«Յոթի» դատավարությունը դատաքննության փուլ դեռ չի հասել
Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվելու է «Յոթի» գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ դատավարության նախորդ՝ 2008թ. դեկտեմբերին կայացած բոլոր երեք նիստերում էլ հայտարարվել է ամբաստանվող 7 քաղբանտարկյալներին դատարանի դահլիճից հեռացնելու եւ դատական նիստը հետաձգելու մասին:
Բոլոր այս որոշումները դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատճառաբանել է ամբաստանվող յոթնյակի կողմից «ոտքի՛, դատարանն է գալիս» հայտարարությանը չարձագանքելու եւ նստած մնալու՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու փաստով:
«Յոթի» դատավարության ամենասկանդալային նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Այդ օրը, ինչպես նախապես հայտարարել էր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը, իշխանությունները նախապատրաստել էին սադրանքներ: Ըստ այդմ, դատարանի դահլիճում մշտական ներկայություն ապահովող ոստիկանության աշխատակիցները պետք է իրենց եւ ամբաստանվողների հարազատների միջեւ քաշքշուկներ հրահրեին՝ դատարանի դահլիճում անկայուն իրավիճակ, հասարակական կարգի խախտումներ կազմակերպելու նպատակով: Սա, «Յոթի» պաշտպանների համոզմամբ, միակ ճանապարհն էր դատական դռնփակ եւ ոչ հրապարակային նիստեր անցկացնելու որոշում կայացնելու համար: Այս սադրանքները հնարավոր եղավ կանխել, որովհետեւ ամբաստանվողների հարազատները, ընդառաջելով Կոնգրեսի կոչին, դեկտեմբերի 27-ին որոշեցին դատարանի դահլիճ չմտնել: Բայց դրանից դատարանի շենքում սահմանված անվտանգության ապահովման «արտակարգ միջոցառումների» ծրագիրը չէր փոխվել: Դատարանի շենք մուտք գործած բոլոր լրագրողներին դատարանի կարգադրիչները մի լավ «շմոն» արեցին՝ քրքրեցին բոլորի պայուսակները, ի պահ վերցրին անգամ պայուսակում եղած օծանելիքները, հետո մետաղորսիչով լավ խուզարկեցին, բայց դատարանի նիստերի դահլիճ մտնել այդպես էլ թույլ չտվեցին. ասացին՝ դատարանի որոշումն է: Թե դատարանի հատկապես ո՞ր որոշումն էին իրենք վկայակոչում՝ դատական կարգադրիչներից որեւէ մեկը հոդաբաշխ ձեւով բացատրել չկարողացավ: Հիշեցնենք, որ դատական առաջին նիստում դատավոր Մ. Մարտիրոսյանը առանձին անդրադարձել էր դատավարության լուսաբանմանը եւ դատավարության կողմերի համաձայնությամբ որոշում էր կայացրել՝ թույլատրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դատարանի դահլիճում դատական ողջ պրոցեսի ընթացքում ձայնագրություններ, տեսագրություններ անել եւ լուսանկարել: Դատավոր Մարտիրոսյանը սրանից բացի, որեւէ այլ որոշում չէր կայացրել եւ չէր հրապարակել: Իսկ դա նշանակում էր, որ կարգադրիչներն ու դատավորը մինչեւ դատարանի այլ որոշում կայացնելը պարզապես իրավունք չունեին լրագրողներին արգելել մուտք գործել դատարանի դահլիճ եւ աշխատել: Փոխարենը լրագրողներին առաջարկվում էր դատական նիստին հետեւել առանձնացված մի սենյակից, որտեղ տեղադրվել էր երկու մոնիտոր: Ընդ որում, դրանցով լսելի էր բացառապես դատավարության կողմերի՝ դատավորի, մեղադրողների, ամբաստանվողների եւ նրանց պաշտպանների, նաեւ տուժողների համար առանձնացված հատվածում տեղի ունեցող խոսակցությունը, իսկ ահա դահլիճում տիրող իրավիճակը արձանագրելու հնարավորություն, որը եւս կարեւոր է լրագրողների համար՝ դատավարության ընթացքի լիարժեք լուսաբանման տեսանկյունից, մանավանդ, երբ կա դահլիճում սադրանքներ հրահրելու մտավախություն, ԶԼՄ-ների ներկայացուցիչները ընդհանրապես չունեին: Դրանով իշխանությունները, ըստ ամենայնի, փորձել էին նաեւ դահլիճում տեղ զբաղեցնող սադրիչ ոստիկաններին «պաշտպանել» լրագրողների ֆոտոխցիկներից: Դեկտեմբերի 27-ի նիստին լրագրողներից որեւէ մեկին այդպես էլ չհաջողվեց դատարանի դահլիճ մտնել, թեեւ դահլիճը կիսով չափ ազատ էր: Դա անհասկանալի էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի համար, որը առկա վիճակը բնութագրեց որպես «անհեթեթություն»: Ու մինչ միջանցքում լրագրողներն ու դատական կարգադրիչները «հարաբերություններ» էին պարզում, դահլիճում դատական նիստը սկսվեց ու մի քանի վայրկյան անց հերթական անգամ հետաձգվեց: Դատավոր Մարտիրոսյանը, հասկանալով, որ դռնփակ դատավարություն անցկացնելու մասին որոշում կայացնելու համար դահլիճում առկա իրավիճակը նպաստավոր չէ, հրապարակեց նախ՝ իր նկատմամբ «անհարգալից վերաբերմունք դրսեւորած» ամբաստանվողներին դատարանի դահլիճից հեռացնելու, ապա՝ նաեւ նիստը հետաձգելու իր որոշումը:
Դատավորն ու մեղադրողները արագ հեռացան դահլիճից, իսկ քաղբանտարկյալներն ու նրանց պաշտպանները մի քանի րոպե եւս մնացին նիստերի դահլիճում: «Ուզում եք՝ 800 անգամ դուրս բերեք դահլիճից, մեկ է՝ չենք կանգնելու»,- հայտարարեց ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը կոչ արեց ՀՀ գործող նախագահին՝ դատավարության մասնակիցներին, լրագրողներին անհարմար վիճակի մեջ չդնելու համար մի հրամանագիր ստորագրել, դրանով «քանի տարի որոշել են՝ թող դատապարտի, վերջ դնի այս իրավիճակին»: Մալխասյանը հայտարարեց, թե այնպիսի դատավարություն, որպիսին փորձում են անել իրենց նկատմամբ՝ պարզապես չի լինում, դա ուղղակի քաղաքական հաշվեհարդար է, հիշեցնելով, որ դատավորը թույլ չի տվել նախորդ դատական նիստում հայտարարությամբ հանդես գալ՝ բացատրելու իրենց ոտքի չկանգնելու հանգամանքը, հայտարարություն անելու Գրիգոր Ոսկերչյանին բռնության ենթարկելու առնչությամբ: Ալ. Արզումանյանն էլ ասաց, թե ոտքի չկանգնելն իր սահմանադրական իրավունքն է, իր դիրքորոշման, իր բողոքի արտահայտման ձեւն է, քաղաքական ակցիա: Ու թեեւ ամբաստանվողներին ուղեկցող զինծառայողները փորձում էին քաղբանտարկյալներին քաշքշելով դուրս բերել դատարանի դահլիճից, այդուհանդերձ, Մ. Մալխասյանը հասցրեց իշխանություններից պահանջել՝ կատարել ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերջ տալ բռնություններին. «Իրենք ոտնահարում են մեր իրավունքները, եւ մենք անօրինական ենք համարում այս դատավարությունը եւ ոտքի չենք կանգնելու»:
Արդեն նիստերի դահլիճից դուրս՝ «Յոթի» պաշտպաններն ու ՀՀ օմբուդսմենը փորձում էին քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակները, որովհետեւ հակառակ դեպքում 7 քաղբանտարկյալները կարող են անընդհատ ոտքի չկանգնել, իսկ դատավորն էլ՝ հետաձգել դատական նիստերը: «Դա փակուղի է»,- արձանագրեց ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ում համար, իր ասելով, հասկանալի եւ ընդունելի էին ինչպես քաղբանտարկյալների ոտքի չկանգնելու շարժառիթներն ու դիրքորոշումը, այնպես էլ դատավորի կեցվածքը: Դատավոր Մարտիրոսյանի հետ բանակցություններից հետո էլ Ա. Հարությունյանը լրագրողներին փոխանցեց, թե դատավորը չի պատրաստվում իրեն չհարգող ամբաստանյալների համար հատուկ կարգ սահմանել: ՀՀ օմբուդսմենի մատուցմամբ, «դատավորը չի համաձայնել դատը սկսել ի սկզբանե իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առկայության պայմաններում»:
Թե ինչ է լինելու «Յոթի» դատավարության այսօրվա նիստում՝ կարդացեք վաղվա մեր համարում: