Արձագանք «Ոչ թշնամի, ոչ բարեկամ» խմբագրականին («Առավոտ», 16.12. 08թ.)
Հարգելի պարոն Աբրահամյան.
Թույլ տվեք չհամաձայնիլ ձեր այն մտքին, թե 1915 թվականի Մեծ եղեռնը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ «թուրքերն ատում էին հայերին կամ նրանց թշնամի էին համարում…»: Այո, Եղեռնի ծրագրումին մեջ թուրք ժողովուրդը մասնակցություն չունի, սակայն գործադրումին մե՞ջ… Չեմ կարծեր, որ թրքական կեդրոնական կառավարությունը իր հպատակներուն թելադրեց նաեւ սպանության մեթոդները, ոչ ալ դաժանության չափանիշներ սահմանեց եւ հրահանգեց անոնց ենթարկվիլ: Ծանոթ պետք է ըլլաք Եղեռնապատումին. կա սպանել եւ կա չարաչար սպանել, լլկել, մորթոտել, այրել, անդամահատել եւ այլն, եւ այլն: Թալեաթ ու Էնվե՞ր արդյոք թելադրեցին այդ բարբարոսական սպանության մեթոդոլոգիան. չէ, սիրելի պարոն Աբրահամյան, թուրք հասարակ մարդը (հարգելով բոլոր բացառությունները) ատելով կատեր հայը (թե ինչու՝ այդ այլ հարց է), վկա՝ սպանության բոլոր ձեւերը, ոչ թե փաստը, այլ կիրարկումը: Եթե չատես մեկը, պարզապես կսպանես, ոչ թե արգանդը պատռելով պտուղը սրախողխող կընես. եւ հեքիաթ չէ սա: Խնդրեմ՝ չկասկածիք: Ես միշտ ալ ինքզինքս հարց տված եմ. հասկցանք, թուրքերը կնախանձեին մեզ, կար ռուսական գործոնը, կար հրեական գործոնը, կային աշխարհաքաղաքական, տնտեսական գործոններ եւ այլն: Բայց այդքան գե՞շ մարդիկ էին իմ հարազատներս՝ ծանոթ թե անծանոթ, որ ենթարկվեին այդպիսի դաժան սպանության, մարմնական ու մանավանդ հոգեկան կտտանքներու ու մանավանդ ստորացումի: Չէ, թուրք ժողովուրդին ատելությունը ներելի չէ, անիկա քաղաքական խաղերե ու հաշիվներե վեր բան մըն է: Պետք է պեղել թրքության հոգին երեւի: