Կարծում է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան եւ հավաստիացնում, որ ՀԴՄ կտրոնն այսուհետեւ դառնում է անվճար լոտոյի տոմս, որով յուրաքանչյուր ամիս շուրջ 10 հազար հոգի կշահի 5000-ից մինչեւ 5 միլիոն դրամ: Փետրվարի 6-ին կլինեն առաջին շահումները:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը 2009 թ. հունվարի 1-ից սկսում է հատուկ համարների միջոցով ՀԴՄ կտրոնների վիճակահանություն՝ ստվերային ապրանքաշրջանառությունը նվազեցնելու եւ հարկման դաշտ տեղափոխելու նպատակով: Արդեն տեւական ժամանակ հեռուստաեթերից անընդմեջ հնչում է հայրենի կառավարության կոչը սպառողներին՝ պահանջե՛լ ՀԴՄ կտրոնը՝ վիճակահանությամբ մեծ գումարներ շահելու ակնկալիքով: Մինչդեռ «Առավոտը» բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ, օգտվելով տոնական եռուզեռից, Երեւանի բազմաթիվ սուպերմարկետներում հաճախորդներին չեն տրվել ՀԴՄ կտրոններ: Որոշ դեպքերում, ի պատասխան հաճախորդների՝ կտրոն տրամադրելու պահանջին, խանութների դրամարկղերի աշխատակիցները պատասխանել են, որ տնօրինության կողմից հրահանգված է կտրոններ չտրամադրել: Բազմաթիվ սուպերմարկետների աշխատակիցներ էլ կտրոններ չտրամադրելը պատճառաբանել են այն փաստով, որ հարկայինի կողմից տրված նոր տիպի՝ դարձերեսին հատուկ համարներով ժապավենը չի համապատասխանում իրենց հաշվիչ դրամարկղային մեքենային:
Եվ քանի որ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 8-ը հարկային մարմինների համար եւս ոչ աշխատանքային օրեր էին եւ ստուգումներ չկային, խոշոր խանութների տերերը, որեւէ կերպ չվերահսկվելով, ազատորեն իրականացրել են ստվերային մեծածավալ առեւտուր: Թե ով եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի դրա համար՝ Պետական եկամուտների կոմիտեում դժվարացան պատասխանել: Փոխարենը բացառեցին նոր տիպի ժապավենների անհամապատասխանությունը հսկիչ դրամարկղային մեքենաներին եւ հավաստիացրին, որ առաջին աշխատանքային օրն իսկ իրենց կողմից բոլոր տնտեսվարող սուբյեկտներին տրվել են լրացուցիչ ցուցումներ նոր՝ դարձերեսի վրա հատուկ համարներով կտրոններ տրամադրելու վերաբերյալ:
Ըստ Պետեկամուտների կոմիտեի հարկային հաշվառման եւ հսկողության ընթացակարգերի բաժնի պետ Արթուր Մանուկյանի, քանի որ վիճակահանության կարգը նոր է, հարկային մարմիններն առայժմ ձեռնպահ կմնան տնտեսվարող սուբյեկտներին պատժելուց, սակայն առաջիկայում, եթե տնտեսվարող սուբյեկտը տրամադրի հին ժապավենով, առանց հատուկ համարների ՀԴՄ կտրոն, ապա դա կընկալվի իբրեւ ՀԴՄ կտրոնի տրամադրման խուսափում, եւ տնտեսվարողը կպատժվի օրենքով սահմանված կարգով. ԱԱՀ չվճարողները առաջին անգամ կտուգանվեն 75 հազար, 2-րդ անգամ՝ 150 հազար դրամ, իսկ ԱԱՀ վճարողները առաջին անգամ՝ 150 հազար, իսկ 2-րդ անգամ՝ 300 հազար դրամ: Կա նաեւ պատժի առավելագույն ձեւը՝ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ժամանակավոր կասեցումը: Սակայն այդ ամենի վերահսկողությունը նախեւառաջ կախված է շարքային սպառողից, որը պետք է պահանջի իր կտրոնը:
Առհասարակ աշխարհում կիրառվում են հարկման արդյունավետության բարձրացման տարբեր՝ պատժման եւ խրախուսման մեխանիզմներ: Հայաստանում հունվարի 1-ից գործող վիճակահանության կարգը խրախուսումն է, այն արդեն երեք տասնամյակ կիրառվում է Թայվանում եւ շուրջ 20 տարի՝ Չինաստանում: Թե որքանով արդյունավետ կլինի նման վիճակահանությունը Հայաստանում, ցույց կտա ժամանակը: Սակայն պետեկամուտների կոմիտեում լավատես են, քանի որ, ըստ Պետեկամուտների կոմիտեի բաժնի պետ Ա. Մանուկյանի, հայերը լոտո խաղացող ազգ են, իսկ այս դեպքում ՀԴՄ կտրոնը անվճար լոտոյի տոմս է, որի հարյուր միլիոն տպաքանակից (այսօր ամսական հենց այդքան կտրոն է շրջանառվում) շուրջ 10 հազարը շահումային է:
Նշենք, որ յուրաքանչյուր ամսվա համար վիճակահանությունն իրականացվելու է հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ Հանրային հեռուստատեսությամբ, հատուկ հանձնաժողովի կողմից: Ուղիղ եթերում կընտրվեն շահող 8 թվերը, որոնցից 4-ի հաջորդական համընկնման դեպքում 9 հազար կտրոն կշահի 5000-ական դրամ, 5-ի դեպքում՝ 900 կտրոն կշահի 20 հազարական դրամ, 6-ի դեպքում՝ 90 կտրոն կշահի 50 հազարական դրամ, 7 թվի համընկնման դեպքում՝ 9 կտրոն կշահի 500 հազարական, իսկ 8 ի դեպքում՝ մեկ կտրոն կշահի 500 հազար դրամ:
Սակայն դա միայն այն դեպքում, եթե շարքային սպառողները հետեւողական լինեն եւ պահանջեն կտրոնները, հակառակ պարագայում՝ տնտեսվարողների անբարեխղճության արդյունքում կտրոնների ողջ տպաքանակը կարող է եւ չսպառվել, հետեւաբար՝ շահումներն էլ քիչ կլինեն:
Փետրվարի 6-ին սպասենք առաջին վիճակահանությանը: