Հաշված օրեր են մնացել մինչեւ նոր՝ 2009 թվականը: Մեր կյանքից, մեր հոգու օրացույցից կպակասի եւս մեկ տարի, բայց եւ յուրաքանչյուրս կստանանք 365 օր եւ կթեւակոխենք արդեն նոր ու բարի տարին: Նոր տարում, ինչպես ամեն նորի հետ, կապում ենք մեր հույսերի ու ցանկությունների իրականացումը, իհարկե, լավի ակնկալիքով: Իսկ ի՞նչ ենք ակնկալում 2009 թվականից. անշուշտ՝ խաղաղություն, առողջություն, հաջողություններ, բարեկեցություն՝ ի փառս Հայոց պետականության զարգացման, ստեղծագործ եւ բեղմնավոր աշխատանքի: Փորձենք չհիշել, թե անցնող տարին մեզ ինչ թողեց եւ ինչ տարավ: Դիմավորենք Նոր տարին ուրախությամբ ու լավատեսությամբ, հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու, սիրենք ու գնահատենք մերը, ազգայինը, նվիրումով ու համատեղ ջանքերով շենացնենք մեր հանրապետությունը, քաղաքն ու համայնքը:
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Նոր՝ 2009 թվականի գալստյան եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով: Մաղթում եմ առողջ, անհոգ, երջանիկ կյանք՝ լի հաճելի անակնկալներով ու ձեռքբերումներով:
Շնորհավորում եմ նաեւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին, թող որ պանդխտացած մեր հայորդիները հավատով եւ վստահաբար վերադառնան հայրենիք՝ շենացնելու եւ հզորացնելու վճռականությամբ:
Թող ոչ միայն 2009 թվականին, այլեւ այսուհետ ձեր ապրած ամեն մի օրը արարումի վայելք լինի եւ ամրապնդվի հավատը գալիքի նկատմամբ: Թող ձեր տներում խնդություն լինի, մանկական զվարթ ճիչ ու ծերունու իմաստուն խոսք: Տարին ազատ, անկախ, միացյալ եւ վերջնական հաստատման ժամանակաշրջան լինի բոլոր ոլորտներում: Շարունակենք սկսած գործերը, զարգացնենք ու ընթանանք առաջ:
Այս բոլոր բարեմաղթանքները, բնականաբար, ուղղում եմ նաեւ իմ սիրելի արաբկիրցիներին, քանզի ղեկավարն եմ Արաբկիր համայնքի եւ, ամենայն պատասխանատվությամբ, հավատարիմ մնալով իմ կարգախոսին, խոստանում եմ, որ հնարավորինս աշխատելու եմ փոքրիշատե թեթեւացնել նրանց հոգսերն ու խնդիրները, նպաստել նրանց բարեկեցիկ կյանքի ապահովմանը: