Գիրք յոթերորդ
Գլուխ տասնվեցերորդ
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐ
Մենք քնած ժամանակ էլ ենք մեզ ավելի սիրում, քան՝ ուրիշներին, ու երեւի էդ է պատճառը, որ մեր բոլոր երազներում որոշակիորեն կանք, եւ եթե երբեմն մեր երազներից բացակայում ենք ու մեր փոխարեն ուրիշներին ենք մեր երազների մեջ տեսնում, արթնանալով՝ ամբողջ օրն անհանգիստ ֆռֆռում ենք, փորձելով գուշակել՝ մեր իսկ երազի մեջ հայտնված էդ ուրիշի երեսը խե՞ր է, թե՝ շառ, ու էդ էլ է որոշ չափով բնական, որովհետեւ մենք մեզ էնքան ենք սիրում ու մեզ էնքան ենք կարեւորում, որ նույնիսկ մեր երազներից չենք ուզում բացակայել, իսկ ինչ վերաբերում է մեր երկրային բուն կյանքին, բուն կյանքում կրկնակի ու եռակի ենք ուզում ներկա լինել, ու երեւի էդ է պատճառը, որ մեր տներում ու այլուր հազար ու մի հայելիներ ենք կախ տալիս եւ ինքներս մեր սֆաթներին նայելուց երբեւէ չենք կշտանում, եւ նույնիսկ մեջներիս ամենագեշերն ու ամենատգեղներն իրենց սֆաթներից չեն ձանձրանում, եւ նույնիսկ մեր հոգիները քչփորելիս ինքներս մեզնից չենք ձանձրանում, եւ նույնիսկ մեջներիս հոգով ամենաաղքատներն իրենց հոգիների բովանդակությունից չեն ձանձրանում, եւ հատկապես մեջներիս հոգով ամենաաղքատներն իրենց հոգիների պարունակությունից չեն ձանձրանում, որովհետեւ հոգին ինչքան աղքատ՝ էնքան լեփլեցուն է նյութական բարիքներով, ու երեւի էդ պատճառով է Տերն ասել՝ «երանի հոգով աղքատներին», եւ ահա Տիրոջ ասածները շարունակաբար ու հետեւողականորեն մեզ հարմարեցնելով՝ ինքնագոհ ու ինքնասիրահարված շարունակում ենք մեզ ավելի ու ավելի սիրել, քան՝ ուրիշներին, եւ մեզ ավելի ու ավելի սիրելը մշտապես տեղի է ունենում ուրիշներին ավելի ու ավելի պակաս սիրելու հաշվին, եւ ինչքան ուրիշներին ավելի մոտիկից ենք ճանաչում, էնքան էդ ուրիշներին ավելի ու ավելի պակաս ենք սիրում, եւ, ընդհակառակը, ինչքան ինքներս մեզ ավելի մոտիկից ու խորքանց ենք ճանաչում, էնքան ինքներս մեզ ավելի ու ավելի ենք սիրում ու հարգում՝ հավերժորեն ու անձանձիր, եւ հետաքրքիրն էն է, որ ինքներս մեզ միանգամայն անկեղծորեն ու ազնվորեն ենք սիրում ու հարգում՝ առանց քծնանքի ու առանց շողոքորթության, եւ սա մեր միակ անկաշառ ու անշահախնդիր սերն է, եւ Օրթախ Աբոն միակն է, որ էս բանն ինձանից շուտ է հասկացել, եւ չնայած ինքն էս բանն ինձանից մի քիչ տարբեր է հասկացել, հիմնականում համակարծիք ենք, եւ, հիմի որ շարունակում եմ մտածել, սկսում եմ նաեւ հասկանալ, որ Աբոն էս բաները ոչ թե ինձանից մի քիչ տարբեր է հասկանում, այլ, ավելի ճիշտ, ինձանից ավելի է հասկանում, որովհետեւ ինքն ամեն առիթով ասում ու կրկնում է, որ մենք նույնիսկ մեր կանանց ու մեր երեխաներին ենք հանուն մեզ սիրում, եթե, իհարկե, սիրում ենք, եւ եթե սիրում ենք, էդ նույնն է, թե՝ վերստին ինքներս մեզ ենք սիրում, եւ չնայած Աբոն էս ամենն ինձանից շուտ ու ինձանից ավելի լավ է հասկացել, էս կապակցությամբ իրենից մի բան էլ ավելին կարող եմ ասել, այն է՝ մենք մեր ծնողներին էլ ենք հանուն մեզ սիրում, եւ եթե էս բանը հիմա ես եմ Աբոյի փոխարեն ասում, դրա պատճառն ընդամենն էն է, որ ինքը գյուղական բացառիկ ավանդապաշտ ու բացառիկ ամուր մի տոհմի շառավիղն է եւ ինչքան էլ մարդու էգոիստական էությունն ըմբռնի, ճշմարտության էս մասը չի կարող բարձրաձայնել ու խոստովանել, եւ պարտավոր էլ չի իր իսկ ճշմարտության խորքերն էսաստիճան սուզվել, որովհետեւ ինքը ոչ թե գրող է, այլ՝ Ազգային ակադեմիայի պատասխանատու աշխատող, եւ իր պարտականությունը ոչ թե մարդկության առաջ ճշմարտություններ փռելն է, այլ միայն՝ իր ասպիրանտների ու ընկերական նեղ շրջապատի առաջ. բայց էս ասածս բնավ չի նշանակում, թե գրողներս առավոտից իրիկուն մարդկության ոտների տակ ճշմարտություններ ենք փռում, այլ ընդամենը նշանակում է, որ Օրթախ Աբոն ավելի գրող է, քան շատ ու շատ գրողներ միասին վերցրած՝ ներառյալ նաեւ ես, որ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի մասին էսքան գրում ու չեմ հասկանում, թե ոնց եմ շարունակաբար Աշոտից վազն անցնում եւ անընդհատ ինձ վերադառնում ու անդրադառնում, ու հիմա վերջնականապես եմ հասկանում, որ մարդկային էգոիզմին վերաբերող բնության ու Աբոյի օրենքներն այլ բան են, գեղարվեստական գրականության ու վեպի օրենքները՝ միանգամայն այլ, եւ որպեսզի ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտից վերջնականապես վազն անցնեմ, եւ որպեսզի Աշոտին այլեւս հնարավորություն չտամ ասելու, թե՝ ինձանից փչոցներ եմ բստրում, հիմա շատ մեծ արագությամբ պիտի իմ կյանքի՝ իրեն ու «Ապագա բժշկին» վերաբերող հատվածն ավարտեմ ու անցնեմ առաջ:
Հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի էդ իրիկուն, երբ Աշոտը հացերն առած վերադարձավ, ես, իհարկե, չասացի, որ իրենից թաքուն իր էդ պատմվածքի երրորդ էջը կարդացել եմ, բայց իմ մեջ տեղի ունեցած փոփոխությունը երեւի էնքան ակնհայտ էր, որ Աշոտն ուշադիր ինձ նայելով հարցրեց՝ «հո բան չի՞ պատահել, Արմո», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պիտի պատահեր», եւ Աշոտն ասաց՝ «մի տեսակ անտրամադիր ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ամեն ինչ նորմալ ա, Աշոտ ջան», եւ Աշոտն ինձ ասաց՝ «դե լավ ա», եւ ես գրամեքենան ցույց տալով ասացի՝ «որ էս պատմվածքդ պրծնես՝ կտա՞ս կարդամ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դժվար էլ պրծնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ թողեն՝ կպրծնեմ», եւ ես հարցրի՝ «ո՞վ պիտի թողի», եւ Աշոտը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Սեյրանը, Վարոսը, բոլորը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ չխանգարեն՝ մի օր կպրծնեմ», եւ ես հարցրի՝ «ո՞նց են խանգարում», եւ Աշոտը մտահոգ ասաց՝ «մինչեւ չկենտրոնանամ՝ չեմ կարա գրեմ» եւ ժպտալով ավելացրեց՝ «իրանք մեղավոր չեն, որ որոշել եմ պատմվածք գրեմ», եւ ես ասացի՝ «արդեն կեսը գրել ես», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ կեսը գրել եմ», եւ ես ասացի՝ «դու ես ասել», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ասել», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «էսօր», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ եմ ասել», եւ ես ասացի՝ «ասել ես, որ էդ պատմվածքը կիսատ ա» եւ ժպտալով ավելացրի՝ «համ էլ ասել ես, որ էս պատմվածքդ հավանում ես», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «կիսատ պատմվածքը ո՞նց կարամ հավանեմ կամ չհավանեմ» եւ լրջանալով ավելացրեց՝ «զարմանալի ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ Աշոտն ասաց՝ «չեմ հիշում, որ էս պատմվածքիս մասին խոսել ենք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էրեւում ա՝ շամպայնը խփել ա», եւ Աշոտը ծիծաղելով հարցրեց՝ «ուրի՞շ ինչ եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «քսան հատ պատմվածք ես գրել, բայց մենակ էս կիսատն ես հավանում», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «ճիշտ եմ ասել», եւ ես հարցրի՝ «նոր ե՞ս սկսել», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «ի՞նչ նոր. արձակուրդներից առաջ էսքանը գրել եմ ու չեմ կարում շարունակեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրեք էջ գրել եմ, մի էդքան էլ երեւի պիտի գրեմ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ մասին ա», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ասեմ չգիտեմ՝ կհավատա՞ս», եւ ես հարցրի՝ «սյուժե չունի՞», եւ Աշոտը ժպտալով ասաց՝ «որոշ չափով ունի, բայց Ֆիլի էդ փուչ պոպոքների պես չի», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Աշոտը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «այսինքն, Սերգոն էս պատմվածքը դժվար թե կարենա վերապատմի» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «չնայած, Սերգոն շատ ուժեղ պատմող ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, էնքան էլ հարբած չես», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «բայց խի՞ պիտի հարբած ըլնեի», եւ ես ասացի՝ «պատմվածքիդ մասին ասելդ չես հիշում, բայց մեր սաղ խոսակցությունը հիշում ես», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «պատմվածքիս սյուժեն էլ չեմ հիշում», եւ ես հարցրի՝ «արձակուրդից հետո չես կարդացե՞լ», եւ Աշոտն ասաց՝ «թողում ե՞ն կարդամ» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «էկող կիրակի երեւի գամ, մի քիչ կենտրոնանամ», եւ ես ժպտալով ասացի՝ «բանաստեղծությունը հալալ չի՞», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես ասացի՝ «սյուժեն պարտադիր չի», եւ Աշոտն ասաց՝ «արձակում էլ սյուժեն ամենակարեւորը չի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ա ամենակարեւորը», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ իմանամ՝ անպայման քեզ կասեմ», եւ ես ասացի՝ «էս պատմվածքդ անպայման շարունակի», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ սկսել եմ, ուզեմ չուզեմ՝ պիտի շարունակեմ», եւ ես ասացի՝ «շաբաթ ու կիրակի որ գաս՝ երեւի կպրծնես», եւ Աշոտն ասաց՝ «շաբաթ մինչեւ էրկուսն աշխատում ենք», եւ ես ասացի՝ «չգիտեի», եւ Աշոտն ասաց՝ «դե իմացի», եւ ես ասացի՝ «ինձ որ մնա՝ կիրակի էլ կաշխատեմ», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «էդքան աշխատասեր ե՞ս», եւ ես ասացի՝ «մի տարի ա՝ պարապ եմ. մի տարի ա՝ պարապությունից եմ հոգնում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «չհաշված՝ բանակիս մի տարին», եւ Աշոտը հարցրեց՝ «բանակում էլ ե՞ս պարապ էղել», եւ ես ասացի՝ «բանակում նկարիչ եմ էղել», եւ Աշոտը հարցրեց՝ «նկարելն աշխատանք չի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «նկարելը նկարիչի համար ա աշխատանք», եւ Աշոտը հարցրեց՝ «որ նկարիչ չես՝ ո՞նց ես նկարիչ աշխատել», եւ ես ասացի՝ «մի քանի տարի Կոջոյանում եմ սովորել, մի տարի էլ՝ Թերլեմեզյանում», եւ Աշոտն ասաց՝ «էդքանը հերիք չի՞, որ նկարիչ համարվես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էդքանը հերիք էր, որ հասկանայի», եւ Աշոտը հարցրեց՝ «որ ի՞նչ հասկանայիր», եւ ես ծիծաղելով ասացի՝ «որ նկարիչ չեմ», եւ Աշոտն ասաց՝ «բայց, փաստորեն, նկարիչ ըլնելդ բանակում օգնել ա», եւ ես ժպտալով ասացի՝ «նկարիչ չըլնելս բանակում ինձ շատ ա փրկել» եւ ծիծաղելով ավելացրի՝ «էնտեղ հիմնականում լոզունգ էի գրում ու Լենին էի նկարում», եւ Աշոտն ասաց՝ «լոզունգ գրելու ու Լենին նկարելու համար էլ ա ահագին շնորհք պետք», եւ ես ասացի՝ «էդքան շնորհք Աստված տվել ա», եւ Աշոտն ասաց՝ «ամեն մարդու չի տվել», եւ ես ասացի՝ «դրա համար էլ մի տարի բանակում գլուխ պահեցի», եւ Աշոտը հարցրեց՝ «որտե՞ղ ես ծառայել», եւ ես ասացի՝ «Սումգայիթում», եւ Աշոտը հարցրեց՝ «էդ Ադրբեջանում չի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա. Բաքվից մի քիչ վերեւ ա», եւ Աշոտն ասաց՝ «փաստորեն, թուրքերի մեջ ես ծառայել», եւ ես ասացի՝ «հայերն ավելի շատ էին, քան՝ թուրքերը», եւ Աշոտն ասաց՝ «բախտներդ բերել ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց բանակի իմաստով իմ բախտն ավելի ա բերել», եւ ես հարցրի՝ «դո՞ւ որտեղ ես ծառայել», եւ Աշոտը պատասխանեց ու ասաց՝ «Լենինականում» եւ ժպտալով ավելացրեց՝ «ընդամենը էրկու ամիս», եւ ես ասացի՝ «համալսարանում ռազմական ամբիոն կա, չէ՞», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «Արշակյանի խորհուրդը լավ էլ կատարում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ խորհուրդ», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «ինքը քեզ չի ասե՞լ, որ ժարգոնով չխոսաս», եւ ես ասացի՝ «ասել ա», եւ Աշոտն ասաց՝ «դրա համար էլ վայեննի կաֆեդրային ռազմական ամբիոն ես ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «վայեննի կաֆեդրան ռուսերեն ա», եւ Աշոտն ասաց՝ «ժարգոնը հենց ռուսերենն ա. հայերեն ժարգոն չկա», ու ինձ համար չափազանց կարեւոր էս եզրակացությամբ էլ ուզում եմ ավարտել իմ ու ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի զրույցը, մանավանդ որ՝ էդ իրիկվա մեր էդ զրույցի շարունակությունը լավ չեմ հիշում՝ երեւի էն պատճառով, որ խմիչքի ազդեցության տակ ավելի ու ավելի երկրորդական բաներից էինք խոսում, եւ հիմա առանձնապես ցանկություն էլ չունեմ մեր էդ իրիկնային զրույցի շարունակությունը հորինել, մանավանդ որ՝ առանց էդ էլ Ախալքալաքցի Աշոտն էստեղ ու էնտեղ տարածում է, թե՝ ինձանից բաներ եմ բստրում, եւ, դրանից էլ բացի, ես իմ կյանքի էդ էջը մի օր պիտի փակեի, եւ էդ անելու համար սրանից ավելի հարմար պահ դժվար էլ գտնեմ, բայց իմ կյանքի էդ էջը փակելուց ու ավարտելուց առաջ պիտի պարծենալով ասեմ ու կրկնեմ, որ հաջորդ օրը հանրակացարանային կյանքին մոտիկից առնչվելով՝ նստեցի ու մի քանի ժամում գրեցի էդ առաջին ու վերջին հոդվածս, ու հիմա հիշելով պիտի ասեմ, որ էդ հոդվածը մի շնչով գրեցի, ու անհամեստորեն պիտի ասեմ, որ էդ հոդվածս նույնիսկ ես էի հավանել, բայց, հավանելով հանդերձ, հասկանում էի, որ էդ հոդվածն իմ կյանքում առաջինն ու վերջինն է լինելու, ու էդ հոդվածը, հիշում եմ, մեծ հաճույքով ու մի շնչով գրեցի, որովհետեւ արդեն Աշոտից ու Անոյից խոսք էի քաշել, որ էդ հոդվածիցս հետո միայն սրբագրության ու տպարանի գործերով եմ զբաղվելու, եւ չնայած երբեւէ հանրակացարանում չէի ապրել, իմ էդ հոդվածում հանրակացարանային խնդիրները լավագույնս էի շոշափել ու բարձրացրել, եւ, որ ամենակարեւորն է, հանրակացարանային էդ խնդիրներին հնարավորինս անդրադարձել էի՝ առանց հանրակացարանի ղեկավարությանը վիրավորելու, որովհետեւ իմ նպատակը ոչ թե ինչ-որ մեկին քննադատելն ու վիրավորելն էր, այլ՝ էդ հոդվածից պրծնելը, եւ չնայած Դարբինյանն ինձանից քննադատություն էր ակնկալում, ինքն էլ էր էդ առաջին ու վերջին հոդվածս ահագին հավանել, եւ չնայած հիմա էդ հոդվածիցս որեւէ բառ չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ ինքս էլ էի էդ առաջին ու վերջին հոդվածս հավանել, եւ հիմա ինքս ինձ վրա կանգ առնելով՝ պիտի խոստովանեմ, որ երբեւէ ինձ չի հաջողվել չհավանել գրածներս, ու էս առումով, հուսով եմ, նման եմ մյուս բոլոր ինքնասիրահարված մահկանացուներին, ու էս ասածիս մասին լրջորեն մտածելով՝ պիտի խոստովանեմ, որ իմ էս տեւական կյանքում էդպես էլ չհանդիպեցի մեկին՝ ով իր արած որեւէ բանը չի հավանում, եւ եթե էդպիսի մեկն անակնկալ հայտնվել ու փորձել է համոզել, թե իր արածը չի հավանում, անմիջապես զգացել ու հասկացել եմ, որ էդ մարդը դերասանություն է անում, բայց երբ ախալքալաքցի արձակագիր Աշոտին էդ իրիկուն ասում էի, թե «Գարունում» տպագրված բանաստեղծություններս չեմ հավանում, ամենեւին էլ դերասանություն չէի անում, որովհետեւ էդ պահի դրությամբ արդեն ավելի վատերն էի գրել ու էդ ավելի վատերն էի արդեն հավանում, եւ երբ Աշոտն ասում էր, որ իր պատմվածքները չի հավանում, ինքն էլ դերասանություն չէր անում, որովհետեւ ինքն արդեն իր էդ կես պատմվածքն էր հավանում. այսինքն, էս ասածս ավելի ճշտելով՝ կարող եմ արդեն վստահ ասել, որ մարդ արարածը հիմնականում իր ամենավերջին արածով է հիանում, եւ միակ Մարդը՝ ով իր արածից ու ստեղծածից իսկապես դժգոհ էր, Քրիստոսն է եղել, ու երեւի էդ պատճառով էլ ամեն ինչ արեց, որ խաչվի, ու մենք խաչելու էդ գործը միանգամայն սրտանց արինք, որովհետեւ Իր ստեղծածն ավելի սիրեցինք, քան՝ Ինքը, ավելի ճիշտ՝ Իր ստեղծագործությունն ավելի սիրեցինք, քան՝ Իրեն, եւ Իր ստեղծագործությունն անչափ սիրելով՝ մշտապես կառչած ենք Իր էս ստեղծագործությունից, եւ ով ավելի է կառչած՝ նա ավելի հազվադեպ է հիշում Հեղինակին, եթե, իհարկե, երբեւէ հիշում է, եւ, ընդհակառակը, ովքեր ժամանակ առ ժամանակ հիասթափվում են Ստեղծագործությունից, ավելի ու ավելի են հիշում Հեղինակին եւ նույնիսկ երկրպագում են Նրան, ու էս երկրպագուները մեջներիս հաջողներն են՝ ովքեր ժամանակ առ ժամանակ դժգոհում են իրենց արածից, եւ որ ինքնասպանության չեն դիմում՝ դրա միակ պատճառն էն է, որ իրենց երկրպագության Առարկան արգելել է էդ բանն անել՝ էդ իրավունքը միայն ու միայն Իրեն վերապահելով, եւ եթե մահկանացուներս ինքնասպանություն բառի փոխարեն իր վերաբերյալ խաչելություն բառն ենք գործածում, դրա պատճառն էն է, որ մահկանացուներս միանգամայն համաձայն ենք, որ ինքնասպանությունը սազական չի մեզ, ինչպես նաեւ՝ Իրեն, եւ հատկապես ու առանձնապես Իրեն, որովհետեւ գոնե ինքնասպանության մասով Աստծո Որդու հետ հեռակա համաձայնության գալով՝ հնարավորություն ենք ստանում հնարավորինս նաեւ մեզ աստվածացնել, եւ Աստծո Որդու պատգամներն ընդամենն ինքնասպանության մասով կատարելով՝ Իր հավերժական ու անմահ լինելն էլ ենք ընդունում՝ էնքանով, ինչքանով որ՝ Իր անմահության հանգամանքը նաեւ մեր անմահության համար է որոշակի երաշխիք, եւ երբ մեզ չի հաջողվում մեր իսկ անմահությանը հավատալ, առնվազն մեր մահվանը չենք հավատում, եւ չնայած պարտաճանաչորեն մասնակցում ենք ուրիշների հոգեհանգստի ու հուղարկավորության արարողություններին, յուրաքանչյուրի մահով ոչ թե մահն ենք մեզ մոտեցնում, այլ միայն ու միայն՝ անմահությունը, եւ էդ արարողությունների ժամանակ մեր դիմագծերի հանգստությունն ու մեր դեմքերի փիլիսոփայական արտահայտությունը վկայում են, որ մենք ոչ թե մեր իսկ մահվանից չենք վախենում ու սարսափում, այլ ընդամենը չենք գիտակցում ու չենք պատկերացնում մեր իսկ մահվան մոտիկությունն ու մատչելիությունը, մինչդեռ ուրիշների մահը մշտապես աչքներիս առաջ է, եւ մերը չպատկերացնելը ոչ թե երեւակայության պակասից է, այլ ընդամենը համարձակության պակասից, որովհետեւ մեզ մեր իսկ մահից հետեւողականորեն ու շարունակաբար հեռու պահելով՝ մենք ոչ թե անձամբ մեր մահից ենք վախենում ու սարսափում, այլ ընդամենը՝ անձամբ մեր մահվան մասին մտածելուց, ու էս առումով ես էլ առանձնապես բացառություն չեմ, ու էդ առումով հատկապես ե՛ս բացառություն չեմ, որովհետեւ էնքան հազվադեպ եմ մահվան մասին մտածել, որ գրող ու արձակագիր լինելով՝ դժվարանում եմ էդ բառը հոլովել, ու էդ է պատճառը, որ մերթ գրում եմ մահի, մերթ՝ մահվան, եւ երբ երեկ իմ գրագետ ընկերներին հարցրի, բոլորն էլ ասացին, որ երկուսն էլ ճիշտ է, եւ դա միակ դեպքն էր, որ իրենք չասացին, թե՝ ճիշտը մեկն է, ու էդ հարցումս նույնպես վկայում է, որ մահկանացուներս ո՛չ մահվանն ենք լուրջ վերաբերվում եւ ոչ էլ՝ մահին, ընդ որում՝ ե՛ւ ուրիշների մահվանն ու մահին, ե՛ւ մեր. ուրիշների՝ որովհետեւ ուրիշներինը չափազանց հեռու է մեզանից, եւ մեր՝ որովհետեւ մերը նույնքան հեռու է ու անտեսանելի, եւ չնայած նախորդ հատորներիցս մեկում ահագին մտածեցի ու գրեցի իմ իսկ մահվան մասին, բայց ես էլ բացառություն չեմ, որովհետեւ, հիշում եմ, էդ ամբողջ ժամանակ հոգեկան անհավասարակշիռ վիճակում էի, եւ չնայած էդ օրերս լավ եմ հիշում, եւ չնայած էդ օրերի գրածս էլ եմ լավ հիշում, այդուհանդերձ, չեմ հիշում՝ մահվան մասին մտածելս հոգեկան անհավասարակշիռ վիճակիս հետեւա՞նքն էր, թե՞ ընդհակառակը, հոգեկան անհավասարակշիռ վիճակս էր իմ իսկ մահվան մասին մտածելու հետեւանքը, եւ քանի որ էդ կարեւորագույն հանգամանքը դեռեւս չեմ պարզել, իմ մասին որեւէ որոշակի բան ասել չեմ կարող, ինչպեսեւ ձե՛ր մասին չեմ համարձակվում որոշակի բան ասել, այլ միայն՝ ընդհանուր, եւ ընդհանուրն էլ էն է, որ մենք ուրիշներին ընդհանուր առմամբ ենք վերաբերվում, մինչդեռ ինքներս մեզ որեւէ կերպ չենք էլ վերաբերվում, որովհետեւ մենք մեզ ուրիշներից անառիկ պահելով՝ ինքներս մեր առաջ ենք նաեւ անառիկ մնացել, եւ դա է պատճառը, որ երբեմն ուրիշներին ավելի լավ ենք ճանաչում, քան՝ ինքներս մեզ, եւ նույն պատճառով ուրիշներն էլ են մեզ ավելի լավ ճանաչում, քան՝ մենք, եւ նույն պատճառով ուրիշներն էլ իրենց են ավելի վատ ճանաչում, քան՝ մենք, եւ նույն պատճառով ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտի էն կիսատ պատմվածքն ավելի լավ եմ հիշում, քան՝ ինքը, եւ նույն պատճառով Աշոտն էստեղ ու էնտեղ շարունակ ասում ու կրկնում է, թե՝ սուտ բաներ եմ բստրում ու գրում, եւ եթե իսկապե՛ս սուտ բաներ եմ բստրում ու գրում՝ էդ նույն պատճառով եմ սուտ բաներ բստրում ու գրում, եւ Աշոտին ու մանավանդ ձեզ հավատացնում եմ, որ եթե իմանայի՝ գրածներիս ո՞ր մասն է սուտ, միգուցե միայն էդ ստերը գրեի, որովհետեւ ճիշտն արդեն մի անգամ եղել է, մինչդեռ սուտն առաջին անգամ ու իմ շնորհիվ է լինում ու տեղի ունենում, եւ եթե մի օր էլ Գագոն ու Արիսն ասեն, թե սուտ բաներ եմ բստրում՝ իրենց էլ չհավատաք, որովհետեւ, շատ հնարավոր է, մի անգամ արդեն եղած ճիշտն է հենց սուտը, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե Աթանի ու Ահնիձորի հետ կապված էդ պատմությունն ինձանից եմ բստրել, այլ ընդամենը նշանակում է, որ եթե էդ պատմությունն իրականում եղած չլիներ էլ, ես միանգամայն իրավունք ունեի էդ պատմությունը բստրել, եթե, իհարկե, բստրելու էդքան շնորհք ունենայի, բայց քանի որ բստրելու էդքան շնորհք չունեմ, ստիպված եմ ավարտել իմ կյանքի՝ «Ապագա բժշկին» ու Ախալքալաքցի Աշոտին վերաբերող հատվածն ու անցնել առաջ, բայց, նախքան առաջ անցնելս, պիտի հիշեմ ու Աշոտին էլ հիշեցնեմ, որ իր արած էդ լավությունն ընդամենը մի տարվա կյանք ունեցավ, որովհետեւ մի տարի անց կինո «Նաիրիի» մոտ Տաթեւիկին տեսա ու, ինչպես միշտ, կատակով ասացի՝ «մենակ թե՝ երգիծանք չուզես», եւ էդ անգամ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «սրանից հետո քեզանից մանկական ոտանավորներ եմ ուզելու» ու էդ ասելով՝ Տաթեւիկն ինձ տեղեկացրեց, որ արդեն մի քանի շաբաթ է՝ «Ծիծեռնակ» ամսագրում է աշխատում եւ ինձ առաջարկեց «Պիոներ» ամսագրից անջատված էդ նորաբաց ամսագրում աշխատել, եւ իր առաջարկած էդ աշխատանքը՝ պոեզիայի բաժնի վարիչ, չափազանց սրտովս էր, մանավանդ որ՝ Դարբինյանն արդեն ինձ իբրեւ լրագրող էր ձեւակերպել եւ վաղ թե ուշ ինձնից վերստին հոդվածներ էր պահանջելու, եւ երբ Տաթեւիկն ինձ կինո «Նաիրիի» մոտ էդ առաջարկն արեց, շատ ուրախացա ու ասացի՝ «քո հետ դժոխքում էլ կաշխատեմ», եւ Տաթեւիկը ժպտալով ասաց՝ «դժոխքը դժոխք չի, բայց մի քիչ նեղվածք ա» եւ ժպտալով ավելացրեց՝ «բայց խոստացել են, որ սենյակներն ավելացնելու են», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինչքան նեղվածք ըլնի՝ էնքան մեր օգուտն ա», եւ Տաթեւիկն ասաց՝ «հուսով եմ, որ աշխատանքի անցնելուց հետո էդ անհամ կատակներդ կթարգես»: