Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե պետք է սովորել Հնդկաստանի՞ց

Դեկտեմբեր 27,2008 00:00

Հնդկաստանում ճգնաժամն առայժմ շատ մեծ ազդեցություն չի ունենում

Հնդկաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ վերջին շրջանում Հնդկաստանում կատարվող լուրջ իրադարձությունները վտանգավոր չեն այնտեղ բնակվող հայ համայնքի համար. «Հիմա վիճակը համեմատաբար հանգիստ է, անվտանգության միջոցառումները շատ ավելի խստացվել են, եւ ամենուրեք դա նկատվում է»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ Հայաստանում կատարվող ներքաղաքական զարգացումները, այս կամ այն իրադարձությունը ազդեցություն ունենո՞ւմ են Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների վրա: Դեսպանը, շրջանցելով մեր հարցը, իրեն բնորոշ տոնով խիստ «դիվանագիտական» պատասխան տվեց: Իսկ թե որքանով է դա մեր հարցի պատասխանը՝ թող դատի ընթերցողը. «Ես կարող եմ խոսել երկկողմ հարաբերությունների միայն դրական միտումների մասին,- ասաց Աշոտ Քոչարյանը:- Վերջին շրջանում, հատկապես 3-4 ամիսների ընթացքում, բավականին լուրջ, անգամ պատմական միջոցառումներ տեղի ունեցան Հնդկաստանում. սեպտեմբերի 13-ին բացեցինք Հայաստանի փողոցը, մեր դեսպանությանը հարող երկու փողոցները, որոնց երկարությունը կազմում է մոտ 600 մետր, հիմա Հայաստանի անունն են կրում: Պատմականորեն մենք Հնդկաստանում ունենք երկու հայկական փողոցներ՝ Մադրասում եւ Կալկաթայում: Վերջերս առաջին շախմատային խաղն անցկացրինք երիտասարդական հավաքականների միջեւ, շատ բարձր մակարդակով անցավ, իսկ զուգահեռ անցնում էր առաջին հայ-հնդկական բիզնես-ֆորումը: Տարեցտարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ ավելանում է, ամենակարեւորը, որ հնդկական շուկայում քաջատեղյակ են մեր քիմիական արտադրանքից, Վանաձորի մեր «Քիմպրոմը» «Սայգալ» կորպորացիայի հետ սերտ համագործակցում է»:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը ազդեցություն չի՞ ունենում հայ-հնդկական տնտեսական կապերի վրա: Դեսպանը չժխտեց. «Ճգնաժամը որոշակի ազդեցություն ունի նաեւ հնդկական տնտեսության վրա, սակայն իրենց կայուն բանկային համակարգը, նաեւ օտարերկրյա կապիտալի հանդեպ որոշ հսկողությունը թույլ չեն տալիս, որ ճգնաժամը շատ մեծ ազդեցություն ունենա իրենց տնտեսության զարգացման վրա: Բնական է՝ ունի, եւ իրենց նպատակն է պահպանել 8-8,5% տնտեսական աճ, բայց այս իրադարձությունները հնարավորությունները պակասեցնում են մինչեւ 7,5%, բայց իրենց երկիրը դինամիկ զարգանում է եւ լուրջ գործոն է դառնում միջազգային հարաբերություններում եւ տնտեսական համաշխարհային շուկայում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել