Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ 1993 ԹԻՎ

Դեկտեմբեր 27,2008 00:00

Երեկ «Սիվիլիթաս» նորաստեղծ հիմնադրամը ներկայացրեց «Հայաստան-2008, ճգնաժամ եւ հնարավորություն» առաջին զեկույցը: Այն մեկ տասնյակից ավելի մասնագետների եւ վերլուծաբանների աշխատանքի արդյունք է: Հիմնադրամի նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով՝ այս տարի 3 կարեւորագույն խնդիր է եղել, որոնք ազդել են ՀՀ տնտեսության վրա՝ մարտի 1-ը, ռուս-վրացական հակամարտությունը եւ համաշխարհային ճգնաժամը: Բացի այդ, Վ. Օսկանյանի կարծիքով, Հայաստանի համար աննախադեպ երեւույթ է այն, որ հունվարին ԵԽԽՎ-ն ՀՀ-ին գուցե զրկի ձայնի իրավունքից: Զեկույցի շնորհանդեսին ներկա էր նաեւ ՀՀ-ում Եվրամիության առեւտրի պալատի գործադիր տնօրեն, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանը կորցնում է իր համբավը. «Եվրախորհուրդը ՆԱՏՕ չէ եւ ոչ էլ Եվրամիություն, որ պատժի մեզ, այն պարզապես գնահատական է տվել եւ ֆիքսել, որ Հայաստանը ռիսկային երկիր է, 1609-ում արդեն ֆիքսվել է, որ մեր երկրում չկա անկախ դատական համակարգ, այսինքն՝ եթե օտարերկրացին Հայաստանում բիզնես ունի եւ ինչ-որ բան այն չէ, նա չի կարող դատական կարգով ազատ լուծել խնդիրը»: Քննարկման վերջում հրավիրվածները ճգնաժամից դուրս գալու մի շարք տարբերակներ առաջարկեցին, այդ թվում՝ ապահովել մամուլի ազատությունը, բացել «Ա1+»-ը, ապահովել ընդդիմություն եւ իշխանություն երկխոսություն: Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի խոսքերով էլ՝ «Մեր տնտեսությունը բացարձակ հիվանդ է, բայց այն կարելի է բուժել: Մենք բոլորս հիշում ենք իրանական ցածրորակ ապրանքների ներհոսքը եւ մեր փորձերը՝ ներքին սպառման շուկայում ինչ-որ բան արտադրել եւ վաճառել, այսինքն՝ իմպորտի փոխարկման մեր փորձը տվել է արդյունքներ, աճեցին ներքին արտադրությունը, ներքին սպառման ծավալը: Եվ երբ պետք է ներքին ծավալից անցնեինք արտաքին ծավալին, պետք է դուրս գայինք արտաքին շուկա, մենք դա չարեցինք: Հիմա 2008-ն է, փաստեմ, որ նորից վերադառնալու ենք էժանագին իմպորտի փոխակերպման քաղաքականությանը, այսինքն՝ 1993 թվական»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել