2009-ին էլ հայաստանյան քաղաքական ուժերի մի մասը շարունակելու է ճգնել ազգի համար, մյուսները՝ «կազմաքանդել» իշխանական բուրգը:
Ի տարբերություն հայաստանյան այլ քաղաքական միավորների, որոնք աշխատանքային ռիթմի անցնելու փորձեր էին անում հունվարի 7-ից սկսած, Հայ ազգային կոնգրեսը հունվարի 3-ից, այսպես կոչված, նախապատրաստական եւ պլանավորման փուլի մեջ էր: Երեկ «Առավոտը» փորձեց ճշտել, թե 2009 թվականին գործունեության ո՞ր ոլորտներն են կարեւորվելու մեր քաղաքական ուժերի համար, ո՞ր խնդիրներն են հռչակվելու գերակա: Ահա թե ինչի են նախապատրաստվել եւ ինչ են պլանավորել հունվարի 3-ից աշխատանքի անցած արմատականները. ՀԱԿ-ում իրենց ամենակարեւոր նպատակը համարում են 2008-ի կիսատ գործի շարունակությունը՝ Հայաստանում ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի վերականգնումը: Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, այդ նպատակին հասնելու համար նախեւառաջ ամրապնդվելու են ՀԱԿ կառույցները, ստեղծվելու է այլընտրանքային կառավարություն, եւ ամեն ինչ արվելու է, որպեսզի լիարժեքորեն բացահայտվեն մարտի 1-ի սպանդի մեղավորները: Բնականաբար, առաջնային է նաեւ քաղբանտարկյալների ազատության խնդիրը, ուստի՝ «Շարունակելու ենք ստեղծել բոլոր քաղաքական անհրաժեշտ պայմանները, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի: Ինչպես նաեւ՝ քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին իրավական ու քաղաքական աջակցություն տրամադրել»,- ասում է Լեւոն Զուրաբյանը:
ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն ասում է, որ իրենց կուսակցությունը ջանք ու եռանդ չի խնայելու արդեն կայացած անկախ միավոր ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար՝ թե իրավական, թե քաղաքական առումներով, քանի որ իրենք գտնում են, որ հարցի խաղաղ ճանապարհով լուծումը բխում է եւ հայ ժողովրդի, եւ տարածաշրջանի շահերից: 2009-ին ՆԺԿ-ն էլ կարեւորելու է՝ «Երկրում արմատական փոփոխությունները՝ նոր համապետական, արդար ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության վերականգնումը. մի բան, որ փետրվարի 19-ին բռնությամբ խլվեց ժողովրդից»: Դա ՆԺԿ-ում պատկերացնում են համաժողովրդական շարժման ակտիվացմամբ: Մարտի 1-ի իրադարձությունների լիարժեք բացահայտման եւ իրական գնահատական տալու մասով ՆԺԿ-ում հույսեր են կապում խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ: Բայց միաժամանակ կարծում են, որ ԱԺ-ն որեւէ կերպ չի արտահայտում Հայաստանի իրական քաղաքական դաշտը, եւ հասարակության տարբեր շերտերի շահերն այնտեղ ներկայացված չեն, ուստի օր առաջ են սպասում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական գերակայություններին՝ «Զարգացումները պարտադրում են համոզված լինելու, որ Հայաստանն առանց ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության այս տարածաշրջանում գոյատեւելու, առավել եւս՝ զարգանալու հեռանկար չունի: Այն արտաքին քաղաքականությունը, որն իրականացվում է իշխանության վերնախավի կողմից՝ ֆուտբոլային կամ անհասկանալի կոմպլեմենտարիզմ, չի բխում երկրի եւ ժողովրդի անվտանգությունից ու շահերից»,- ասում է Հրաչյա Սարգսյանը: Ուստի՝ «Մենք մնում ենք արմատական ընդդիմադիր»:
«Հանրապետական» կուսակցությունը կյանքի է կոչելու նախագահի նախընտրական ծրագիրը եւ կոալիցիոն հուշագրի դրույթները՝ թե օրենսդիր, թե գործադիր ոլորտներում: Գործադիրում հիմնական ուժերը նպատակաուղղվելու են ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունները մեղմելուն: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը 2009-ի գերակայություններից առանձնացնում է Երեւանի քաղաքապետի ընտրությունները եւ հայոց նորագույն պատմության մեջ դա համարում է բացառիկ երեւույթ: Քաղաքապետի սեփական թեկնածուին ՀՀԿ-ում դեռ չեն ընտրել: Խոսնակն ասում է, որ գործով են ապացուցելու, որ համերաշխության եւ միասնականության մթնոլորտում միայն կարող ենք ունենալ նորմալ, արդար ընտրություններ: Քար նետելով արմատական ընդդիմության բոստանը՝ նաեւ հավելում է՝ «ի տարբերություն հասարակության մեջ թշնամանք սերմանողների»: Իբրեւ իշխանական կուսակցություն՝ ՀՀԿ-ում ամրապնդելու են «արտասահմանյան այցերն ու կապերը»: