Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՇԵՐ ԵՄ ՀԱՎԱՔԵԼ ՈՒ ԵՐԱԶԱՆՔ ՊԱՀԵԼ»

Հունվար 09,2009 00:00

Ամեն Ամանորի Գայանեն երազանք է պահում, որ գոնե այդ տարին տարբերվի մյուսներից ու տաք կտուրի տակ մեկն իրեն «ջան» ասի:

\"\"Գայանեն շիշ է հավաքում, որ հաց գնի:

\"\"Բարեգործական ճաշարանում օրը
մեկ անգամ սնվելը Գայանեի հոգսը փոքր-ինչ թեթեւացնում է:

 

«Ցրտին բոլորովին չեմ դիմանում, բայց ստիպված եմ օրվա մեծ մասը փողոցներում լինել: Շշեր եմ հավաքում ու հանձնում, որպեսզի կարողանամ գոնե օրվա հաց առնեմ: Ամբողջ օրը թափառում եմ այն հույսով, որ շատ շիշ կգտնեմ, ու հացից բացի նաեւ ծեր ու հիվանդ հորս համար էլ կարողանամ դեղ գնել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Գայանեն: Նա տասը տարուց ավելի իր 85-ամյա հոր հետ ապրում է անմարդկային ու սոցիալապես ծանր պայմաններում: Ինչպես նախկին տարիների, այնպես էլ այս Ամանորի տոնական օրերը Գայանեի համար ոչնչով չեն տարբերվել սովորական օրերից: Նրա խոսքերով. «Նորից շշեր եմ հավաքել ու երազանք պահել, որ գոնե այս տարի տաք կտուրի տակ մեկն ինձ «ջան» ասի»:

Գայանեն 57 տարեկան է եւ, ինչպես ինքն է ասում, միայնությանն այլեւս չի կարողանում դիմանալ. «Լինում են պահեր, որ ինչ-որ մեկի կարիքն եմ զգում, ուզում եմ, որ կողքիս մեկը լինի, կարոտ եմ մի քաղցր խոսքի, ուզում եմ գորշ ու տխուր կյանքս միչ քիչ լուսավորող լինի: Սովին էլ եմ դիմացել, ցրտին էլ, բայց միայնությանը էլ չեմ կարող դիմանալ: Ափսոսում եմ իմ երիտասարդ տարիները, որ եկան-անցան ու ես մենակ մնացի, անգամ տղայի հետ ընկերություն չարեցի»:

Այսօր Գայանեի հետ ընկերություն են անում միայն բարեգործական ճաշարան այցելող մի քանի անապահովներ: Գայանեն, որպես գործազուրկ ու անապահով, օրը մեկ անգամ սնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող ճաշարանում: Նրա խոսքերով, նույնիսկ օրը մեկ անգամ անվճար սնվելն իր ու իր նմանների համար մեծ բան է: «Ճաշարանում ընկերներ եմ գտել, մորս մահից հետո հիմնականում մեծահասակ կանանց հետ եմ շփվում, նրանք ինձ ավելի լավ են հասկանում ու ընկերակցում: Մի քանի տարի առաջ՝ նախքան ճաշարան այցելելը, ազգությամբ ռուս մի կնոջ հետ էի ընկերացել, նա էր ինձ կերակրում, իսկ հիմա իմ միակ ընկերները ճաշարան այցելող ինձ պես մարդիկ են, մեր խնդիրները նույնն են, ու մենք ենք միայն իրար հասկանում: Ուրախ եմ, որ ուրիշները լավ են ապրում, բայց այն պայմաններում, որ մենք ապրում ենք՝ ծայրահեղություն է: Ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ նպաստ ենք ստանում, ո՛չ էլ որեւէ այլ օգնություն»,- արցունքն աչքերին պատմում էր Գայանեն: Նրա խոսքերով, դպրոցում շատ լավ է սովորել, հիմա էլ կարողանում է խոսել ֆրանսերեն եւ ասմունքել հայերեն ու ռուսերեն:

Այսօր Գայանեի ընտանիքի միակ եկամուտը գոյանում է իր հավաքած շշերի վաճառքից, որն ընդամենը մի քանի հազար դրամ է ու բավականացնում է մի քանի օր հաց գնելուն, եւ հոր թոշակը:

«Հորս ստացած մոտ 20 հազար դրամով չգիտենք սնո՞ւնդ գնենք, դեղե՞ր, թե՞ կոմունալ վարձերը վճարենք, անգամ վերելակից չենք օգտվում, քանի որ ամսական դրա համար էլ պետք է վճարենք: Ծեր հայրս ստիպված ոտքով է այդ մի քանի հարկը բարձրանում: Ամեն ինչ խնայողաբար ենք օգտագործում: Այս ցուրտ եղանակին տունը չենք ջեռուցում, քանի որ հոսանքի վարձի տակից դուրս չենք գա, նստում ենք մի սենյակում ու հագուստով փաթաթվում: Հագուստ ընդհանրապես չեմ գնում. կամ հարեւաններն են տալիս, կամ ծանոթ մարդիկ, եթե հագուստին էլ գումար հատկացնենք՝ սովամահ կլինենք»:

Գայանեի աղքատանալու պատճառն էլ շատերի նման նույնն է եղել՝ խորհրդային կարգերի փլուզումը. «Այն ժամանակ աշխատում էի հուշանվերների գործարանում ու բավականին լավ աշխատավարձ էի ստանում: 30 տարի աշխատել եմ, ոչ մեկի ձեռքին չեմ նայել, իմ վաստակածը բավականացնում էր ե՛ւ ուտելիքին, ե՛ւ հագուստին, ե՛ւ կոմունալ վարձերը վճարելուն, աշխատածիս մի մասն էլ բանկում էի պահում, ի՞նչ իմանայի, որ փողը փոխվելու է, ու իմ տարիներով վաստակած գումարը կորչելու է: Այդ օրվանից էլ սկսվեց տանջալից ու դառը կյանքս»:

Նրա խոսքերով. «Երբ ամբողջ վաստակած գումարս սառեցվեց բանկում, ընդամենը 20 դրամ ունեի ու այդ 20 դրամով էլ սկսել եմ ապրել, ավելի ճիշտ՝ գոյատեւել: Այդ ժամանակաշրջանն ինձ համար շատ ծանր էր: Փակվեց գործարանը ու ոչ մի աշխատանք չկարողացա գտնել, ստիպված տանս իրերն էի վաճառում ու մի կերպ յոլա գնում: Սակայն այդ իրերն էլ մի օր վերջացան»: Գայանեի պատմելով, իր ծանր վիճակը կարող է էլ ավելի վատանալ, քանի որ. «Երբ ուզեն՝ կարող են ինձ տնից դուրս վռնդել: Բնակարանը եղբորս անունով է, հարսիս հետ էլ լավ հարաբերություն չունեմ, շատ անգամ է եղել՝ եկել է ու տնից հանել, օրերով փողոցներում եմ մնացել, հայրս ծեր է, հորս մահից հետո երբ ցանկանան՝ կվռնդեն ու այդ ժամանակ, իրոք, փողոցում կհայտնվեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել