Սակայն թաղային համայնքները վստահեցնում են, որ աշխատել են առանց ընդմիջման
Մայրաքաղաքի բոլոր համայնքները, դեռ ձմեռը չեկած, նախապատրաստական աշխատանքներ էին տանում: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս անցած տարի մի քանի անգամ հայտարարել էր, որ հսկայական քանակությամբ աղ ու ավազ է գնել ձմռանը սառցակալած փողոցներն անվտանգ դարձնելու նպատակով: Սակայն ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս մտավախություն կար, որ Երեւանի փողոցները մինչեւ ձմռան վերջ այդպես էլ սառցակալած են մնալու, ուստի քաղաքապետը խիստ նախազգուշացրել էր բոլոր համայնքների ղեկավարներին, որպեսզի այդ հարցում ուշադիր լինեն: Ու քանի որ առատ տեղումներ եղան անցած տարվա վերջին ու Նոր տարվա առաջին օրերին, երբ արդեն բոլոր հիմնարկների աշխատակիցները տոնական արձակուրդում էին, Երեւանում մի քանի օր շարունակ երթեւեկությանը նպաստելու առումով մաքրման աշխատանքներ չկատարվեցին:
Պետք է նշել նաեւ, որ համայնքի փողոցներն անցանելի դարձնելու համար Նոր տարվա գիշերն ու մնացած տոն օրերին քրտնաջան աշխատել են միայն այն թաղապետարանները, որոնց ղեկավարները նոր են ընտրվել: Շատ համայնքներում էլ կոմունալ բաժնի պետեր են փոխվել, որպեսզի քաղաքապետի հրահանգները հասցնեն կատարել: Արաբկիրում, ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց թաղապետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալ Հայկազ Դաշյանը, տոնական արձակուրդ չի եղել. «Աշխատել ենք ամեն օր՝ եւ դեկտեմբերի 31-ին, եւ հունվարի 1-ին»: Մալաթիա-Սեբաստիա համայնքում աղբահանության եւ փողոցների մաքրման աշխատանքներով զբաղվող «Կռունկ» ՓԲԸ-ի տնօրեն Գեղամ Ստեփանյանն էլ հավաստիացրեց, որ իրենք դեկտեմբերի 31-ի գիշերը աշխատել են. «Առավոտյան ժամը 11-ին հավաքվել ենք մեր օֆիսում, իրար հետ Նոր տարի ենք նշել ու գնացել ենք»:
Չնայած մեզ հետ զրույցում բոլոր թաղապետարաններում երդում էին տալիս, թե իրենք գրեթե ամեն օր աշխատել են, որ առատ ձյունից մաքրեն համայնքների փողոցները, սակայն նրանց աշխատանքի մեծ մասը, մեղմ ասած, չէր երեւում: Նոր Նորքի մի շարք բնակիչներ միաբերան դժգոհում էին, որ տոներին մի կերպ են իրենց բարեկամներին շնորհավորելու գնացել, քանի որ առատ ձյունը թույլ չի տվել ոչ մի տեսակի մեքենայով տեղաշարժվել: Այս թաղապետարանի «Սանմաքրման» նորանշանակ պետ Վրեժ Հակոբյանն իրենց համայնքի փողոցներում առկա երեկվա ձյան առատությունը պատճառաբանեց այսպես. «Մեր մեքենան աշխատանքի ժամանակ փչացել է, մինչեւ վաղը կնորոգվի, հետո արդեն կաշխատենք»: Աջափնյակի թաղապետարանի լրատվական ծառայության պետ Մարինե Կարապետյանն էլ ասաց, որ իրենց համայնքում ձմռանը նախապատրաստվել են ամառվանից. «Աղը եւ ավազը ցանվել են, ուղղակի՝ որ ձյունն անընդհատ էր տեղում, մեր աշխատանքը չէր երեւում»: Դավիթաշենի փողոցների ձյուն մաքրելը այդ համայնքի թաղապետը դարձրել էր միջոցառում: Նա երեկ ճանապահային ոստիկանության աշխատակիցների հետ էր իրականացնում տոներին կուտակված ձյան մաքրումը: Չնայած համայնքում մեծ քանակությամբ ձյուն կար, թաղապետի մամուլի քարտուղար Շուշան Բաղդոյանը հավաստիացրեց, որ իրենց թաղապետարանի աշխատակիցները մաքրման աշխատանքներ են արել նաեւ տոն օրերին:
Մեր այն հարցին, թե ինչու Քանաքեռ-Զեյթուն համայնքի փողոցները լավ չեն մաքրվել անցած տոների ժամանակ, թաղապետարանի «Սանմաքրում» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Արամ Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք ամեն օր աշխատել են փողոցներում: Մեր այն դիտարկմանը, որ իրենց աշխատանքի արդյունքն այնքան էլ չի երեւացել, քանի որ այդ համայնքի բնակիչներից մեր թերթը բազմաթիվ բողոքներ է ստացել, նա պատասխանեց. «Ամեն փողոցն իր ժամն ունի, տարբեր ժամերի ենք մաքրում, դրա համար էլ չեք տեսնում: Անցած տարի մաքրման աշխատանքները սկսել են հունվարի 16-ից, այս տարի մենք անգամ չենք դադարեցրել»:
Ի տարբերություն նախորդների, Կենտրոն եւ Ավան թաղամասերից ոչ մի դժգոհություն չենք ստացել: