Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒԼԻ՞, ԷՇԻ՞, ԹԵ՞ ՊԱՐՏՔԻ ՏԱՐԻ

Հունվար 09,2009 00:00

\"\"2009-ի տարեմուտին Նոյեմբերյան քաղաքում ձյուն տեղաց: Ասում են՝ նոր տարվա համար լավ նշան է: Նշանների մասին՝ հանգամանալից:

2009-ի առիթով Ադրբեջանի հետ սահմանամերձ այս քաղաքում բնակիչները տան պատշգամբներից կարմիր շոր, շապիկ կամ ժապավեն էին կախել՝ իբրեւ հաջողության նշան: 2009 թվականը ցուլի տարի է, ցուլն էլ գժվում է կարմիր գույնից: Սակայն դա՝ ոչինչ: Մի ուրիշ նախապաշարմունք էլ կա՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի: Նոյեմբերյանցիների զգալի մասը նոր թվականը դիմավորեց պարտքերով: Դե, հայի սովորություն է՝ հարեւան-բարեկամից հետ չմնալ: Եթե հարեւանը հինգ տեսակի սալաթ է պատրաստել, դու պետք է ութ տեսակի ունենաս, մսեղենը, աղանդերն ու միրգն էլ՝ առավել: Այս ամենի հետեւանքով՝ ընտանիքի եկամուտներն անհուսորեն ետ են մնում ծախսերից: Նոյեմբերյան քաղաքի խանութներում, ավանդաբար, առկա են «նիսյայի» տետրեր: Տարեմուտին Նոյեմբերյան քաղաքում աշխույժ առեւտուր ունեցած խանութներից մեկի տիրուհին՝ Աիդա Գասպարյանը, ցույց է տալիս ապառիկ գնումների բազում էջերը եւ ասում, որ դրանք նախորդ տարվա համեմատ շատացել են:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել նաեւ այստեղ: Նոյեմբերյանում գործող բանկերի աշխատողները մեզ ասացին, որ նախորդ տարիների համեմատությամբ կրճատվել են ՌԴ-ից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտների չափերը. արտերկրում ապրող հայերը, հարազատների մասին հոգալուց առավել, իրենց խնդիրներով են տառապում: Ֆինանսական ճգնաժամը Նոյեմբերյանում իր յուրահատկությունն ունի: 2008-ի հոկտեմբերի 19-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Նոյեմբերյան քաղաքում «իշխանափոխություն» տեղի ունեցավ: Նոր քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը (ով այնքան էլ նոր չէ այս պաշտոնում. քաղաքը ղեկավարել է նաեւ 2002-2005 թթ.) ընտրություններից հետո տեղական «Քամուտ» հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց, որ նախորդ քաղաքապետից ժառանգել է 15 միլիոն դրամ պարտք, որի զգալի մասը քաղաքապետարանի եւ նրա ենթակայության ներքո գտնվող հիմնարկությունների աշխատողների երկու ամսվա աշխատավարձի պարտքն է (գործող քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանը ազգականներ են-խմբ.): Նորընտիր քաղաքապետը խոստացավ աստիճանաբար մարել պարտքերը: Խնայողության խիստ ռեժիմը իր ողջ «հմայքով» դրսեւորվեց Ամանորի նախաշեմին: Քաղաքային մշակույթի տան բոլոր աշխատողները դեկտեմբեր ամսին, «կամավոր-պարտադիր» սկզբունքով, իրենց հաշվին մեկամսյա արձակուրդ են գնացել: Որպես հետեւանք, ամեն տարվա նման տարեմուտի հանդես, հանդիսավոր միջոցառումներ չեղան: Ամանորի շունչը զգացվում էր միայն քաղաքապետարանի առջեւ գտնվող սոճիներից մեկի տոնական, ոչ այնքան շքեղ հանդերձից: Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերության եթերում քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Ամանորի մաղթանքներից զատ, տոնական ցանկություններից առավել, անդրադարձավ քաղաքապետարանի ֆինանսական անմխիթար վիճակին. «Տարածքային հարկային տեսչության կողմից հաշվարկված է երկու միլիոն դրամ տույժ-տուգանք, որը հետեւանք է ժամանակին աշխատավարձ չվճարելու: Այդ ցուցանիշով մենք Տավուշի մարզում զբաղեցնում ենք առաջին տեղը: Մեզ հաջողվել է փակել նախորդից ժառանգած պարտքերի մի մասը, համայնքային ենթակայության հինգ հիմնարկների՝ նախկինում չվճարված երկու ամսից՝ մեկ ամսվա աշխատավարձը, վճարել ենք քաղաքապետարանի նախկին աշխատակազմի 2008 թ. սեպտեմբեր ամսվա աշխատավարձի 70%-ը: Մի քանի ամսից կձերբազատվենք այս բոլոր պարտքերից եւ կսկսենք զբաղվել մեր քաղաքի համար առավել կարեւոր հարցերով»: Բացի քաղաքապետի «խոստովանություններից», ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը այլ դրսեւորումներ էլ ունի: Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, այժմ գործազուրկ Վարդան Գիշյանը, ով Ամանորին սովորաբար 10 կգ խոզի միս էր գնում, այս անգամ բավարարվել է 3կգ-ով: Ընդհանրապես, Նոյեմբերյանում «խոզ» բառը ցավագին է ընդունվում: Նախկինում Նոյեմբերյանում ասացվածք կար՝ «ով ուզում է հարստանալ՝ խոզ է պահում, ով ուզում է աղքատանալ՝ .ոզ»: 2007-2008-ի սահմանագլխին Վրաստանից ներթափանցած աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով Նոյեմբերյանում գրեթե վերացան խոզերը: Ժանտախտից սատկած խոզերը պետք է թաղվեին մոտ երեք մետր խորությամբ, սակայն տասնյակ, երբեմն՝ հարյուրավոր խոզեր կորցրած անասնատերերը ժամանակ եւ հնարավորություն չունեին սանիտարա-հիգիենիկ այս պահանջը կատարելու եւ հաճախ սատկած անասունները գլորում էին ձորերը՝ վայրի գազաններին կեր: Մասնագետներն ասում են՝ աֆրիկյան ժանտախտի վիրուսը յոթ տարի պահպանվում է սատկած կենդանու ոսկրածուծի մեջ: Ուստի դեռ տարիներ ժանտախտի վիրուսը կգոյատեւի անտառներում կամ գիշակեր թռչունների օրգանիզմի մեջ: Սա է Նոյեմբերյանի տարածաշրջանում առաջիկա տարիներին անտառային խոզաբուծության տխուր հեռանկարը: Նոյեմբերյանցին, ով սովորաբար տարեգլխին անտառում պահած իր խոզերն էր մորթում, վաճառքի հանում, 2009-ի տարեմուտին հարկադրված էր բավարարվել Բրազիլիայից ներկրված խոզի մսով (կիլոգամը՝ 1800 դրամ) կամ Արարատյան դաշտի խոզաբուծական ֆաբրիկաների արտադրանքով (կիլոգամը՝ 2600 դրամ):

Չէ, նոր տարին այնքան էլ լավատեսություն չի ներշնչում, բնությունն էլ: Եղանակը մռայլ է, թանձր մառախուղ է կախված, ճանապարհներին ձյուն եւ սառույց է: Նոյեմբերյան քաղաքի տաքսիստները, բացի սառցակալած ճանապարհներից, նոր տարում նոր տագնապներ ունեն. հունվարի 15-ին ուժի մեջ է մտնում տաքսի ծառայության մասին նոր կանոնակարգը, որով սպիտակ համարանիշներով մեքենաներն այլեւս երթուղի չպետք է դուրս գան: Նոյեմբերյանում արդեն մի քանի տարի ուղեւորափոխադրումներով զբաղվող Արմեն Խաչիկյանն իր կարծիքն ունի տարվա խորհրդանիշի մասին. «2009-ը էշի տարի է լինելու, որովհետեւ ժողովուրդը ստիպված կլինի էշի նման լարված աշխատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել