Տնօրենի պաշտոնի համար վիճաբանում են հին ու նոր տնօրենները
Օրերս «Առավոտը» ահազանգ էր ստացել, որ Գյումրիի ծննդատանը կրքերը կրկին բորբոքված են, եւ որ նորանշանակ տնօրեն Արմեն Իսահակյանի տեղակալը՝ նախկին տնօրեն Վարդան Սարգսյանը, տնօրենին արդեն 7 ամիս սթրեսային վիճակում է պահում՝ թույլ չտալով կենտրոնանալ մասնագիտական գործունեության վրա: Վ. Սարգսյանը կոլեկտիվից թաքուն դատական ատյաններում վիճարկում է մարզպետ Լիդա Նանյանի՝ իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու որոշումը, գործին խառնելով ՕԵԿ-ական կարկառուն դեմքերի, մասնավորապես՝ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Պատգամավորն էլ, մարզպետի հետ վատ հարաբերությունների մեջ լինելով, ամեն կերպ փորձում է օգնել հին տնօրենին: Նա օգտագործում է իր լծակները՝ ազդելով վերաքննիչ դատարանի վրա:
Բժիշկ Իսահակյանին զայրացրել է այն, որ տնօրենի պաշտոնի համար մրցույթում հաղթելուց ու արմատական բարեփոխումներ անելուց հետո՝ հիմնովին վերանորոգել է ծննդատունը, կաշառքը իսպառ վերացրել է, նախկին տնօրենը թաքուն փորձեր է անում իր պաշտոնը խլելու: Նշենք, որ Լիդա Նանյանը Վ. Սարգսյանին աշխատանքից հեռացրել էր անօրինական համարելով ծննդատան տնօրենի ու նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի միջեւ կնքված պայմանագիրը: Այսինքն, ըստ կառավարության որոշման, տնօրենի պաշտոնի համար պետք է մրցույթ հայտարարվեր, ինչը, սակայն, նախկին մարզպետը չէր կատարել եւ իր հայեցողությամբ պաշտոններ էր բաշխել: Ծննդատան նախկին տնօրեն Վ. Սարգսյանն էլ, գտնելով, որ, այնուամենայնիվ, իրեն անօրինական են ազատել, դիմել էր վարչական դատարան: Սակայն վարչական դատարանը 3 ամիս գործը քննելուց հետո գտել էր, որ Վարդան Սարգսյանը սխալ հասցեով է եկել, եւ որ անհրաժեշտ է դիմել ընդհանուր իրավասության դատարան: Այդ ընթացքում հայտարարվեց մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար, որին մասնակցեցին Ա. Իսահակյանն ու Վ. Սարգսյանը, սակայն նախկին տնօրենը, չկարողանալով պատասխանել հանձնաժողովի հարցերին, պարտվեց: Մրցույթից անմիջապես հետո, Վ. Սարգսյանին չնեղացնելու համար, մարզպետ Լիդա Նանյանը նրան առաջարկել է ծննդատան բուժական գծով տեղակալի հաստիքը, որն էլ թեեւ նա սիրով ընդունել էր, սակայն շարունակում է հին պաշտոնի համար բողոքարկել դատարաններում: «Եթե նա ընդունել է մրցույթի արդյունքները, ընդունել է իրեն առաջարկված պաշտոնը, հենց էս պահին աշխատում է որպես տեղակալ, էն էլ ասեմ, որ էդ պատասխանատու պաշտոնի համար շատ քիչ մասնագիտական կարողություններ ունի, ապա ինչպե՞ս հասկանանք նորից բողոքելու իմաստը: Ընդ որում՝ ասեմ, որ իմ ու Վարդան Սարգսյանի աշխատավարձերը 20 հազար դրամով են տարբերվում. իմը 100 հազար է, իրենը՝ 80: Ինչո՞ւ է լարված պահում կոլեկտիվին, ինչո՞ւ է փորձում քաղաքականացնել էս պաշտոնը, բժշկի մասնագիտությունն այնպիսին է, որ նյարդերդ պետք է հանգիստ լինեն: Նա անընդհատ ներկայացնում է, որ իր թիկունքին Հովհաննես Մարգարյանն է, միշտ տեսնում ենք, որ մեքենան կանգնում է «Օրինաց երկրի» գրասենյակի առաջ, ժամերով նստում է այնտեղ ու միշտ գալիս-ասում է, որ՝ կտեսնեք, մենք կհաղթենք, Հովհաննես Մարգարյանն ինձ խոսք է տվել, մարզպետին էլ կհանենք, բայց ես կվերականգնվեմ: Պատկերացրեք, ես 2 տարով եմ պայմանագիր կնքել մարզպետի հետ, բայց 7 ամիսն անցավ, ես դեռ Վարդան Սարգսյանի սարքած ինտրիգների մեջ եմ, նա իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, բայց կոլեկտիվը ձայն չհանեց, մտածելով՝ մարդ է, պաշտոնից հեռացրել են, իրա մուրն իրա գլուխը, բայց նա դրանից ավելի ոգեւորվեց, մտածում է՝ ինքն էնքան անմեղ է, որ իրավունք ունի նորից պաշտոնում վերականգնվել, ինքը փակուղի էր տարել ծննդատունը»,- ասաց Ա. Իսահակյանը:
Գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն էլ հավելեց, որ նախկին տնօրենը, մեծ եկամուտներ ունենալով ծննդատնից, մինչ օրս պայքարում է իր պաշտոնի համար, որպեսզի շարունակի «ալան-թալանը»: Մենք առիթ ունեցանք ներկա գտնվել կոլեկտիվի երեկվա ժողովին, որին մասնակցում էր նաեւ Վ. Սարգսյանը ու լսել, թե ինչպես էին նրանք քննադատում նախկին տնօրենին՝ պահանջելով հանգիստ թողնել իրենց ու դատարանից հետ վերցնել հայցը: «Պատգամավորներն են, որ մեր երկիրը քանդում են, առանց գաղափար ունենալու բժշկի մասնագիտության մասին՝ ինչպե՞ս են իրենց թույլ տալիս քթները խոթել ու որոշել, թե ով է լինելու մեր տնօրենը: Մեզանից շատերը ժամանակին մեծ պաշտոններ են զբաղեցրել, բայց մեզ էլ հանեցին, ի՞նչ անեինք, կլյաուզաներո՞վ զբաղվեինք, ի գիտություն բոլորի, այդ թվում՝ նաեւ ՕԵԿ-ի, ծննդատան հիմնական կորիզը այլեւս չի ուզում Վարդան Սարգսյանի հետ աշխատել, իսկ սա նշանակում է, որ նա պետք է հրաժարվի պաշտոնում վերականգնվելու մտքից»,- վրդովվեց ծննդատան կոլեկտիվը:
Մենք այս հարցի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ նախկին տնօրեն Վարդան Սարգսյանից: Նա նախեւառաջ հայտնեց, որ ինքը ոչ թե պաշտոնակռիվ է տալիս, այլ իր ոտնահարված իրավունքներն է վերականգնում. «Ի՞նչ հանցանք եմ գործել, ո՞ւմ եմ վիրավորել, ես պաշտպանում եմ իմ իրավունքը, կամ ինչո՞վ եմ խանգարել ծննդօգնությանը, եւ հետո էս պահին ես ոչ թե վիճարկում եմ ինձ աշխատանքից ազատելու փաստը, այլ՝ իմ հայցը չընդունելու. ընդհանուր իրավասության դատարանը գտավ, որ ես ճիշտ ժամանակին չեմ դիմել դատարան, ուշացել եմ, ես էլ ժամկետի հետ կապված բողոքարկել եմ վերաքննիչ: Ես պաշտոնի կռիվ չեմ տալիս, սա զուտ մարդկային արժանապատվության հարց է, վերջը ինձ դատարանը պիտի պատասխանի՝ ես ճիշտ եմ, թե՝ չէ: Եթե ես անգամ վերականգնվեմ իմ պաշտոնում, մարզպետի հետ չեմ աշխատի, հասկանում եմ, որ նա ավելորդ քաշքշուկներ կստեղծի: Վերջը մի հոգի պիտի՞ կռիվ տա անօրինականության դեմ: Ես չեմ ուզում լինել անմեղ զոհի կարգավիճակով, եթե ես էլ վճարունակ լինեի՝ իմ պաշտոնում կմնայի: 5 տնօրենների գլխին սեւ-մութ ամպեր էին կուտակված, բայց, չգիտես ինչու, մյուս 4-ի՝ Ռոմիկ Մանուկյանի հետ կնքած պայմանագրերն օրինական համարվեցին, միայն իմը անօրինական ճանաչվեց: Եթե ես էնքան լծակ ունենայի, որ կարողանայի ազդել դատարանի վրա, էնպես կանեի, որ հայցս չմերժվեր: Ինչո՞ւ են շահարկում Հովհաննես Մարգարյանի անունը, ես նաեւ Աշոտ Աղաբաբյանին եմ դիմել, Գալուստ Սահակյանին, նրանք իմ կուսակից ընկերներն են: Իսկ ինձ տված պաշտոնը ձեւական է, իրավական հիմք չունի, դուք արդեն տեսաք, որ ես նստում եմ բժիշկների սենյակում, որեւէ լծակ չունեմ: Սրանով փորձեցին իմ բերանը փակել: Եվ հետո ինչո՞ւ է հիմա մտքներն ընկել մարզպետարանի հանձնաժողովի կողմից իմ մոտ կատարված ստուգումների արդյունքները, ինչո՞ւ են այս ամենը շահարկում»:
Նշենք, որ մեր ձեռքի տակ են Շիրակի մարզպետարանի ստուգումների արդյունքները, ըստ որի՝ մի քանի խախտումներ են հայտնաբերել Վ. Սարգսյանի կառավարած հիմնարկում: Մասնավորապես այն, որ տնօրենը, հարեւան Վրաստանից՝ Ախալքալաքից եկած ծննդկանների իրական հասցեն փոխելով, ծննդաբերական անկետաներում ձեւակերպել է որպես ՀՀ քաղաքացիներ՝ այդպիսով բյուջե չմուտքագրելով արտերկյա քաղաքացիներից օրենքով պահանջվող պարտադիր գումարը: Նաեւ ծննդատան ընդունարանում ապօրինաբար 3-հազարական դրամ է գանձվել հղիներից, բաժանմունքների հաշվետվություններում ծախսը չի երեւացել եւ այլն: Իհարկե, նախկին տնօրենը մարզպետարանի կազմած 16 կետից բաղկացած խախտումների մասին ունի իր հստակ բացատրությունները, սակայն այս պահին դրանք ուսումնասիրվում են Շիրակի մարզի դատախազությունում: Ի դեպ, տեղեկացնենք, որ մենք ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանից եւս հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կապ ունի ինքը այս գործի հետ: Ըստ նրա. «Իմ անունը շահարկվում է, ես որեւէ կապ չունեմ այս գործի հետ, սա ակնհայտ զրպարտանք է իմ հասցեին, եւ նա, ով ինձ կզրպարտի, ես պատրաստ եմ պատիվ պահանջել»: