Լրահոս
Օրվա լրահոսը

Չարյաց արմատներն ավելի խորն են

Դեկտեմբեր 27,2008 00:00

\"\"Արձագանք Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքի հատվածին («Առավոտ», 20.12.2008)

Մեծ հետաքրքրությամբ կարդացի հերթական հատվածը Շուշան Ղազարյանի «Խաչվածին մահ չկա» անտիպ գրքից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակին այդ պատմական կարեւոր փաստերը պահպանելու ու, թեեւ ուշ, մեր «դատին ներկայացնելու» համար: Սղագրությանը նախորդող ներածությունից ու սղագրությունն ընդմիջող մեկնաբանություններից հստակ զգացվում է հեղինակի գնահատականն այդ օրը եւ դրանից հետո կատարվածին: Վոլսկու բառերում խտացված այդ գնահատականը փոխանցել եք մեզ՝ «Առավոտի» համարի առաջին էջից: Հարցն այն չէ, համաձա՞յն եմ այդ գնահատականին, թե՞ ոչ: Հարցս, որ պատասխան ստանալու ակնկալիքով ուզում եմ ուղղել հեղինակին, ավելի խորն է:

Հարգարժան տիկին Ղազարյան, «Առավոտի» էջերում Ձեր անտիպ գրքի հատվածները կարդալով՝ այն կարծիքն եմ կազմել, որ 89-ի Ձեր մտահոգությունը, «թե Արցախում Հարցից էլ վեր, իշխանության համար պայքար է գնում», հետագայում վերածվել է համոզմունքի: Սա հիմք ընդունելով՝ կուզեի հարցնել. արդյոք փորձե՞լ եք իր թուլացած թիկունքն ապահովելու համար 1996-ին՝ Սերժ Սարգսյանին ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար, իսկ 1997-ի մարտին՝ «մարմաջող փառամոլ» Ռոբերտ Քոչարյանին վարչապետ կարգած Լեւոն Տեր-Պետրոսյանին ետ պահել այդ, մեղմ ասած, անշրջահայաց քայլերից: Եթե Ձեր ձայնը հասու չէր լինելու իրեն, փորձե՞լ եք, արդյոք, հասարակությանը տեղյակ պահել Ձեր՝ ավելի քան հիմնավոր մտահոգություններին, ինչպես հիմա եք դա անում:

Ընդհանրապես տպավորությունս այն է, որ մեր մամուլում, ներառյալ «Առավոտը», լրագրողական եւ քաղաքագիտական վերլուծությունները հիմնականում կանգ են առնում կես ճանապարհին. կարծես չարյաց արմատները սկիզբ են առել 1998-ից: 88-ից հետո նոր սերունդ է աճել. սերունդ, որ հիմա արդարացիորեն ուզում է պայքարել իր բռնաբարված իրավունքների համար: Ես կարծում եմ, որ մեր՝ Հայաստանի Հանրապետության կայացման մասնակից ու ականատես մտավորականներիս պարտքն է լուսավորել նրանց ամբողջական ժամանակագրությամբ եւ անաչառ վերլուծություններով: Այդ առումով ողջունում եմ ձեր թերթի էջերում այսպիսի կարեւոր փաստերի լուսաբանումը եւ, մանավանդ, հետագա հնարավոր բանավեճերը դրանց շուրջ: Հուսով եմ, դրանք շարունակական կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել