Այդպես պնդում է «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը հրապարակել է «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող հանրային հանձնաժողովի հայտարարությունը՝ ՀՀ ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների եւ ՀՀ դատախազության կողմից նրա սպանության հանգամանքները կոծկելու ու այդ սպանությունը ընդդիմության վրա բարդելու փորձերի վերաբերյալ: «Իշխանությունների կողմից հատուկ միջոցների ոչ պրոֆեսիոնալ, ոչ ճիշտ օգտագործելու հետեւանք». Ս. Աբրահամյանը այսպես է բացատրել մարտի 1-ի երեկոյան ծավալված իրադարձությունների ժամանակ ոստիկանության սպայի մահվան պատճառը: Նրա գնահատմամբ, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից շրջանառության մեջ դրված վարկածը, թե սպա Հ. Թադեւոսյանի մահվան պատճառ է դարձել ցուցարարների կողմից օգտագործված մարտական նռնակի պայթյունը, իրականությանը չի համապատասխանում: Ս. Աբրահամյանը նախ մեջբերել է նոյեմբերի 26-ին ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ «Հ. Թադեւոսյանի դիակից եւ կոշիկից հայտնաբերվել են, ըստ փորձաքննության եզրակացության, գործարանային արտադրության մարտական նռնակի համար նախատեսված ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչի բեկորներ»։ Հանրային հանձնաժողովի համոզմամբ, ինչպես այլ դեպքերում, այս անգամ նույնպես դատախազությունը փորձել է հանրությունից թաքցնել իշխանությունների գործած հանցանքները եւ այդ նպատակով էլ աղավաղել է իրականությունը ու որպես ճշմարտություն՝ ներկայացրել գոյություն չունեցող «փաստեր»: Ո՞րն է իրականությունը՝ ըստ հանրային հանձնաժողովի: Վերջինս իր եզրակացությունը կառուցել է բացառապես Հ. Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ քրեական գործում առկա փաստերի վրա. «1. Քրգործում առկա՝ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 25.04.08թ. թիվ 735 եզրակացությունում չկա որեւէ պնդում այն մասին, որ Հ. Թադեւոսյանի դիակից եւ կոշիկից հայտնաբերված, ծռմռված, դեֆորմացված, անկանոն ձեւի բեկորներից երկուսը հանդիսանում են ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչի ականոցի վերին հատվածի մասեր։ Փորձագետն ընդամենը թեականորեն նշել է, որ դրանք, հավանաբար, ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչի բեկորներ են։ Հետեւաբար, ՀՀ դատախազության աներկբա պնդումը, որ օգտագործվել է մարտական նռնակ, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ նպատակ է հետապնդում Հ. Թադեւոսյանի մահվան մեջ անհիմն մեղադրել ցուցարարներին։
2. Փորձաքննությունը կատարվել է թերի։ Այսպես, փորձաքննությամբ չի պարզվել բեկորների քիմիական բաղադրությունը՝ թե ինչ մետաղից են դրանք;
3. Ըստ փորձագիտական եզրակացության, մարտական նռնակը պայթել է Հ. Թադեւոսյանի ոտքերի առջեւ այն պայմաններում, երբ մարտական նռնակի պայթյունից առաջացող շուրջ հազար բեկորները ունեն 25-30 մետր խոցման, ոչնչացման շառավիղի ազդեցություն, չի պարզված, թե որքան զինծառայող է ստացել մարմնական վնասվածք եւ ինչ կարգի վնասվածքներ են դրանք։
4. Ըստ քրգործի տվյալների, Հ. Թադեւոսյանի դիակի վրա առկա մի քանի տասնյակի հասնող վնասվածքներում, որոնք բժիշկների կողմից մշակվել եւ կարվել են, ոչ մի բեկոր չի հայտնաբերվել։ Դրա հետ կապված՝ քրգործում բացակայում է բժիշկների հարցաքննությունը։
5. Ըստ քրգործի տվյալների, Հ. Թադեւոսյանի հագին եղած ձմեռային բաճկոնի վրա առկա մի քանի տասնյակի հասնող վնասվածքներում նույնպես չկա նշում բեկորների առկայության մասին։
6. Բացակայում է Հ. Թադեւոսյանի ձախ կոշիկի մեջ մխրճված երկրորդ բեկորի փորձաքննությունը։
7. Դեպքի վայրի՝ քրգործով կատարված զննությամբ չեն հայտնաբերվել, այսպես կոչված՝ մարտական նռնակի պայթյունին բնորոշ հետքեր, ոչ էլ բեկորներ։
8. Փորձաքննություն չի արվել Հ. Թադեւոսյանի ձեռքերի վրայի մրի բաղադրությունը պարզելու համար։
9. Փորձաքննություն չի արվել Հ. Թադեւոսյանի հագուստի վրա առկա մրի եւ վնասվածքների շրջանում այրվածքների հետքերը պարզելու համար»։
Վերոհիշյալ փաստերից ելնելով՝ հանրային հանձնաժողովը, ըստ Ս. Աբրահամյանի, եզրակացրել եւ բացահայտել է հետեւյալը. «Դատախազության պնդումները, որ Հ. Թադեւոսյանը մահացել է, իբր, ցուցարարների կողմից մարտական նռնակ գործադրելու պատճառով, հիմնավորված չեն գործում առկա նյութերով: Հերքվում են նաեւ դատախազության պնդումները ընդհանրապես ցուցարարների կողմից մարտական նռնակների օգտագործման մասին: Դատախազության պնդումների անհամապատասխանությունը՝ մարտի 1-ի դեպքերի քննության կապակցությամբ հարուցված քրգործով ձեռք բերված ապացույցների, ինչպես նաեւ Հ. Թադեւոսյանի մարմնում եւ հագուստի վրա եղած վնասվածքների բեկորների առեղծվածային անհետացումը թույլ են տալիս եզրակացնել, որ դատախազության եւ քննչական խմբի կողմից իրականացվել են հանցագործության պարտակմանն ուղղված գործողություններ»։
Ս. Աբրահամյանը նաեւ հրապարակել է հանրային հանձնաժողովի՝ Փորձագետների փաստահավաք խմբին ուղղված կոչը՝ ուսումնասիրել ՀՀ դատախազության նման հայտարարության հիմքերը, պարզել Հ. Թադեւոսյանի մահվան կապակցությամբ արված փորձաքննության թերությունների պատճառները։