Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննիչների բախտը չբերեց

Դեկտեմբեր 27,2008 00:00

Կաշառքը թաքցրել էր Քրեական օրենսգրքի մեջ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության կապիտան Սեւակ Խաչատրյանի եւ նույն բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վիկտոր Պապյանի նկատմամբ այս տարվա հուլիսի 7-ին հարուցվել է քրեական գործ: Այն իրականացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Նախաքննության մարմնի տվյալներով՝ ոստիկանները Զիրավարդ Պռազյանից անձամբ ստացել են «առանձնապես խոշոր չափի կաշառք»:

Իսկ թե ինչո՞ւ էին քննիչները դիմել «կաշառքի հնարքին», պարզվեց քննության ընթացքում: 2008թ. հունվարի 18-ին Աբովյանի բնակիչ, անչափահաս Արայիկ Պռազյանը դանակահարել էր անչափահաս Արման Ալեքսանյանին եւ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ ձեռնարկվել է նախաքննություն։ Դանակահարության գործը վարույթ է ընդունել նույն բաժանմունքի քննիչ Սեւակ Խաչատրյանը: Քննիչ Ս. Խաչատրյանը եւ քննչական բաժանմունքի պետ Վ. Պապյանը հետագայում «բանակցություններ են վարել» Արայիկ Պռազյանի մոր՝ Զ. Պռազյանի հետ եւ համաձայնության են եկել $5000 կաշառքի դիմաց Արայիկ Պռազյանի կատարած հանցանքը վերաորակել որպես «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած արարք»։ Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպության փորձագետներին։ Քննիչները անչափահասի մորը ասել էին նաեւ, որ գումարի մի մասը տալու են փորձագետին: Կաշառքից առաջ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացվել էր՝ քննիչներին գաղտնալսել:

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները քիմիական մշակման էին ենթարկել 50 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, դրանց վրա հատուկ մատիտով գրել էին «կաշառք» բառը եւ հանձնել Զ. Պռազյանին: Քննիչ Ս. Խաչատրյանն իր աշխատասենյակում Զ. Պռազյանից անձամբ ստացել է $5000 կաշառքը, սակայն, ըստ հատուկ քննչական ծառայության, կաշառքը ստանալուց հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բռնել են նրան: Գումարը քննիչը դրել էր ՀՀ քրեական օրենսգրքի մեջ եւ թաքցրել իր աշխատասենյակում գտնվող բազմոցում։

Ի դեպ, քննիչի առանձնասենյակից առգրավվել էին դիազեպամ, տրիֆլուոպերազին, տրիհեքսիֆենիդիլ հոգեմետ դեղեր:

Մեղադրական եզրակացությունը կազմվել է դեկտեմբերի 22-ին: Քրեական գործն ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել