Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածությունը չի կարող լինել միակողմանի

Հունվար 09,2009 00:00

  Վստահ է Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում գործող հանրային հանձնախմբի համակարգող, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ շատ ճիշտ է համարում ընդդիմության չմասնակցությունը մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքներին. «Ժամանակն էլ ցույց տվեց, որ հանձնաժողովը ընդամենը ստեղծվել է հասարակական ուշադրությունը շեղելու համար. բացարձակապես անպտուղ զբաղմունք, որի արդյունքը հենց ինքը՝ հասարակությունը տեսավ, որովհետեւ այդքան նիստերի ընթացքում կոնկրետ բացահայտում չեղավ, ավելին ասեմ՝ անգամ սովորական մարդկային կարեկցանք ու բարի կամքի դրսեւորման տարրեր ես չտեսա: Ընդամենը պատվեր էին կատարում՝ վերջ»,- հայտարարել է պարոն Աբրահամյանը:

«Առավոտը» Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ կիսո՞ւմ է ընդդիմության ներկայացուցչի այս տեսակետը: Ի պատասխան, Սամվել Նիկոյանն ասաց. «Անկեղծ ասած, նման վերաբերմունքը մի մարդու կողմից, որի նկատմամբ անձնական հարգալից վերաբերմունք ունեմ, ինձ համար անհասկանալի է: Ես դա բացատրում եմ զուտ քաղաքական դրդապատճառներով, քանի որ հասկանում եմ, որ իր վերաբերմունքը մեր հանձնաժողովին զուտ քաղաքական է; Ինքն ուրիշ բան չէր էլ կարող ասել, ցավում եմ, որ ազատության աստիճանն այնքան սահմանափակ է Սուրեն Աբրահամյանի մոտ, որ ինքը չի կարող ասել այն, ինչ մտածում է: Իրենք չեն մասնակցել մի հանձնաժողովի, որը գործում է հրապարակային եւ ունի շատ ավելի մեծ լիազորություններ: Բայց իրենք մասնակցում են փաստահավաք խմբին, որը պետք է փաստեր հավաքի մեր հանձնաժողովին ներկայացնելու համար: Այս իրավիճակում գնահատականը թողնում եմ Սուրեն Աբրահամյանին եւ ձեր թերթի ընթերցողներին»:

Նկատեցինք, որ կոնկրետ մեղադրանք է հնչել հանձնաժողովի հասցեին՝ «անգամ սովորական մարդկային կարեկցանք ու բարի կամքի տարրեր» չի դրսեւորել: Հարցրինք, թե ինչո՞ւ հանձնաժողովը հոգատար եւ սրտացավ վերաբերմունք չի դրսեւորել մարտի 1-ի տուժածների եւ զոհերի հարազատների նկատմամբ: Կամ գուցե եղել է, աննկա՞տ է մնացել: Ըստ Նիկոյանի՝ «Հոգատար եւ սրտացավ վերաբերմունք պետք է ցուցաբերել ոչ թե անձերի, այլ՝ երեւույթի նկատմամբ: Հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները երեւութային գնահատականներ եւ մոտեցումներ են: Հանձնաժողովն արեց այն, ինչ կարողացավ անել: Իհարկե, ես չեմ կարող հպարտանալ դրանով, որովհետեւ մենք մտածում էինք տարին փակել այնպես, որ կարողանանք մեր հասարակությանը ներկայացնել այն, ինչ կարողացել ենք ընկալել որպես ճշմարտություն: Սա չկարողացանք անել այն պարզ պատճառով, որ մահվան հանգամանքների ուսումնասիրության հարցում մենք դեռեւս անելիքներ ունենք, երկրորդը՝ ստեղծվել է փաստահավաք խումբ, որտեղ ընդգրկված են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, եւ հանձնաժողովը պարտավոր է սպասել, մինչեւ նրանք իրենց հավաքած փաստերը տրամադրեն մեզ: Այս պատճառներով էլ հանձնաժողովը սպասման մեջ է, եւ ես ոչ միջանկյալ զեկույց ներկայացրի, ոչ էլ հասցրեցի տարեվերջին զեկույց ներկայացնել»:

Զրույցի շարունակությունը՝ վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել