Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՔԻՉ ԼԻՆԻ ՍՈՒՏԸ

Դեկտեմբեր 27,2008 00:00

\"\"Ըստ լրագրողների՝ այս դեպքում ամեն ինչ շատ ավելի լավ կլինի

Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր տարեմուտի ֆուրշեթի: Եթե նախորդ տարիներին այս կարգի ֆուրշեթներն անցկացվում էին խորհրդարանի բուֆետում՝ առաջին հարկում, ապա երեկ լրագրողները հրավիրվել էին ոսկեզօծ դահլիճ: Այս կապակցությամբ չուշացավ լրագրողների հումորը՝ «Ազգային ժողովի դերը բարձրացել է երկու հարկով»:

Ի պատասխան «Առավոտի» հարցին՝ ի՞նչ կենաց է խմելու Նոր տարվա առաջին գիշերը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես խմելու եմ մեր երկրի, մեր ժողովրդի, մեր պետության հաջողությունների համար, ցանկանալու եմ մեր ժողովրդին խաղաղություն եւ հաջողություններ: 2009-ին Աստված թող աջակցի, որ իրականանան մեր ժողովրդի, մեր իշխանությունների, մեր պետության նպատակները: Իրոք, 2009-ին մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու, եւ ես համոզված եմ՝ այդ խնդիրների լուծման տարբերակը միասնականությունն է: Իմ նպատակն է՝ իշխանությունների, քաղաքական ուժերի միասնության, համերաշխության արդյունքում միասին կարողանանք լուծել մեր խնդիրները»: Նկատեցինք, որ մեր հարցին տրվեց պետական-քաղաքական գործչի պատասխան, սակայն մենք կուզեինք իմանալ, թե որպես Հովիկ Աբրահամյան՝ ի՞նչ կուզեր մեր զրուցակիցն անձամբ. «Ես իմ ընտանիքի կողքին եմ ուզում լինել, իմ թոռների, երեխաների, այդ ամենն ինձ համար շատ կարեւոր է: Ես ուրախ եմ, որ ունեմ նման ընտանիք, ունեմ 4 գեղեցիկ թոռներ, երեքը տղա են եւ ծառայելու են հայրենիքին: Համոզված եմ, եթե յուրաքանչյուր ընտանիքում կա խաղաղություն, սեր, դա կնպաստի նաեւ երկրի խաղաղությանը»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ կարողացա՞վ Հովիկ Աբրահամյանը բարձրացնել ԱԺ-ի դերը, ինչպես սպասվում էր երկրի բարձրագույն ղեկավարության կողմից: Ի պատասխան՝ խորհրդարանի նախագահն ասաց. «Լրագրողների մոտ տպավորություն կա, որ Ազգային ժողովը հիմնարկ է, ԱԺ նախագահն էլ տնօրենն է: Ուզում եմ հայտարարել, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է, իսկ ԱԺ նախագահն այդ քաղաքական մարմնի ղեկավարն է: Այո, մենք լուրջ քայլեր ենք նախատեսել, լուրջ քայլեր ենք կատարել, դա տեսանելի է, եթե հիշում եք՝ ընտրվելուց հետո իմ առաջին խոսքը եղել է հանդուրժողականության եւ միասնականության մասին, դա արդեն դրսեւորված է եւ տեսանելի է ձեզ համար»:

Ասաց, որ նոր տարվանից բոլոր պատգամավորները կայցելեն մարզեր, կլսեն մարդկանց եւ կոնկրետ գործերով կլուծեն խնդիրները:

Մենք կարճ հարցազրույցներ ունեցանք նաեւ լրագրողների հետ: Մինչեւ վերջերս «Ազատություն» ռադիոկայանի առաջատար լրագրող, այսօր՝ Հանրային հեռուստառադիոընկերության լրագրող Ռուզան Խաչատրյանին հարցրինք, թե ի՞նչ է սպասում նոր տարուց, ի՞նչ է հարկավոր անել մեր հասարակության մեջ բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար: Նաեւ հետաքրքրվեցինք, թե իր տեղափոխությունը այլ լրատվամիջոց ինչո՞վ էր պայմանավորված: Ի պատասխան՝ մեր գործընկերն ասաց. «Բազմաթիվ մարդիկ բաժանվել են թիմ-թիմ, իսկ նրանք, ովքեր չեզոք են, որեւէ թիմից չեն, կարծես հասարակությունից դուրս մղված լինեն: Անկեղծորեն կուզենայի, որ այդ թիմայնությունը վերանար, որովհետեւ ըստ քաղաքական համակրանքի բաժանումը սարսափելի բան է: Շատ կուզենայի այդ խզումը վերանար, թող մարդիկ ունենան խզումներ, բայց՝ ոչ քաղաքական պատճառով»: «Ազատություն» ռադիոկայանից իր հեռանալը տիկին Խաչատրյանն այսպես բացատրեց. «Երեւի շատ մեծ փոփոխություն էր, որովհետեւ մոտ 14 տարի աշխատել եմ «Ազատություն»-ում, բայց երեւի փոփոխություններ պետք են, թե չէ՝ կհամարենք, որ ծերանում ենք թե՛ որպես մասնագետ եւ թե՛ որպես մարդ»:

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Կուրդիյանը որեւէ բան փոխել չի ուզում. «Ճիշտն ասած՝ ես երբեք չեմ մտածում ուրիշներին փոխելու մասին, դրա համար էլ չեմ մտածում՝ ինչ փոխվի հասարակության մեջ: Ես փորձում եմ փոխել իմ մեջ, փորձում եմ բացատրել իմ մտքերն ուրիշներին, եւ եթե դա կփոխի իրենց՝ շատ լավ, ուրախ կլինեմ, եթե չի փոխի, ես կընդունեմ իրենց այնպիսին, ինչպիսին կան: Համաձայն եմ Ռուզանի հետ, իրոք, կարծես շատ մեծ հատված մնացել է հասարակական ակտիվ կյանքից դուրս, այդ մարդիկ իրենց արժանիքներով գանձ են մեր հասարակության համար, ես շատ կուզենայի, որ իրենք հնարավորություն գտնեին վերադառնալու եւ ավելի ակտիվ լինելու»:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանին հարցրինք, թե ի՞նչն է հատկապես իրեն նյարդայնացնում: Հոգոց հանեց եւ ասաց. «Ի՞նչն է ինձ ներվայնացնում… սուտը, եթե քիչ լինի սուտը, ամեն ինչ ավելի լավ կլինի: Ընդ որում՝ սուտը կա ամեն ինչի մեջ՝ արվեստի, քաղաքականության, հասարակական հարաբերությունների, Նոր տարին նշելու մեջ: Բայց դա շատ օբյեկտիվ բան է. եթե դու չես կարողանում այլ ձեւով զարգանալ, սուտը դառնում է զարգացման միակ ճանապարհը: Կան ավելի լավ ձեւեր, բայց մեզ մոտ առայժմ սա է ստացվում՝ սուտը եւ կոռուպցիան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել