Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞Վ Է ՔԵԶ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

Դեկտեմբեր 27,2008 00:00

\"\"Արձագանք՝ «Չենթարկվել սխեմաներին» հոդվածին («Առավոտ», 13.12.2008)

Սիրելի Արամ Աբրահամյան, կարդացի խմբագրականդ մի քանի օր առաջ: Այն ինձ խիստ հուզեց ոչ միայն այն պատճառով, որ ամբողջովին համաձայն եմ մտքերիդ հետ, այլ նաեւ՝ որովհետեւ բոլոր այդ հարցերն առնչվում են ինձ անձամբ: Կուզենայի կիսել հետդ մտքերս:

Գրում ես. «Մտավորականները, որոնք միանգամայն արդարացիորեն պահանջում են 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը, նույնքան անարդարացիորեն չեն պահանջում ժամանակակից Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակումը: (Մի կողմ եմ թողնում «գուցե նրանք քաղբանտարկյալներ չեն, թող դատարանը որոշի» դատարկ եւ անհամոզիչ պատճառաբանությունները)»:

Ո՞ր մտավորականների մասին է խոսքդ, Արամ։ Մտավորական համարվող մի խումբ կա, որ իսկապես այդպես է ասում՝ թող դատարանը որոշի։ Մի խումբ էլ կա, որ բողոքներ է գրում, սատարում է ներկայումս հնարավոր ամեն կերպով քաղբանտարկյալներին: Դու վերջիններից ես, որովհետեւ գրում ես պարբերաբար, ու թերթդ էլ է անդրադառնում այդ հարցին, բայց այդ երկու խմբի մտավորականները համառորեն լռում են վտարանդի գրողների մասին:

Մեր կապն ընդհատվեց e-mail-ով գրված քո վերջին նախադասությամբ, ըստ որի՝ միշտ կասկածել ես, որ քաղաքական գործիչները տառապում են պարանոյայով: Մի քանի տարի անդադար տեւող քրեական ներկայացվող քաղաքական հետապնդման ընթացքում մի երկու առիթ ունեցել եմ հոգեբանների հետ հանդիպելու: Նրանք ախտորոշել են իմ մոտ դեպրեսիա, բայց պարանոյա՝ ոչ: Գուցե սխալվել են, գուցե ունեմ պարանոյա իսկապես, ու երեւի այդ պատճառով է ինձ թվում, որ ինձ բանտարկեցին դաշնակներն ԱՄՆ-ում, կեղծ վկայություններով ու քաշքշեցին դատարաններով 2 տարի շարունակ ու վերջապես հանգիստ թողեցին սեփական տկարությունից հուսահատված, որովհետեւ դատարանը ոչ մի հանցակազմ չտեսնելով արարքիս, կամ իմ դեպքում՝ չարարքիս մեջ, ազատ թողեց ինձ: Ինձ երեւի թվում է, որ այս ամենն ինձ հետ կատարվել է, բայց չգիտեմ ինչ մտածեմ, երբ աչքիս է ընկնում 300 էջանոց թխած քրեական գործը, որի պատճենը ձեռքիս տակ է, կամ գուցե աչքիս է երեւում Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի ստորագրությամբ հրամանագիրը՝ ինձ փնտրելու եւ ձերբակալելու վերաբերյալ, որի պատճենը նույնպես ունեմ: Եթե այս ամենն աչքիս է երեւում, ուրեմն ոչ միայն պարանոյա ունեմ, այլ նաեւ հալյուցինացիաներ, եւ անգամ հալյուցինացիա ունեն սակավաթիվ այն բարեկամներս, որոնք տեսել են փաստաթղթերի ամբողջ փաթեթը ու նույնպես կարծում են, որ իրենց աչքին չի երեւում այն:

Ի՞նչ գրեցիր թերթումդ, սիրելի Արամ, վտարանդի գրողների հանգամանալից ձեւակերպած հայտարարությունը ստանալուց հետո. հիշո՞ւմ ես: Քաղաքական կապիտալ ու գովազդ ենք հավաքում, այո՞: Մի՞թե գրածդ ավելի լիքն ու համոզիչ էր, քան այն մտավորականների դատարկ ու անհամոզիչ պնդումը՝ «թող դատարանը որոշի»: Ինչո՞ւ երբեւէ փորձ չարեցիր ծանոթանալ փաստաթղթերի բազմաթերթ փաթեթներին, որ յուրաքանչյուր վտարանդի գրող ունի այսօր իր տրամադրության տակ: Ի՞նչը խանգարեց քեզ: Գրքերումս զետեղված քո հոդվածների քննադատությո՞ւնը: Մի՞թե փոքրոգի ես այդքան: Ի՞նչն է խանգարում քննադատել գրքերս՝ ի պատասխան: Հավակնոտությո՞ւնդ: Դու՝ մարդ արարած, չե՞ս հասկանում՝ ինչի միջով է անցնում մեզնից յուրաքանչյուրը, չե՞ս հասկանում, որ այս կյանքն ենք ապրում հիմա, սիրելիներ ունենք, որոնց չենք կարողանում հանդիպել, տներ ունենք, որ փակի տակ են, չենք կարողանում ապրել այնտեղ: Ինքնասիրությունդ, մեկ մարդու նեղացածությունդ ավելի բարձր ես դասում, քան մի քանի գրողի ճակատագիր, Արամ: Թերթ ունես ձեռքիդ տակ ու լռո՞ւմ ես: Չե՞ս ամաչում: Մի՞թե տարբեր ես այդ դեպքում խմբագրականիդ մեջ հիշված մտավորականներից:

Խոստովանեմ, որ երբեք չեմ կարդացել Վ. Ավետյանի գրքերը, ուստիեւ ինձ հասու չէ այդ գրքերոմ զետեղված նրա քննադատությունը: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել