Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆ՝ ՀԱՐԿԱՅԻՆԻ ՄԵՂՔՈՎ

Հունվար 09,2009 00:00

Հարկային ծառայության աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքի պատճառով տնտեսվարողները «դատարանների» դռներն են ընկնում:

Վերջերս ՀՀ իշխանությունները պարբերաբար վստահեցնում էին, որ հարկայինում եւ մաքսայինում կատարված բարեփոխումներն արդյունավետ կլինեն թե՛ տնտեսվարողների եւ թե՛ պետության համար, որ լուրջ առաջընթաց կլինի ոչ միայն հարկահավաքման գործում, այլեւ՝ փաստաթղթաշրջանառության: Ասենք, օրինակ, հարկային-տնտեսվարող շփումը կնվազի, կամ դիմումների եւ փաստաթղթերի հետ կապված խնդիրները կլուծվեն մաքսիմալ սեղմ ժամկետներում: Չնայած այդ ոլորտներում որոշ բարեփոխումներ տեղի ունեցան, այնուամենայնիվ, այսօր հարկայինի աշխատակիցների թերացումների պատճառով բազմաթիվ տնտեսվարողներ դեռեւս տուժում են:

Հենց պետեկամուտների հարկային ծառայության աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքի պատճառով է տուժել նախկին անհատ ձեռնարկատեր Արմեն Գրիգորյանը: Ընդամենը դիմումին համապատասխան տեղեկանք տալու ուշացման պատճառով պարոն Գրիգորյանն այսօր դատական գործընթացների մեջ է ներքաշվել: Ընդամենը 1 ամիս բիզնեսով զբաղվելով եւ վնասներ կրելուց հետո, Ա. Գրիգորյանը 2007 թվականի հոկտեմբերի 10-ին որոշել է դադարեցնել անհատ ձեռնարկատիրական աշխատանքը, ինչի համար էլ դիմել է պետեկամուտների Մյասնիկյանի բաժին: Ա. Գրիգորյանի ներկայացմամբ՝ հարկայինին է ներկայացրել բոլոր պահանջվող փաստաթղթերը եւ կատարել համապատասխան վճարումները: Երբ Գրիգորյանը հարկայինի աշխատակցից փորձել է ճշտել, թե ե՞րբ կարող է ստանալ Ա/Ձ գործունեության դադարեցման մասին տեղեկանքը, նրան վստահեցրել են, թե 3 ամսվա ընթացքում կկանչեն ու կտան տեղեկանքը.«Ես վերջերս իմացա, որ իմ դիմումի պատասխանն ու տեղեկանքը, ըստ օրենքի, պետք է 1 ամսից տային, այնինչ, չգիտես ինչ-ինչ պատճառներով, առանց հիմնավորումների, ոչ թե 3 ամիս ձգձգեցին, ինչպես վստահեցրել էին, այլ՝ 8: Մի քանի ամիս անց, որեւէ ծանուցում չստանալով, ես ինքս ներկայացա Մյասնիկյանի հարկային, որպեսզի տեղեկանամ, թե ինչ ընթացքում են իմ գործերը, ինձ պատասխանեցին՝ դեռ պատրաստ չէ, մենք կկանչենք ձեզ»: Ա. Գրիգորյանի պատմելով՝ քանի որ 4-5 ամիս անգործ էր մնացել, 2008-ի հունվարին դիմել է Արաբկիրի զբաղվածության կենտրոն, որպեսզի հաշվառվի որպես գործազուրկ: «Այստեղից էլ վստահեցրին, որ պետք է 1 ամիս հարցում կատարեն՝ արդյոք որեւէ տեղ աշխատո՞ւմ եմ կամ գրանցվա՞ծ եմ այլ համայնքի կամ քաղաքի զբաղվածության կենտրոնում, թե՞ ոչ: Փետրվարին կանչեցին եւ ասացին, որ ինձ գրանցել են 6 ամսով, տալու են 15 հազար դրամ նպաստ՝ մինչեւ համապատասխան աշխատանք գտնեն: Այդ ընթացքում զբաղվածության կենտրոնը հարկայինին եւս հարցում է արել եւ պատասխան չի ստացել, բայց դա չի խանգարել, որպեսզի կենտրոնն ինձ հաշվառման վերցնի իրենց մոտ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը: Մինչ պարոն Գրիգորյանը նպաստ էր ստանում եւ սպասում համապատասխան աշխատանքի, Մյասնիկյանի հարկայինից նրան, վերջապես, կանչում են, սակայն ոչ թե Ա/Ձ-ի գործունեության դադարեցման մասին տեղեկանքը տալու, այլ պահանջում են, որպեսզի սոցիալական ապահովագրական պետական ծառայությունից (սոցհիմնադրամ) փաստաթուղթ ներկայացնի՝ թոշակառուների ֆոնդին համապատասխան վճարումներ կատարե՞լ է, թե՞ ոչ: «Ինչո՞ւ գործունեության դադարեցման դիմում տալու օրը չէին պահանջել այդ տեղեկանքը, այլ մի քանի ամիս հետո ուզեցին: Ինչեւէ, այդ տեղեկանքն էլ ներկայացրի, որ սոցապահովագրության վճարների գծով պարտավորություն չունեմ, բայց նրանք տեղեկանքը տվեցին 11.06.08-ին, այսինքն՝ եւս 3 ամիս ուշացրին»:

Սակայն հարկայինից այդքան բաղձալի տեղեկանք ստանալն այնքան էլ չուրախացրեց Արմեն Գրիգորյանին, քանի որ 4 ամիս նպաստ ստանալուց հետո զբաղվածության կենտրոնից նրան հայտնեցին, որ զրկում են մնացած 2 ամսվա նպաստից, քանի որ հարկայինից ուշացումով են տեղեկանք ստացել այն մասին, որ Ա. Գրիգորյանը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, բացի այդ, զբաղվածության կենտրոնը դիմել է դատարան՝ վճարված գումարի բռնագանձման հայցով. «Բավական չէ՝ ինձ համար այդպես էլ աշխատանք չգտան, դեռ մի բան էլ հետ են պահանջում նախկին 4 ամիսների վճարած 55 հազար դրամ նպաստը: Ինչպե՞ս կարելի է կարիքավորից բռնագանձել տված օգնությունը: Թող զբաղվածության կենտրոնն ու հարկայինը միմյանց միջեւ լուծեն այդ խնդիրը, քանի որ իրենց թերի եւ վատ աշխատանքի պատճառով է առաջացել այս ամենը, հենց իրենց պատճառով էլ ես ընկել եմ դատական քաշքշուկների մեջ»:

«Առավոտի» հետ զրույցում պետեկամուտների հարկային ծառայությունից վստահեցրին, որ հարկայինը պարտավոր է 30-օրյա ժամկետում ցանկացած դիմումի պատասխան տալ: Իսկ եթե անգամ երկարաձգվում է որեւէ փաստաթուղթ տրամադրելը, ապա դա արվում է հիմնավոր պատճառների դեպքում: Հարկային ծառայության լրատվական բաժնից տեղեկացրին, որ այժմ մոտեցումները փոխվել են եւ խիստ պահանջ է դրված, որպեսզի շատ կարճ ժամկետում տրամադրվեն ցանկացած փաստաթղթեր, հետեւաբար Ա. Գրիգորյանը կարող է նորից դիմել իրենց, նրա խնդիրը կվերանայվի եւ պարզաբանում կտրվի, ինչը կարող է օգտակար լինել դատական խնդրի լուծման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել