Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մեծարել Սարոյանին

Դեկտեմբեր 27,2008 00:00

\"\"Նրա երեւանյան արձանի մտահղացման հեղինակի դիտարկումները

Վերջերս Երեւանում՝ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում, բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը: Երեւանում մեծանուն հայորդու արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն է: Նա «Առավոտին» պատմեց. «Գաղափարը ծագեց Բուդապեշտում, որտեղ գտնվում էի նկարահանումներով: Քաղաքի հենց կենտրոնում տեսա Վիլյամ Շեքսպիրի արձանը, որն ինձ հիշեցրեց՝ մենք Երեւանում Սարոյանի արձան չունենք… Վերադարձա Հայաստան եւ մտահղացումս հայտնեցի ընկերներիս, ինչն էլ արժանացավ նրանց հավանությանը: Արձան ունենալու գաղափարը պահանջում էր ֆինանսական միջոցներ, ինչի առիթով բախվեցինք մեծ խնդիրների: Բայց քանի որ երկու տարի հետո Սարոյանի 100-ամյակն էր, մեր կազմակերպությունը նախաձեռնեց այդ ծրագիրը, եւ այն ներկայացվեց մշակույթի նախարարություն. արդյունքում՝ ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում: Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնեցինք հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերաներից, վերջացրած թոշակառուներով»: Քանդակի հեղինակը Դավիթ Երեւանցին է, որը հրաժարվել է իր հոնորարից: Ըստ Ռ. Հովհաննիսյանի՝ արձանի ստեղծումն այնքան մեծ դժվարություն չներկայացրեց, որքան այն Չեխիայից Հայաստան տեղափոխելը. «Սկզբում որոշվեց, որ այն Պրահայից պետք է բերվի ինքնաթիռով: Սակայն օդանավակայանի ճանապարհին մեզանից եւ ոչ ոք չպատկերացրեց, որ 3 մետր 20 սանտիմետր բարձրություն եւ 500 կգ ծանրություն ունեցող քանդակը չէր տեղավորվի ինքնաթիռում: Ստիպված Չեխիայից այն ավտոմեքենայով տեղափոխեցինք Ֆրանկֆուրտ՝ Գերմանիա, որտեղից էլ բեռնատարով՝ Հայաստան: Այնուհետեւ հաջողությամբ տեղափոխվեց Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածք: Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածքն էլ մեզ առաջարկեց Կենտրոն համայնքի թաղապետը»:

Որպես սարոյանական տարվա ամփոփում, Ռաֆայել Հովհաննիսյանը նկատեց. «Իմ կարծիքով, ոչ մի հոբելյան դեռ այդքան մեծ շուքով չի տոնվել Հայաստանում, անգամ Արամ Խաչատրյանի 100-ամյակը: Ինձ հատկապես ոգեւորեց երիտասարդության մասնակցությունը միջոցառումներին եւ նրանց հետաքրքությունը Սարոյան գրողի նկատմամբ: Ցավով պիտի նշեմ, որ 2007 թվականի վերջին մեր կազմակերպությունը սոցհարցումներ անցկացրեց 20-30 տարեկան երիտասարդների շրջանում, որոնց արդյունքում 100 հարցվողներից 4-ն էին կարդացել Սարոյան, մյուսները նրան շփոթում էին կամ Սարյանի, կամ էլ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հերոսների հետ: Հիմա վստահ եմ՝ եթե անցկացնենք նույն հարցումները, արդեն պատկերը հակառակը կլինի՝ 100-ից 4-ը, թերեւս, բացասական պատասխան կտա, քանի որ տարին լեցուն էր սարոյանական տարբեր միջոցառումներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել