Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԻՐԱՎԵՊՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ

Հունվար 09,2009 00:00

Հանուն սիրո՝ տղան Ամանորի գիշերը սպանեց մորը

Այս տարի էլ Գյումրիում Ամանորը սկսվեց արտառոց՝ քրեածին պատմություններով: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի տեղեկությունների համաձայն, հունվարի 3-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Գյումրիի Թբիլիսյան խճուղու 159 ա շենքի 47-րդ բնակարանի բնակիչ Սամվել Էլոյանը հատակ մաքրող փայտով սպանել է 70-ամյա մորը: Իսկ պատճառը եղել է այն, որ նա ցանկացել է հոգեբուժարանից իրենց բնակարան տեղափոխել հարսնացուին՝ Մելանյա Ավետիսյանին: Տեղեկացնենք, որ Մ. Ավետիսյանը Շիրակի մարզի հանգուցյալ դատախազ Սեւակ Ավետիսյանի դուստրն է, որը երկրաշարժից հետո, բնակվելով Մայիսյան գյուղում, մի քանի տարի շարունակ հողհատկացման համար վիճաբանության մեջ էր մտել գյուղապետի եւ իր հարեւանների հետ: Ըստ ոստիկանության տվյալների, երկար ժամանակ տարբեր պատմությունների մեջ հայտնվելուց հետո, վերջերս նա կալանավորվել է գյուղի բնակիչներից մեկի աչքը հանելու համար: Սակայն, որպես անմեղսունակ, չի պատժվել, քանի որ տեղափոխվել է հոգեբուժարան: Գրեթե նույն «ճանապարհն է կտրել» նաեւ փեսացուն՝ Սամվել Էլոյանը, որը նախկինում եւս կալանավորվել է տարբեր հանցագործությունների՝ բռնաբարության փորձի, դանակահարության համար, սակայն անմեղսունակ է ճանաչվել ու տեղափոխվել է հոգեբուժարան, որտեղ էլ Մելանյայի հետ ռոմանտիկ սիրավեպ է ունեցել, որոշել է նրա հետ ամուսնանալ ու տեղափոխվել բնակարան: Սակայն նրա մտադրությանը դեմ է կանգնել մայրը՝ Էմմա Էլոյանը, ով հատակի փայտով (ծայրին ամրացված է եղել մետաղ) սպանվեց որդու կողմից: Մեր տեղեկություններով, նշված բնակարանում ապրել են միայն մայրն ու որդին:

Ոստիկանության տեղեկությունների համաձայն, անմեղսունակը փշրել էր մոր գանգը: Այնուհետեւ, որպես «հայ քրիստոնյա»՝ Ս. Էլոյանը, այնուամենայնիվ, որոշել է պահպանել թաղման արարողակարգը՝ մոր վրա փայտե խաչ էր դրել, իր հանցագործությունն էլ կոծկելու նպատակով, մորը բնակարանից տեղափոխել էր մուտք ու տան գույքը լցրել վրան: Ավելին՝ Էլոյանը աջ ու ձախ հայտարարել է, որ ինքը «սպանել է աշխարհի հրեշին»: Ոստիկանությունը զոհին գտել է հենց այդ վիճակում: Սակայն այս անգամ «անմեղսունակին» բախտը չի ժպտացել, ոստիկանությունը հարկադիր բուժման մեջ գտնվող Սամվել Էլոյանին մեղադրանք է առաջադրել՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանքը:

Երեկ Շիրակի մարզի հոգեբուժարանից «Առավոտը» փորձեց հետաքրքրվել, թե ինչո՞ւ են դուրս գրել Սամվել Էլոյանին: Պարզվեց, որ նա գտնվել է հոգեպես նորմալ, գիտակից վիճակում, դուրս գրվելիս նույնիսկ հոգեբուժարանի աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել՝ խոստանալով այլեւս չխմել ու անցնել բնականոն կյանքի: Իսկ թե ինչո՞ւ է նա դարձյալ նման վիճակում հայտնվել՝ բժիշկները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, չի օգտագործել դեղերը, թեեւ նրա՝ տանը գտնվելու ընթացքում հոգեբուժարանը որեւէ ահազանգ չի ստացել: Ի դեպ, հոգեբուժարանից դուրս է գրվել նաեւ Մելանյա Ավետիսյանը, ով, բժիշկների բնութագրմամբ, «հավասարակշռված հիվանդ է եղել», ու դուրս է գրվել դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել