Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթացիկ ստուգումներն ավարտվեցին

Դեկտեմբեր 27,2008 00:00

Եվ բացի աշակերտների գիտելիքներից, այլ բաներ էլ բացահայտվեցին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք («Առավոտ», 17.12.08), դպրոցներում գիտելիքների ընթացիկ ստուգման եւ գնահատման նպատակով ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կազմել է ընթացիկ գնահատման թեստեր, եւ դեկտեմբերի 17-19-ը hանրապետության դպրոցների 8-րդ եւ 10-րդ դասարաններում անցկացվեց ընթացիկ գնահատում: 10-րդցիները լրացրեցին հայոց լեզվի, մաթեմատիկայի եւ պատմության թեստերը, իսկ 8-րդ դասարանցիները «քննություն» հանձնեցին բնագիտական առարկաներից՝ քիմիա, ֆիզիկա եւ կենսաբանություն: Որոշված ժամին թեստերը դրվեցին ԳԹԿ-ի կայք-էջում, եւ դպրոցները, ստանալով թեստը, անցկացրեցին ներքին «քննություններ»: Հանրապետության բոլոր դպրոցներն իրենք իրենց ուժերով էին անցկացնելու այդ ստուգարքն ու դրա գնահատումը, բացի տասը ավագ դպրոցներից եւ Վաղարշապատ քաղաքի հանրակրթական դպրոցներից: ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի հետ մեր տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցի ժամանակ խնդրեցինք տեղեկացնել, թե ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել ընթացիկ գնահատման ժամանակ: Պարզվեց, որ արդյունքները դեռ ամբողջությամբ ամփոփված եւ վերլուծված չեն. «Այդ աշխատանքները արվում են դեռ, ամփոփում ենք մի քանի տարբերակներով: Յուրաքանչյուր առարկայական մասնագետ ուսումնասիրում է, թե ինչպիսին է իր առարկայի դրվածքը՝ տարբեր տեսանկյուններից, այդ թվում՝ առաջադիմության տեսակետից, ըստ տարբեր դպրոցների եւ իհարկե՝ առանձին վերցրած ավագ դպրոցներում: Երեւի մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի ամփոփումը»: Այնուամենայնիվ, ի՞նչ պատկեր ցույց տվեց այդ ընթացիկ գնահատումը, ի՞նչ հարցեր վերահանեց: Մեր այս հարցին պարոն Մկրտչյանի պատասխանից պարզ դարձավ, որ այդ նորամուծությունը՝ ընթացիկ թեստավորումը, ոչ միայն աշակերտների առաջադիմության հետ կապված բացահայտումներ է արել, այլեւ՝ դպրոցների աշխատաոճի: «Որոշ տնօրեններ (ես չեմ սիրում անուններ տալ, կարեւորը երեւույթն է, ոչ թե՝ անունները) բողոքում էին, ասում էին՝ վա՜յ, ինչպես կարող ենք համացանցով աշխատել, մեր ինտերնետը երկու ամիս է՝ չի աշխատում: Բայց չէ՞ որ բոլոր դպրոցներին մենք ապահովել ենք, որ լինեն համացանցում: Այ, ասենք, եթե տնօրենը մտնի դպրոց եւ իմանա, որ ջրի խողովակն է պայթել, անմիջապես մարդ կկանչի, որ սարքեն, չէ՞: Նույնն էլ՝ ինտերնետը, պիտի դառնա նրանց համար գործածական կարեւոր մասնիկ: Սովորություն պիտի դառնա, որ ամեն օր բացի իր հասցեն, կարդա ծնողների նամակները, նախարարության, ԳԹԿ-ի էջերը, իմանա նորությունները…»: Փոխարենը, մեր ունեցած ահազանգերով, որոշ տնօրեններ, օգտվելով առիթից, գումարներ են հավաքել երեխաներից կամ, ավելորդ աղմուկից խուսափելու համար՝ ուսուցիչներից, որպեսզի ԳԹԿ-ի կայքում տեղադրված թեստերը քսերոքս անեն: ԳԹԿ տնօրենը շատ լավ տեղյակ էր այդ պատմությունից: Ավելին, նույնիսկ գիտեր «դրույքաչափերը»՝ որոշ դպրոցներում հավաքել են 100-ական դրամ, որոշներում՝ 500-ական, իսկ մի քանի տեղ էլ, հավանաբար մտածելով, որ Ամանորի նախօրեին միշտ էլ փողի կարիք կա, որոշել էին «քծիպություն չանել» եւ միանգամից 1000 դրամ պահանջել: Ըստ պարոն Մկրտչյանի՝ նրանք դրա իրավունքը չունեին, քանի որ կոնկրետ այդ միջոցառման համար դպրոցներին գումար է փոխանցված եղել: Ճիշտ է, գումարները վաղուց են փոխանցվել, եւ որոշ տնօրեններ, մտածելով, թե՝ ինչ իմանաս, մեկ էլ տեսար այդ ընթացիկ ստուգումները չեն կայանա, արդեն իսկ ծախսած են եղել այդ գումարները: Մ. Մկրտչյանը կարծում է, որ փող հավաքելն այդ տեսակի տնօրենների «մեջ նստած է», այլապես, նրանք նույնիսկ չէին էլ մտածի այդ մասին, ինչպես շատուշատ այլ տնօրեններ, որոնք հնարամտորեն այլ ելքեր են գտել: Մեր հարցին՝ համեմատելո՞ւ եք ԳԹԿ-ի ստացած արդյունքներն այն դպրոցների արդյունքների հետ, որոնք իրենք են անցկացրել ու ստուգել ընթացիկ գնահատման թեստերը, պարոն Մկրտչյանն ասաց, որ չեն համեմատելու. «Նրանք պետք է հասկանան, որ, թեստեր կազմելով, մենք ընդամենն օգնում ենք տնօրինությանը՝ դպրոցների ներսում ամփոփիչ աշխատանքներ կազմակերպելու, որոնցով կստուգվեն իրենց աշակերտների գիտելիքները, օգնում ենք, որ աշակերտներն արագ յուրացնեն թեստերը… Նրանք դա պետք է գիտակցեն եւ մոռանան կեղծիքների, օգնելու, հուշելու մասին: Կամաց-կամաց կսովորեն, որ դա հենց իրենց է պետք, եւ ժամանակի ընթացքում պետք է հասնենք նրան, որ յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր ուսուցիչ ինքը կազմի թեստերը եւ դրանցով ստուգի իր աշակերտի գիտելիքները…»: Իսկ գիտելիքների ընթացիկ ստուգումները շարունակվելու են: Առաջիկայում, հավանաբար՝ մարտին, կստուգվեն 11-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները: Նախատեսվում է, որ մոտ ապագայում տարեկան 4-5 անգամ կանցկացվեն նման «ստուգարքներ»:

Հ. Գ. Պարոն Մկրտչյանի հետ այլ հարցերի մասին մեր զրույցը կարող եք կարդալ «Առավոտի» հաջորդ՝ հետտոնական համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել