Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՆԴՆ ԵՄ ԱՅՍՕՐ»

Դեկտեմբեր 27,2008 00:00

\"\"Բաց նամակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին

Սիրելի Արծվիկ, ողջույններս «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Եթե քեզ Սասնո Շենիկից՝ Էրգրից բարեւելս կնախընտրեիր, ասեմ, որ այստեղ, ուր հիմա ազատազրկված եմ, ու մարդավայել պայմաններն էլ բավականին սուղ են, շատ ավելի հայրենաշունչ է՝ նախընտրելի:

Քո պապենական Շենիկում հիմա այլազգին է «տեր» դարձել, թեկուզ գոնե ինձ համար՝ ժամանակավորապես, բայց այդտեղ իմ զինվորի տեղ նրանց ասկյարն է կամ էլ նրան փոխարինել ցանկացող «անաղուհաց շների» փեշմերգան: Ի վերջո, Շենիկում ես չկամ, դու չկաս՝ մենք չկանք հիմա:

Այստեղ՝ «Վարդաշենում», ես կամ, դու կաս, մենք կանք: Սա Հայաստանն է, ինչքան էլ խուցը՝ փոքր, լույսը՝ քիչ ու դուռը՝ հաստ երկաթից, պատուհաններն էլ ճաղավանդակներով պատված լինեն, այնուամենայնիվ, սա Հայաստանն է, մերը՝ իմ ու քո: Չզարմանաս, երբ ասում եմ՝ այստեղ՝ ես կամ, դու կաս, քանի որ ես՝ ներսում, դու դրսում ես: Եվ ես ներսում եմ, որովհետեւ դու դրսում չէիր ուզում, որ ես դրսում լինեմ, խանգարում էի «քո», այսպես ասած, BIG BOSS-ին, ու 1998 թվականից «ձեր» պապան դարձած Ռոբերտի նենգության զոհն ու պատանդը դառնալս ամենաշատն այդ ինչ լինելը «հազիվ թե» իմացածդ 118-ամյայի ցանկությունն էր: Սա ես գիտեմ, դու գիտես, եւ հենց այդ պատճառով է, որ ասում եմ՝ այստեղ հիմա երկուսով ենք: Ի վերջո, ներս թե դուրս՝ ի՞նչ տարբերություն, Հայաստանո՞ւմ չենք միթե:

Ամենակարեւորը՝ Հայաստանից մեզ մնացած այս ոտնաչափ տեղը պահենք, որ այս մի կտորը գոնե Շենիկ չդառնա, ու դու քո երեխաներով հերթական անգամ քոչվոր չդառնաս:

Չգիտես, անշուշտ, որ թուրքերենում «քոչար» նշանակում է քոչող՝ քոչվոր, եւ բառն իր արմատներով հենց թուրքերեն է, այն էլ՝ ալթայյան թուրքերենով: Եվ քանի որ այլազգիները մեր ցեղապատկան մարդկանց դեռ «փըխկ» էլ չասած՝ մերոնք անմիջապես սկսել են իրենց իրերը կապել-կապկպելով «քոչել» ու քոչվորի հատկանիշ են ձեռք բերել, Ռոբերտի ապուպապերն էլ, ինչ արած, թրքերեն «քոչար» են կոչվել: Սակայն մարդու էությունն իր անուն կամ ազգանվան հետ անշուշտ կապ չունի, եւ իմ մատնացույց անել փորձածս բոլորովին այլ բան է: Տես՝ քո սիրելին դարձած, այդ՝ ինձ համար տխրահռչակ 118-ամյան այդ օրվանից, երբ հայոց երկնակամարում հայտնվել է ու սկսել «գործել»՝ ոչ միայն հայերն են քչացել, քչացել եւ քչացել, այլեւ մեր երկիրն է փոքրացել, փոքրացել ու փոքրացել: Ոչ միայն մենք ոչինչ չենք ձեռք բերել կամ շահել, այլեւ միայն կորցրել ենք ու կորցրել: Մեր երրորդ հանրապետության պատմությունն էլ նույն ճակատագրին է արժանացվել ու արժանացվում՝ հենց «ձերոնց» թեթեւակի ներկայության «շնորհիվ»: Եվ ես իմ 18 տարվա հայաստանյան կենսագրության տեր դառնալովս՝ ասածներս ցավով ապրում եմ: Երբ ՀՅԴ-ն Դաշտային Արցախ ոտք դրավ՝ 50 հազարից ավելի հայեր ապրում էին իրենց տներում. հիմա ոչ մեկ հատ հայ չկա: Ամբողջ Արցախում 150 հազար հայեր կային. հիմա կեսի չափ կամ կա, կամ չկա: Իմ արյուն ու քրտինքի մեկ կաթիլի չափ մասնակցությամբ էլ ազատագրված տարածքները հայ բնակչությամբ լցնելու ամենաազգային ու նվիրյալ աշխատանքը կատարելիս՝ իմ նմանների ջանքերը հենց քո կուսակից ընկերները ջուրը թափեցին, եւ նույնիսկ այնտեղ նոր օջախ հիմնողները պակասեցին ու պակասեցին:

Մեր Հայաստանում էլ նույնն է վիճակը, կառավարությունը «ձերոնք» են, հայերն արտագաղթում են, հայերն աղքատանում են, հայերը նվազում են իրենց բնօրրանում: Ջավախքն արդեն հասել է կրիտիկական վիճակին, ձերոնք այնտեղ եւս իրենց պատմական առաքելությունը «լավագույնս» իրականացնում են, որ իրենց ծնող տիրոջ՝ ռուսների «Հայաստանն առանց հայերի»-ն իրականանա:

Երկիրը «քոչար»-ների համար երբեք հայրենիք, հայրենիքը՝ ազգային պետություն չի դառնա, քանի որ նրանց տեսակը քոչար է, մերը՝ իմ ու քո, ուղիղ հակառակը: Որովհետեւ դու Շենիկ, ես էլ զիմ Կիլիկիան եմ կորցրել, ու երկուսով էլ գիտենք՝ ինչ է նշանակում կորցնելը: Մի տարբերությամբ միայն, որ դու, չգիտեմ ինչու, կորցնողների ճամբարում ես հայտնվել, իսկ ես հենց «չկորցնելու համար պայքարելիս»՝ բանտում հայտնվել:

Ուրիշների հետ ես գործ չունեմ, բայց քո ազնվության ու անկեղծության մասին կարծիքս մեր առաջին հանդիպումից առայսօր երբեք չեմ փոխել: Ինձ չի հուզել նաեւ քո հանկարծակի 118-ամյային «բարեւ-բարիլույսդ», որովհետեւ նույնիսկ «չընդունեմ ձեր գաղափարները՝ դուք դրանք արտահայտելու իրավունք ունեք, ինչի համար պատրաստ եմ կյանքս տալ»: Այո, դրանք ոչ թե իմ, այլ ֆրանսիացի մեծագույն գրող-փիլիսոփայի խոսքերն են, որոնք երբեք իրենց այժմեականությունը չեն կորցնելու, քանի դեռ իմ նման ժողովրդավարության հավատացող նվիրյալներ կլինեն մեր ապրած ծուռ հայելիների աշխարհում:

Քո՝ «Մարտի 1-ի դեպքերը ստից քննող հանձնաժողովում» հայտնվելդ ինչքան էլ քո ամոթն է, այնուամենայնիվ, մարտի 1-ից տուժած հայ մարդը ես եմ, իմ կինս, երեխաներս եւ ոչ դու կամ քո ընկերները: Փաստը սա է, որից դարձյալ ոչ թե ես, այլ դու պետք է ամաչես, քանի որ «հալածյալի, ճնշվածի, տրորվածի» կողքին չես կանգնել, հիմա էլ չես համարձակվում կանգնել:

Իմ եւ քո ընդհանուր ընկերներից մեկն ինձ նամակ է ուղարկել, որտեղ «զարմանում եմ, թե ով-ով, բայց քեզ շատ լավ ճանաչող Արծվիկ Մինասյանը գոնե՝ խափանման միջոցդ փոխելու համար, անձամբ «անձնական երաշխավորություն» պետք է ներկայացրած լիներ, ինչո՞ւ չի անում», գրել է: Ինչից որ նա զարմանում է՝ ես չեմ զարմանում, քանի որ ես քո ընկերների պատանդն եմ այսօր եւ ոչ ուրիշի. սա էլ մեր ընդհանուր բարեկամին գրել եմ:

Դու գնացիր Արեւմտյան Հայաստան ու անձամբ տեսար, թե ինչ ես կորցրել քո հին ընկերների անմիջական մեղսակցությամբ: Իսկ ես եկել եմ այնտեղից՝ կորստի աշխարհից Հայաստան շահելու համար: Այստեղ եւս իմ շահածում փայ-բաժինս «նրանք» ամեն գնով փորձում են, որ կորցնեմ: Չէ, Արծվիկ, ես իմ վաղվա երկրի համար պատրաստ եմ ամեն զոհողության, այս մի անգամն էլ քեզ ամաչել ստիպողների հետ կռիվը քո տեղ, Շենիկի տեղ, Սասնո տեղ ես ու իմ տեսակն է տալիս: Եվ եթե այսօր այդ տեսակից Սարգիսի երկու երեխաները իրենց հոր ճանապարհին սպասող «որբեր» են դարձել, դա էլի ոչ թե իմ, այլ քո ամոթն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել