր մատուցեց ոչ թե Ձմեռ պապը, այլ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը: Քիմիայի, ֆիզիկայի եւ կենսաբանության լաբորատորիաները, որ ստացան հիմնադրամից, շատ էին ուրախացրել հատկապես հիշյալ գիտությունների ոլորտներում խորանալ ցանկացող աշակերտներին: Նրանց ոգեւորությունն ու մանավանդ աստղադիտակի մոտ գոյացած հերթերը ոգեւորեցին հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանին՝ Սերժ Սարգսյանի եղբորը, եւ նա պարտավորվեց առաջիկայում դպրոցները համալրել այլ լաբորատորիաներով նույնպես: Հայրենի դպրոցներում լաբորատորիաները վերջին անգան թարմացվել են 1967 թվականին: Իսկ ահա Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցը տարին հին խնդիրներով դիմավորեց: Անհիշելի ժամանակներից շինարարության մեջ գտնվող այս կրթօջախն այդպես էլ չկարողացավ 2007 թվականից պետական միջոցներով սկսված շինարարությունն ավարտել, ինչի համար ստիպված անցավ եռահերթ ռեժիմի: Աշակերտներին կենտրոնացնելով մեկ մասնաշենքում, դպրոցի դեկավարությունը մեծ ռիսկի է գնում՝ վտանգելով երեխաների կյանքը: Շինարարությունն անավարտ է մնացել՝ գումարի սղության պատճառով: Թե ինչպե՞ս է եղել, որ նախահաշիվը չի համապատասխանել վերանորոգման ենթակա աշխատանքների ծավալին՝ որեւէ մեկը չի ուզում պատասխանել: 2009-ին կշարունակվի՞ դպրոցի դադար առած շինարարությունը՝ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ կրթօջախի ղեկավարությունը ներդրողներ «կպցնելու» ուղիներ է որոնում, ինչը տնտեսական ճգնաժամի պայմաններում այնքան էլ հեշտ չի լինելու: