Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՉԻ ԶԱՐՄԱՆՈՒՄ

Հունվար 09,2009 00:00

  \"\"Ազատազրկված 42 քաղաքական գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով դժգոհում են օմբուդսմենի գործունեությունից եւ հայտարարում են, որ վերջինս պետք է հրաժարական տա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ օմբուդսմենի գործունեության հանդեպ նման վերաբերմունքն իր համար զարմանալի եւ անսպասելի չէ. «Քանի որ քաղաքական դաշտում անհանդուրժողականությունն է տիրում, օմբուդսմենի համար առավել եւս դժվար է, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանի մոտեցումները չեն կարող համընկնել իշխանության կամ ընդդիմության մոտեցումների հետ: Իսկ քանի որ քաղաքական կուլտուրան անհանդուրժողականությունն է, մեր երկրում գործում է նեոբոլշեւիկյան սկզբունքը՝ «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է»: Ոչինչ զարմանալի չէ: Երբ իմ մոտեցումը չի համընկնում իշխանության շահերին, անմիջապես դատախազության ներկայացուցիչները սկսում են խոսել, որ մարդու իրավունքների պաշտպանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: Իսկ երբ իմ մոտեցումները չեն համընկնում ընդդիմության շահերին, պարզվում է, որ օմբուդսմենի հրաժարականն է պետք: Այս ամենը խոսում է քաղաքական դաշտում ոչ առողջ վիճակի մասին: Մարդիկ սրա մասին պետք է մտածեն, ոչ թե փորձեն օմբուդսմենին ներքաշել սեփական քաղաքական տեխնոլոգիաների մեջ»:

Արմեն Հարությունյանը հերքեց նաեւ լուրերը, թե իրեն իշխանություններին ծառայելու դիմաց խոստացել են արդարադատության նախարարի կամ գլխավոր դատախազի պաշտոնը. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչու են ստորադասում օմբուդսմենի ինստիտուտը այդ երկու պաշտոնների նկատմամբ: Ժամանակը շատ շուտ ցույց կտա, որ այդ կարգի լուրերը եւս ընդամենը քաղաքական տեխնոլոգիաներ են՝ օմբուդսմենի նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել