Բանասիրական գիտությունների դոկտոր, հրապարակախոս Շավիղ Գրիգորյանն ու հրապարակախոս, նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանը միմյանց մասին:
Ճանաչված նժդեհագետն իր տարերքի մեջ
«Հայ դպրություն» կազմակերպության եւ հանրային գործիչ Սերժ Մկրտչյանի հովանավորությամբ լույս է տեսել Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ» աշխատությունը, որը ՀՀ ԿԳ նախարարությունը երաշխավորել է որպես դպրոցականների համար գիտահանրամատչելի ձեռնարկ։
Անցյալի եւ ներկայի մեր եւ ոչ մի այլ մտավորական այնքան սեր եւ հետաքրքրություն հանդես չի բերել մեր թիվ մեկ հայրենապաշտի՝ Գարեգին Նժդեհի նկատմամբ, որքան իմ գրչեղբայրը:
Կա՞ կամ կլինի՞ մի այլ հայ, որ այնքան եւ այնպես փոթորկի մեր սիրտն ու հոգին, որքան Գարեգին Նժդեհը, որի ոչ միայն անունը, այլեւ ազգանունն իսկ հնչում է ինչպես սուրբ: Ներկայանալի է նաեւ գրքի տեսքն ու կազմը: Տեսեք, թե ինչ բառ ու բանով է ներկայանում ձեզ՝ «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծվելը»: Հիրավի՝ Մամիկոնէից ուխտ։
Եվ նոր միայն գանք գրքին, ուր տեղ են գտել ոչ միայն հեղինակի՝ Ռաֆայել Համբարձումյանի այս բառ ու բանը, այլեւ հենց իր՝ Գարեգինի, որն էլ ոչ թե կարդում ես, այլ ապշահար լինում՝ վայելելով հիմի էլ տեսեք, թե ի՜նչ դատողություններ. «Կուլտուրան եթե ազգային չէ, կուլտուրա չէ, ինչպես ազգը եթե կուլտուրական չէ, ազգ չէ»։ Հապա սա. «Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու հայրենիքի համար»։
Կամ սա. «Բարին, գերագույն բարին հնձ համար եղել է ու կմնա Հայաստանը»։
Հապա ա՛յս, ա՛յս երկվորյակը՝ «Իմ ուրախությունն ու վիշտը մի անուն ունի՝ Հայաստան»: Կամ հենց թեկուզ սա. «Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան օտարախոս»։
Ահա թե ումն է պարգեւել մեզ իմ ընկերն ասեմ, թե եղբայրը՝ Ռաֆայել Համբարձումյանը։
ՇԱՎԻՂ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գնահատական արժանավորին
Իմ վաղեմի բարեկամ Շավիղ Գրիգորյանը մոտ երեսուն գիտաբանասիրական գրքերի եւ մի քանի հարյուր հոդվածների հեղինակ է:
Անհավատալի է թվում, բայց փաստ է, որ 1940-1980-ական թվականներին նա երեք հազարից ավելի բանախոսություններ է կարդացել Հայաստանում ու նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հայաբնակ բնակավայրերում… Բայց նրա գործերի գործն ինձ համար իր կատարած մի քանի հայտնագործություններն են, որոնց մասին այսօր ձեզանից շատերը առաջին անգամ են տեղեկանալու: Օրինակ՝ «Կռունկ» ժողովրդական երգի, Հայրենների ու Նահապետ Քուչակի մասին նրա արտահայտած հիմնավոր կարծիքները ոչ միայն նոր խոսք են, այլեւ հեղաշրջիչ կարծիքներ են, որոնց շատ դժվար է ընտելանալ, քանի որ տասնյակ տարիներ մենք «Կռունկ» երգը համարել ենք հայկական ժողովրդական երգ, իսկ Հայրենների հեղինակ էլ՝ մեր մեծագույն տաղերգուներից Նահապետ Քուչակին։ Մինչդեռ Շավիղ Գրիգորյանը համոզիչ փաստերով, ոչ թե այսօր կամ երեկ, այլ երեք-չորս տասնամյակ առաջ է հիմնավոր փաստերով ապացուցել, ոը ժողովրդական համարվող «Կռունկը» ժողովրդականացած երգ է, որի հեղինակն է մեր աշուղական երգի անդրանիկ ներկայացուցիչ Ղուլ Օղլի Երզնկացին, որն էլ ապրել ու գործել է 15-րդ դարում… Առավել անսպասելին նրա երկրորդ հայտնագործությունն է: Նա ապացուցում է, որ Հայրենները ոչ թե Նահապետ Քուչակինն են, այլ դեռեւս ԺԲ դարից եկող մեր ժողովրդական բանահյուսության նմուշներ։ Այսինքն, որ այն բանաստեղծը, որին վերագրում են Հայրենները, ապրել է այդ երգերի ծնունդից մի քանի դար հետո միայն:
Այսպիսով՝ մոտ մեկ դար շարունակ ժողովրդական երգ համարվող «Կռունկը» նա համարել եւ համարում է ոչ թե ժողովրդական, այլ մեր աշուղներից մեկի՝ ժողովրդականի վերածված, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ հորինվածքը: Իսկ մոտ մեկ հարյուրամյակ Նահապետ Քուչակին վերագրվող քերթվածքները համարում է հայկական ժողովրդական:
Կարծում եմ, թե արտահայտած կլինեմ ձեր բոլորի համոզումը, եթե ասեմ, որ Շավիղ Գրիգորյանի սույն գիտական գործունեությունը վերջապես պիտի ստանա ճշմարիտ գնահատական։ Եվ այդ գնահատականն էլ նա պիտի ստանա ոչ թե այն բանի համար, որ հայցում է, այլ որ դրան արժանի է ոչ միայն լիովին, այլեւ անվերապահ:
ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ