Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը զարմանում է թաղապետարանի վրա

Հունվար 09,2009 00:00

\"\"Տեղական ինքնակառավարման եւս մի մարմին պարտվեց

Դեկտեմբերի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնին (ԻԱԿ) ամանորյա նվեր մատուցեց ՀՀ վարչական դատարանը՝ ամբողջությամբ բավարարելով Արաբկիրի թաղապետարանի դեմ հայցը: ԻԱԿ-ը պահանջում էր տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ եւ դատարանից խնդրում էր, որպեսզի թաղապետարանին պարտադրի իրենց տրամադրել տեղեկատվություն տարածքի հաշվառված եւ չսեփականաշնորհված բնակարանների, սեփականության իրավունքով համայնքին պատկանող բնակարաններից դատարանի միջոցով վտարված քաղաքացիների մասին:

2008թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած նախնական դատական քննության ընթացքում Արաբկիրի թաղապետի ներկայացուցիչ Գեղամ Կարապետյանը ներկայացրեց իրենց առարկությունները ԻԱԿ-ի հայցի վերաբերյալ: Նա պնդեց, որ իրենք չեն մերժել ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցումը եւ ասաց. «Գուցե գրագրությամբ իրար չենք հասկացել, ինչի հետեւանքով չենք պատասխանել»: Իսկ դեկտեմբերի 30-ի դատական նիստի ժամանակ ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցապահանջը: Պատասխանող թաղապետարանը հայցն ամբողջությամբ առարկեց, պատճառաբանելով, թե դեռեւս իրենց համայնքում չկա հստակ հաշվառում, այդ պատճառով էլ իրենք ոչ թե մերժել են, այլ ընդամենը չեն ունեցել պահանջվող տեղեկությունները: Դատավոր Հովսեփ Բեդեւյանն էլ հստակեցրեց, որ եթե չունեին հաշվառված բնակարան, պետք է կողմին գրավոր պատասխանեին՝ «0 բնակարան», քանի որ դա նույնպես տեղեկատվություն է: Պատասխանողի ներկայացուցիչ Գեղամ Կարապետյանը տեղեկացրեց, որ Արաբկիր համայնքի ղեկավարն արդեն հանձնարարել է հաշվառել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները, եւ շուտով հստակ տեղեկատվություն կունենան: Պատասխանող կողմը խոստացավ, որ տեղեկատվության պատրաստ լինելուն պես այն կտրամադրի ԻԱԿ-ին:

Դատավոր Հ. Բեդեւյանն էլ նկատեց, որ դատաքննությունն ունեցավ դրական հետեւանք. համայնքը սկսեց հաշվառում իրականացնել: Նաեւ զարմանք արտահայտեց, որ համայնքն այդ գործը սկսում է 10 տարի ուշացումով: Պատասխանող կողմն ընդունեց, որ իրենք սխալ են եւ առաջարկեց պահանջված տեղեկատվության հարցման պատասխանը տրամադրել, ինչի արդյունքում հայցվոր կողմը կհրաժարվի իր հայցապահանջից: Սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը առարկեց՝ պնդելով, որ եթե անգամ պատշաճ պատասխան տրվի, այնուամենայնիվ, դատարանը պետք է արձանագրի իրավունքի խախտման փաստը: «Արաբկիրի թաղապետարանի դեմ ԻԱԿ-ի հայցի դատաքննության շնորհիվ ոչ միայն վերականգնվեց խախտված իրավունքը, այլեւ այն ստիպեց թաղապետարանին կատարելու իր պարտականությունները՝ համայնքում վերջապես իրականացնելով Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանների հաշվառում։ Թաղապետարանը նաեւ պարտավորվեց փոխհատուցել ԻԱԿ-ի վճարած 4000 դրամ պետտուրքը»,- երեկ «Առավոտի» հարցմանը ի պատասխան՝ ասաց ԻԱԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Շուշան Դոյդոյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել